Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ենք, Թրամփն ու Պուտինը

Նոյեմբեր 18,2016 12:00

Ռուս-ամերիկյան հարաբերություններում «ռեսթարթ» կլինի՞

Լարված, սեւ PR-ով համեմված ամերիկյան ամենակոպիտ նախագահական քարոզարշավն այլեւս պատմություն է: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահական ընտրությունները տարաբնույթ մեկնաբանությունների ու կանխատեսումների առիթ դարձան: Նախեւառաջ արժե արձանագրել, որ սա ամերիկացի հասարակության որոշումն էր, ԱՄՆ-ը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարության բնօրրան է` ընտրական համակարգը այնպիսի վստահություն է ներշնչում, որ պարտված թեկնածուն հարգանքով զանգահարում, ընդունում է իր պարտությունը, շնորհավորում է հաղթած թեկնածուին: Հետեւաբար ԱՄՆ-ը հերթական անգամ տոնեց ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու իր 240-ամյա ամուր ժողովրդավարության ավանդույթը:

Թրամփն անկասկած կլինի բոլոր ամերիկացիների նախագահը, ինչպես եւ նշեց ընտրության արդյունքների ի հայտ գալուց ընդամենը ժամեր անց` հայտարարելով, որ եկել է պառակտումներից առաջացած վերքերը բուժելու, համախմբվելու ժամանակը: Թրամփը քարոզարշավի ընթացքում խոստացել էր դյուրացնել կամ վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, նույնիսկ ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը: Թրամփը նույնիսկ հայտարարել էր, թե Պուտինն «ուժեղ առաջնորդ է»: Սակայն շատերը չեն հիշում, որ նույն Թրամփն արձագանքելով Ռուսաստանի գործողություններին Սիրիայում՝ ասել էր, թե պետք է խոցել ռուսական օդանավերը:
Այսօր Պուտինը ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները մեղմելու ու կառուցողական հարաբերություններ զարգացնելու հույս է հայտնում. «Մենք տեսանք, որ Դոնալդ Թրամփը քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա հեշտ գործ չի լինի, բայց ամեն դեպքում Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր հատվածը: Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը դրականորեն կազդի միջազգային հարաբերություններում առկա ողջ մթնոլորտի վրա»:

Արդյոք Թրամփը կհամաձայնվի՞ Ռուսաստանին ընձեռել մեծ ազդեցություն հետխորհրդային տարածքում, եւ մեզ առաջիկայում սպասվո՞ւմ է ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացում: Այս հարցը շատերին է հետաքրքրում: Բայց մի՞թե Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները վատթարացել էին ԱՄՆ-ի պատճառով կամ մեղքով, ու հիմա Թրամփը պետք է դրանք կարգավորի:

Ի՞նչ էին անում 2010թ. հունիսին ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Օբաման ու Մեդվեդեւը Վաշինգտոնում` 2008-ի ռուս-վրացական պատերազմից գրեթե 2 տարի անց: Նրանք Սպիտակ տանը պաշտոնական հանդիպումից հետո միասին համբուրգեր էին ուտում ու կոկա-կոլա խմում Ray՚s Hell Burger սրճարանում, որի հաճախորդները աղմուկով ու ծափահարություններով ողջունել էին երկու նախագահներին։ Օբամայի ու Մեդվեդեւի այդ օրվա լուսանկարները օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ աշխարհի լրատվամիջոցների կայքերում ու թերթերի առաջին էջերին էին: Այն ժամանակ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ Պուտինի վերադարձը եւ հետխորհրդային երկրների նկատմամբ քաղաքականությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման է հանգեցնելու:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները միակողմանիորեն չեն մեղմանա Թրամփի նախաձեռնությամբ, որքան էլ նա հայտարարի, որ արդար է լինելու բոլոր երկրների հետ փոխհարաբերություններում: Պուտինի քայլերը նաեւ պետք է նպաստեն այդ հարաբերությունները հարթելուն: Եթե անգամ Թրամփ-Պուտին հարաբերություններում որոշակի ջերմություն կամ «կառուցողականություն» նկատվի, դա Պուտինին չի ընձեռի այն «ազատությունը», որը նա ձգտում է ունենալ:

