Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների իշխանությունները լավ չեն պայքարում կոռուպցիայի դեմ

Նոյեմբեր 16,2016 16:36

Թրանսփարենսի Ինթերնեշնլի նոր զեկույցը ցույց է տալիս, որ մարդիկ վախենում են բարձրաձայնել կոռուպցիայի մասին

Բեռլին, 16 նոյեմբերի, 2016թ. – Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի այսօր հրապարակված զեկույցի՝ Եվրոպայի և Միջին Ասիայի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին գտնում է, որ կոռուպցիան հանդիսանում է իր երկրի ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը: Իսկ Մոլդովայում, Իսպանիայում և Կոսովոյում այդպես են կարծում յուրաքանչյուր երեք քաղաքացիներից երկուսը՝ ցույց տալով, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ քայլեր ընդդեմ լիազորությունների չարաշահման և գաղտնի գործարքների:

Տարածաշրջանի հարցված քաղաքացիների մոտավորապես մեկ երրորդը վստահ է, որ իրենց երկրների պետական պաշտոնյաները և պատգամավորները մեծապես կոռումպացված են, իսկ այդ նույն հարցվածների մեծամասնության կարծիքով իրենց իշխանությունները չեն ձեռնարկում բավարար ջանքեր կոռուպցիան կանգնեցնելու համար:
Հարցվածների ավելի քան կեսը (Եվրամիության (ԵՄ) երկրներում՝ 53 տոկոս, ԵՄ անդամակցման թեկնածու երկրներում՝ 53 տոկոս և ԱՊՀ երկրներում՝ 56 տոկոս) նշել է, որ իրենց երկրների իշխանության փորձերը կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ տապալվել են: Առավել վատ գնահատականներ իրենց քաղաքացիների կողմից ստացել են Ուկրաինայի (86 տոկոս), Մոլդովայի (84 տոկոս), Բոսնիա և Հերցեգովինայի (82 տոկոս) և Իսպանիայի (80 տոկոս) իշխանությունները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկա հարցման մեջ ընդգրկվել են Եվրոպայի և Միջին Ասիայի 42 երկրների մոտավորապես 60,000 քաղաքացիներ, որոնց՝ կոռուպցիայի հետ իրենց առօրյա կյանքում առնչվելու փորձը ներկայացված է Մարդիկ և Կոռուպցիան. Եվրոպա և Միջին Ասիա (տես https://www.transparency.org/whatwedo/publication/7493 ) զեկույցում: Զեկույցը հանդիսանում է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի շարքի հրապարակումներից մեկը:

Հանրային ծառայություններից օգտվելիս, միջին հաշվով, յուրաքանչյուր վեցերորդ հարցված վճարել է կաշառք: ԵՄ անդամ երկրների մեծ մասում այդպիսիք քիչ են եղել, իսկ ԵՄ-ից դեպի արևելք այդ թվերը աճում են: Կաշառք տվածների տեսակարար կշիռն առավել բարձր է Տաջիկստանում (50 տոկոս), Մոլդովայում (42 տոկոս), Ադրբեջանում և Ղրղզստանում (38-ական տոկոս), Ռուսաստանում (34 տոկոս): ԵՄ անդամներից նման կարգի երկրներ են Ռումինիան (29 տոկոս) և Լիտվան (24 տոկոս):
Առավել բարեկեցիկ երկրներում հարցվածների համարյա երկու երրորդը (65 տոկոս) գտնում է, որ հարուստներն ունեն չափազանց մեծ ազդեցություն իրենց երկրների քաղաքականության վրա: ԵՄ անդամակցության երկրներում այդ թիվը կազմում է 44 տոկոս, իսկ ԱՊՀ երկրներում՝ 46 տոկոս: Այս առումով ԵՄ երկրների շարքում առավել բարձր են տոկոսները Իսպանիայում (88 տոկոս), Պորտուգալիայում (85 տոկոս), Ֆրանսիայում (79 տոկոս), Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում (77-ական տոկոս):
Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ, պարոն Խոսե Ուգազը նշում է. «Կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է ողջ Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանում: ԵՄ երկրներում շատ քաղաքացիներ տեսնում են, թե ինչպես են հարուստները և նրանք, ովքեր գտնվում են իշխանության մեջ, իրենց շահերի օգտին աղավաղում համակարգը: Իշխանություններն ուղղակի բավարար քայլեր չեն ձեռնարկում՝ սանձելու կոռուպցիան, քանի որ վերևում գտնվող անձինք դրանից ունեն մեծ օգուտներ: Հարստության, իշխանության և կոռուպցիայի միջև այս խորապես անհանգստացնող հարաբերություններին վերջ տալու համար իշխանությունները պետք է ապահովեն թափանցիկության ավելի բարձր աստիճան, ներառյալ՝ նրանց առումով, ովքեր տնօրինում կամ վերահսկում են ընկերություններ ըստ իրական սեփականատերերի հանրային ռեգիստրների:»

