Լրահոս
Օրվա լրահոսը

1000-ական դրամների մասին

Նոյեմբեր 11,2016 12:24

Ապրիլյան պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ողջ հայությունը, այդ թվում՝ 30% աղքատություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, համատարած, մի բռունցք դարձած հանգանակություններ էին անում բանակի եւ մեր բոլորիս կյանքը պաշտպանելիս ընկած մեր հերոսների ընտանիքների ու վիրավոր հերոսների համար: Ինքնակամ ու կամավոր, սիրով եւ գուրգուրանքով:

Երբ հասկացանք, որ 25 տարվա ընթացքում, չնայած իշխանությունների տարբեր առիթներով հնչող բարձրագոչ խոսքերին, բանակը, զինվորները կարիքի մեջ են, բնականաբար, բոլորիս աչքի առաջ հղփացած, ճարպակալած, օլիգարխացած սպայակազմը, բարձրագույն իշխանության մյուս ներկայացուցիչները, նրանց «ֆիրմա» տիկնայք եւ 14-15 տարեկանից սկսած մեքենաներ քշող զավակները հայտնվեցին: Անիծելով եւ փնթփնթալով՝ շարունակեցինք մեր պարտքը կատարել մեր զավակի՝ մեր բանակի առջեւ, հասկանալով, որ այդ օլիգարխներին, նրանց ընտանիքներն ու դղյակներն էլ ենք մենք պահում:

Տարածաշրջանում եկամտահարկի ամենաբարձր սահմանաչափերից մեկն ունեցող երկրի իշխանություններն այսօր որոշել են, որ այդ եկամտահարկը վճարող աշխատողներից պետք է նաեւ ամսական 1000-ական դրամ պարտադիր գումար հավաքեն: Նպատակն, անշուշտ, շատ կարեւոր է. զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին արդարացի փոխհատուցում տալը: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Մեր բոլորիս կյանքը, մեր հայրենիքը, մեր երկիրը պաշտպանելիս ընկածների ու վիրավորվածների առջեւ բոլորս պարտավորություններ ունենք, կյանքով ենք պարտական նրանց:

Սակայն: Ա՛յ, այստեղ է, որ առաջ են գալիս բազում հարցեր, դժգոհություններ եւ բողոքի նոտաներ: Մի երկրում, որտեղ զինվորի հագուստից, անձրեւանոցից, գրպանի լապտերից սկսած մյուս բոլոր մանր-մունր կարիքների համար ծնողը եւ նվիրատվություն անողներն են վճարում, մի երկրում, որտեղ «պաշտոնյա» գրեթե 90%-ով ինքնաբերաբար նշանակում է հարուստ եւ հղփացած, «բանակի գեներալիտետ» նշանակում է ֆեոդալ եւ օլիգարխ, մի երկրում, որտեղ աղքատությունը բնակչության մեկ երրորդի ապրելակերպն է, իսկ 41 հազար դրամ ամսական եկամուտ ունեցողն արդեն աղքատ չի համարվում, մարդկանց չի՛ կարելի պարտադրել որեւէ հանգանակություն:

Չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ չկա՛ որեւէ օրինական հիմք՝ ինքն իրեն իրավական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց օրինական սեփականությունից զրկելու համար՝ աշխատավարձից 1000-ական դրամ պարտադիր կերպով պահելու եղանակով:

Չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ առանց այդ էլ բավականին բարձր հարկ վճարող աշխատողները ծայրահեղ անհավասար դաշտում են գտնվում հսկայական, ըստ վերլուծաբանների՝ 1/3-ի չափով ստվերում գտնվող տնտեսության պարագայում՝ այդ ստվերը յուրացնողների հետ համեմատ, եւ որեւէ լուրջ քայլ՝ ստվերից դուրս գալու, շարքային քաղաքացին չի տեսել եւ չի տեսնում տարիներ ի վեր:

Չի կարելի ոչ միայն այն պատճառով, որ ոտնատակ է արվում սոցիալական արդարությունը՝ 55 հազար դրամ եւ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացողից նույն 1000-ական դրամը պահանջելու դեպքում:

