Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Հակոբյանը վարպետս է, իսկ Երվանդ Ղազանչյանը՝ մե՜ծ վարպետս»

Նոյեմբեր 11,2016 12:30

Երիտասարդ արվեստագետը՝ թատրոնի ու իր նոր ներկայացման մասին

Թատերական աշխարհում մշտապես բանավեճի թեմա է ծագում, երբ բեմադրություն է իրականացնում դերասանը:

Օրերս կամերային երաժշտական թատրոնում Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիայի պրեմիերան էր, ռեժիսորն էլ երիտասարդ, բայց արդեն ճանաչված դերասան Արմեն Մարգարյանը, որը նաեւ հանդես է գալիս գլխավոր դերերից մեկի՝ Ես-ի կերպարում:

armen_margaryan_1

Տեսարաններ «Տունը սահմանի վրա» ներկայացումից:

Մասնագետներն ասում են՝ միայն այն հանգամանքը, որ ռեժիսորը Մրոժեկի երբեմնի հեռուստասերիալի համար իբրեւ սցենար գրված «Տունը սահմանի վրա»-ին կարողացել է հաջողությամբ «միքսել» նույն հեղինակի «Դիմանկար» պիեսից եւ էլի մեկ-երկու պատմվածքներից հատվածներ, արդեն խոսուն փաստ է նրա ռեժիսորական «աչքի» մասին: Բեմադրության մեջ ընդգրկված երիտասարդ դերասաններն էլ են համոզիչ խաղացել: Ավելին, Արմեն Մարգարյանը հեղինակն է նաեւ բեմադրության երաժշտության, ինչը համահունչ է սցենարին:

armen_margaryan_2
Մենք էլ մեր հերթին նշենք, որ ծանոթ ենք Արմեն Մարգարյանի բազում գլխավոր դերերին: Առանձնացնենք մեկ-երկուսը՝ կոմեդիայի թատրոնում Երվանդ Ղազանչյանի բեմադրություններում Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացման մեջ Չարենցի կերպարը, ըստ Սունդուկյանի «Էլի մեկ զոհի»՝ «Ձեր աստվածը փողն է» բեմադրությունում Միքայելը… բոլորը չես թվարկի: Հաջողված էր նրա դոկտոր Նիկոլիչի կերպարը Բրենիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհին» աշխատանքում եւ, եթե չենք սխալվում՝ առաջին դերը՝ Դուքս Օրսինոն՝ Շեքսպիրի «12-րդ գիշերում»: Նշենք նաեւ, որ դերասանի ռեժիսորական առաջին աշխատանքը, ինչը նա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում, եղել է 2011թ. Կամերային երաժշտական թատրոնում՝ «Գեղեցկուհին եւ հրեշը» մանկական երաժշտական ներկայացումը՝ ըստ ֆրանսիական ժողովրդական հեքիաթների: Ի դեպ, այսօր էլ այն խաղացանկում է: Խաղացանկում է նաեւ դերասանի մասնակցությամբ դեռեւս թատերականում ուսանելու տարիներին Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը»՝ Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով: (Արմեն Մարգարյանը ինստիտուտում ուսանել է Սոս Սարգսյանի արվեստանոցում, ասիստենտներ Հակոբ Հակոբյանի եւ Ջեմմա Մարտիրոսյանի ղեկավարությամբ):

armen_margaryan_3
Հարցին, թե կամերային երաժշտական թատրոնը ժանրային մշակութային օջախ է, ինքը մտադրություն ունի՞ անդրադառնալ, ասենք, մյուզիքլի ժանրին, Արմեն Մարգարյանը նախ նշեց, թե մեր հանրապետությունում ժանրային թատրոնները երկուսն են՝ օպերային եւ մնջախաղի, հետո էլ պատասխանեց. «Նման գաղափար ունեմ, այս պահին չեմ բարձրաձայնի, բայց միայն կասեմ, որ իսկապես ուզում եմ դիմել մյուզիքլի ժանրին»:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Կամերային երաժշտական թատրոնի շուրջ, չափազանցված չի լինի, եթե ասենք՝ մշտապես շրջանառվող տարաբնույթ խոսակցություններին:

armen_margaryan_5

Այդ առիթով մեր զրուցակիցն ասաց. «Ես պարզապես կխնդրեի տարաբնույթ խոսակցություններ տարածողներին, այդ թվում՝ մեր թատրոնների երեւելիներին, որ այցելեն կամերային երաժշտական թատրոն, դիտեն ներկայացումներ, հետո նոր հայտնեն իրենց մասնագիտական կարծիքները: Միայն մի փաստ. թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը բարեհաճ է երիտասարդ ստեղծագործողների հանդեպ, կարծես յուրատեսակ հարթակ է ստեղծել: Շուրջ մեկ տարվա ընթացքում բեմադրություններ են իրականացրել, օրինակ, Արթուր Սարիբեկյանը՝ «Կրիսպի մկնիկը» մանկական երաժշտական ներկայացումը, երկրորդը իմ աշխատանքն էր՝ «Տունը սահմանի վրա», այս պահին էլ Գոհար Փոքրիկյանը, որը բեմադրություններ է իրականացրել նաեւ Համազգայինում, կոմեդիայի, ռուսական թատրոններում, աշխատում է «Խաղալիքների մոլորակը» ներկայացման վրա»:

armen_margaryan_4
Կեսլուջ-կեսկատակ հարցին՝ ո՞վ է իր վարպետը՝ ռեժիսոր Դավիթ Հակոբյա՞նը, որը պատճառ դարձավ կամերային երաժշտական թատրոնում իր «երեւալուն», թե՞ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, արվեստագետը ժպտալով պատասխանեց. «Դավիթ Հակոբյանը վարպետս է դեռեւս ուսանողական տարիներից, իսկ Երվանդ Ղազանչյանը մե՜ծ վարպետս է»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Միջին մակարդակի ներկայացումներ են բեմադրվում այդ թատրոնում, իսկ Մրոժեկի գործը չէր կարելի քմահաճորեն ավիրել, որովհետև Մրոժեկ չեք՝ ինչ-ինչ բաներ փոխելու համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930