«Իշխանության բուրգի գագաթին գտնվող կոռումպացված վերնախավերին և օլիգարխներին դժվար է տապալել: Բայց մենք տեսել ենք, որ դա կարելի է անել, եթե մարդիկ միասնական են՝ իրենց առաջնորդներից ավելի բարձր չափանիշներ պահանջելու հարցում, և դատական համակարգն անկախ է և կարող է այդ կոռումպացված առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»- եզրափակում է պարոն Ուգազը:

Կոռուպցիայի դեմ պայքարն արգելակող առանցքային խնդիր է մնում այդ չարիքի դեմ բարձրաձայնող քաղաքացիների պաշտպանության անբավարար մակարդակը: Եվրոպայի և Միջին Ասիայի հարցվածների 30 տոկոսը նշել է, որ կոռուպցիոն հանցագործությունների մասին չհայտնողների աճող թվերը պայմանավորված են այն հանգամանքով, որ իրենք վախենում են հաշվեհարդարից: Դրա մասին հայտնող հինգ անձանցից (ազդարարներից) երկուսը նշել են, որ իրենք դրա հետևանքով տուժել են:
Հասարակության ներսում առկա է նաև բացասական վերաբերմունք այդպիսի անձանց նկատմամբ: Մասնավորապես, ԱՊՀ երկրներում հարցվածների միայն մեկ քառորդն (27 տոկոս) է գտնում, որ կոռուպցիոն հանցագործության մասին հայտնելը սոցիալապես ընդունելի վարքագիծ է:

Քիչ է նաև այն քաղաքացիների թիվը, ովքեր զգում են, որ իրենք կարող են օգտակար լինել՝ կանգնեցնելու կոռուպցիան իրենց երկրներում: ԵՄ երկրներում հարցվածների կեսից պակասն է (47 տոկոս) գտնում, որ իրենք զգում են, որ կարող են դերակատարում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ թիվն էլ ավելի է նվազում, երբ դիտարկում ենք ԱՊՀ երկրները (31 տոկոս):

Թրանսփարենսի Ինթերնեշնլը առաջ է քաշում չորս առանցքային առաջարկություն՝ նպաստելու քաղաքական կոռուպցիայի նվազմանը և զերծ պահելու կոռուպցիայի դեմ բարձրաձայնողներին իրենց նկատմամբ հաշվեհարդարից: Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների իշխանությունները պետք է.

• Սահմանեն լոբինգի ավելի թափանցիկ կանոններ և ունենան լոբինգի ռեգիստրներ, որպեսզի ավելի հասկանալի լինեն քաղաքական որոշումների ընդունման շարժառիթները:
• Ապահովեն դատական իշխանության անկախությունը, մասնավորապես, ԵՄ անդամակցության թեկնածու երկրներում և ԱՊՀ երկրներում: Այդ նպատակով պետք է նվազեցնել գործադիր իշխանության ազդեցությունը նրա վրա և ներդնել դատավորների նշանակման, տեղափոխման, առաջխաղացման և ազատման թափանցիկ և անաչառ մեխանիզմներ:
• Ընդունեն և կիրարկեն ազդարարների պաշտպանության համապարփակ օրենսդրություն:
• Աջակցեն ազդարարներին և կոռուպցիոն հանցագործությունների մասին բարձրաձայնողներին և ապահովեն նրանց կողմից բարձրաձայնված հանցագործությունների պատշաճ արձագանքումը և հետաքննությունը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930