Այդ ամենից բացի՝ չի կարելի դա անել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը առայժմ այն վիճակում է, որ պարբերաբար, կարելի է ասել՝ շատ հաճախ ստիպված է լինում պետության պարտավորությունների դաշտում գտնվող խնդիրների լուծման համար պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դիմել քաղաքացիներին՝ հանգանակություն անելով խնդրանքով՝ սկսած վիրավոր զինվորների բուժման ծախսերի հարցը լուծելու, վերջացրած 28 տարի առաջ երկրաշարժի հետեւանքով անտուն մնացածների համար տուն հայթայթելու կամ ճանապարհներ կառուցելու նպատակով: Պարտադիր ամսական հանգանակություն սահմանելուց հետո որեւէ կամավոր հանգանակության դիմելու բարոյական իրավունք այլեւս չի մնա: Իսկ խնդիրները մեր երկրում շատ են:

Եվ վերջում եւս մի նկատառում. «ազգ-բանակ» ձեւակերպումը շատ գեղեցիկ է, եւ բանակն էլ իսկապես մեր պետության եւ ազգի կարեւորագույն մասն է: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ ընդերքային հարստություն չունեցող, փոխարենը իր կադրային հարստությամբ հպարտացող երկրի համար կրթական համակարգը նույնքան կարեւոր չէ, կամ արդարության ճգնաժամի եւ սոցիալական խնդիրների պատճառով 1-1,5 մլն արտագաղթ գրանցած պետության համար արդարադատության համակարգը վերջապես կայացնելը եւ աղքատության ծավալները կրճատելը նույնպես առաջնահերթ խնդիրներ չեն: Գուցե այս նախաձեռնությունն անցկացնելուց հետո մտածեն ե՞ւս մի քանի հազար դրամ քաղաքացիներից գանձելու մասին՝ վերոնշյալ հարցերը լուծելու համար:

Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կա, որ աշխատող մարդը աշխատավարձ ստանա, երբ պետությունը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները՝ անկախ հավաքած հարկերի քանակից: Թող աշխատավարձերը գնան պետության խնդիրները լուծելու համար, իսկ հավաքած հարկերը՝ իշխանավորներին եւ նրանց ընտանիքները հարստացնելու վրա: Գաղափարի անունն էլ դնենք՝ «ազգ-պետություն-իշխանություն»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Լավ էլ միջոցառում է. գանձեք գումարներ սկսած, ասենք, երեք հարյուր հազար աշխատավարձից
    սահմանելով աճողական սանդղակ: Թող միլիոններ ստացողները, այդ թվում միջոցառման հեղինակը, գոնե այդպես օգտակար լինեն: Ապուշության գագաթնակետն է հավասար գանձման սկզբունքը: ՈՒղղակի ապշել կարելի է, դեռ քննարկումներ չծավալած, մեր համաձայնությունը չստացած արդեն հայտարարում են հատուցումների մասին: Վերջը երբ՞ եք ուշքի գալու:

  2. Անագ says:

    Անհեթեթ առաջարկություններերով բավական է խայտառակեք հայ ժողովրդին: Ի վերջո մենք պետություն ենք, թե օգնություն խնդրող հասարակություն: Ինչ է նշանակում՝ աշխատողից պահել գումար զինվորի համար: Զինվորին երբ պետք է լինում՝ ժողովուրդը պահում է: Մինչև այժմ էլ դուք չէիք պահում զինվորին՝ պետություն ներկայացնողներ: Զինվորին պահում է ծնողը՝ պարտքով, վարկով, աշխատավարձով, ուսուցիչն է պահում, ով տարին երկու անգամ վիճակահանության 2000 դրամանոց տոմս է առնում, որը իբր նախատեսված է բանակի կարիքների համար: Ու Ձեզ խելացի ու ավելի մտածող մի կարծեք: Թալանածը հետ բերեք կամ ամեն մեկդ ձեր տներից ու մեքենաներից մեկը վաճառեք՝ ահա ձեզ բանակը պահելու ձև: Թե չէ՝ 1000 դրամ: 1000-ներ զինվորի հացը գողացողից պահանջեք, բենզինը ծախողից և այլն, և այլն… ինձանից լավ գիտեք, ումից ինչքան կարող եք վերցնել, որի արդյունքում պետությունն էլ, բանակն էլ կապրի:

  3. Քրիստափոր says:

    Կարելի է մրցույթ հայտարարել մտահղացման հեղինակի անվանակոչման վերաբերյալ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930