Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ Գյումրու կրակոցների ու թիվ 23 դպրոցում սննդի հափշտակման դեպքի մասին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 21:12

Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն պաշտոնական կայքում տեղադրվել էր տեղեկատվություն, համաձայն որի Գյումրու ոստիկանության Մուշ բաժնում տվյալներ են ձեռք բերվել Գյումրու հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափի յուրացում կատարելու վերաբերյալ։

Դատախազության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակմանը։ Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով:

Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր որոշակի մանրամասներ ներկայացրեց այս դեպքի մասին։ «Նոյեմբերի 7-ին և 8-ին Գյումրի քաղաքի մի շարք բնակիչներ ոստիկանության Շիրակի մարզային Մուշի բաժնում հանցագործության մասին հաղորդում են տվել այն մասին, որ իրենց երեխաները, ընդգրկված լինելով ներառական ծրագրի մեջ, չեն ստացել հասանելիք սննդի փաթեթը։

Նշված հանցագործության առիթ հանդիսացող հաղորդումների հիման վրա կոնկրետ նույն բաժնում նախապատրաստվել են նյութեր և բավարար տվյալների, այսինքն` նյութերի առկայության պայմաններում 2016 թվականի նոյեմբերի 14-ին Շիրակի մարզի դատախազության դատախազ Արթուր Նահապետյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի պահանջներով հարուցվել է քրեական գործ։ Եվ նշված քրեական գործը իմ հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար։ Այսքանը կարող եմ հայտնել նշված քրեական գործի վերաբերյալ։ Կա նախաքննության գաղտնիության սկզբունք և այդ սկզբունքի պահանջներից ելնելով՝ չեմ կարող այլ տվյալներ հայտնել»,- ասաց դատախազը։

Լրագրողներից մեկը, որն արդեն զրուցել էր թիվ 23 դպրոցի տնօրենի հետ, դատախազից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է նրա դեմ բողոքները լինեն սարքովի, խրատ տված, երրորդ ուժի մասնակցությամբ, քանի որ տնօրենը հայտարարում է, որ ինքը որևէ չարաշահում չի կատարել։ Կարեն Գաբրիելյանն ասաց․«Բացառվում է․ հաղորդում տված անձանց նկատմամբ որևիցե անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքի վերաբերյալ նման տեղեկություններ չունենք, անձինք իրենց կամքով տվել են հաղորդում»։

Իսկ թե գումարային ի՞նչ չարաշահման մասին է խոսքը, դատախազն ասաց, որ կպարզեն համապատասխան մասնագիտական ստուգումների և փորձաքննության եզրակացության արդյունքներով։

Իսկ Գյումրու «Եռանկյունի» ռեստորանում հնչած կրակոցների վերաբերյալ Կարեն Գաբրիելյանը պարզաբանեց հետևյալը․«Ինձ՝ որպես մարզի դատախազի, զեկուցվել է հետևյալը, որ ոստիկանության Կումայրի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի քանի օր առաջ կոնկրետ «Եռանկյունի» ռեստորանի տարածքում կամ նշված ռեստորանում եղել են վիճաբանություններ, որի ընթացքում հնչել են կրակոցներ։ Այդ կապակցությամբ, նաև իմ հանձնարարությամբ ոստիկանության համապատասխան բաժինն այս պահին կատարում է ստուգողական աշխատանքներ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ներկա փուլում որևիցե տվյալ ձեռք չի բերվել կրակոցներ հնչելու ուղղությամբ»։

Ըստ դատախազի, իրականացվում են արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930