Թրամփը Հայաստանից անհրաժեշտ «մեսիջներ» պետք է ստանա

Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն այս տարի նշելիս կարող ենք փաստել, որ ԱՄՆ բոլորը վարչակազմերը Հայաստանի հետ հարաբերությունները տարել են զարգացման հունով, եւ հաստատված հարաբերությունները կշարունակեն ամուր մնալ նաեւ Թրամփի օրոք: ԱՄՆ-ը կշարունակի մնալ կայուն գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար: Անկախության հաստատումից ի վեր՝ 25 տարիներին ԱՄՆ-ը Հայաստանի խոշոր աջակիցներից է: ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերը Հայաստանում զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել են երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի: Ընդհանուր առմամբ 1991-ից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին ցուցաբերված օժանդակությունը կազմում է 2.18 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, 1998թ. սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին:

Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները, ԱՄՆ-ի լոբբիստական կառույցները աշխատանք չպետք է տանեն հանրապետականների, Թրամփի նոր վարչակազմի հետ: Ոչ միայն եղածը պահպանելու, այլեւ հայ-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար հետեւողական աշխատանք է պետք իրականացնել` ի շահ Հայաստանի եւ Արցախի: ԱՄՆ-ը կարեւորում է տարածաշրջանում Հայաստանի դերը եւ Հայաստանից արդեն անհրաժեշտ պատասխան «մեսիջներ» պետք է ստանա: Առավել կարեւոր է պահպանել ԼՂ խնդրում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը` ջանքեր գործադրելով Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Լինելով ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ՝ Հայաստանի իշխանությունները պետք է անեն ավելին, որպեսզի ընկալելի լինեն, եւ իշխի այն համոզմունքը, որ Հայաստանն իսկապես վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն գործնականում, այլ ոչ թե հավաստիացումներով ու հայտարարություններով:

Վրաստանում եւ Ադրբեջանում Թրամփի չստացված բիզնեսները

Հարավային Կովկասի մասին Թրամփի պատկերացումներն ու նրա կողմից վարվող ապագա քաղաքականությունը առավելապես «չափվեցին» Վրաստանում եւ Ադրբեջանում նրա ունեցած բիզնես-ծրագրերով: Միլիարդատեր Դոնալդ Թրամփը չորս տարի առաջ 2012թ. գարնանն այցելել է Հարավային Կովկաս, երկու օր անցկացրել Վրաստանում՝ Թբիլիսիում եւ Բաթումում: Թրամփը մտադիր էր «Թրամփթաուեր» անվանմամբ հայտնի բարձրակարգ երկնաքեր հյուրանոց կառուցել Բաթումում: Այն պետք է պատրաստ լիներ 2013-ին: Նույն թվականի մարտին Թրամփը Նյու Յորքում պայմանագիր էր ստորագրել, ըստ որի` Վրաստանում պետք է կառուցվեին երկու շենքերը, որոնք ամենաբարձրը պիտի լինեին երկրում: Նշվում էր, որ երկու օբյեկտների շինարարությունը կարժենա 250 միլիոն դոլար: 2012-ի ապրիլին Թրամփը Վրաստանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանեց «արտասովոր առաջնորդ, ում մասին խոսում է ամբողջ աշխարհը», իսկ Սաակաշվիլին Թրամփին շնորհեց Փառքի շքանշան:

trump_saakashvili-2

Սակայն այդ հյուրանոցները դեռեւս չեն կառուցվել: Այսօր Վրաստանի նախկին նախագահը մեղադրում է երկրի գործող իշխանություններին՝ նշելով, որ Թրամփը պատրաստ էր ահռելի ներդրումներ անել Բաթումում, սակայն այդ ամենը դադարեցվեց. «Մենք կարող էինք լինել այն երկրներից մեկը, որտեղ ԱՄՆ նախագահն ուղիղ ներդրում արած կլիներ: Բայց ամենակարեւոր հարցում խլեցին երկրի հույսն ու հեռանկարը»:

Ադրբեջանում եւս «Թրամփթաուերը» գործունեություն ծավալեց. 2015-ին ավարտվեց «Թրամփթաուեր» հյուրանոցի կառուցումը Բաքվում: Դրա կառուցման աշխատանքներին հետեւել էր անձամբ Թրամփի դուստրը` Իվանկա Թրամփը, որը Բաքու էր ժամանել: Սակայն ըստ ադրբեջանական կայքերի` Բաքվում կառուցված հյուրանոցի պաշտոնական բացումն այդպես էլ տեղի չի ունեցել, եւ պարզ չէ առհասարակ, թե երբ այն տեղի կունենա, ավելին` այդ հյուրանոցի վերաբերյալ տեղեկատվությունը հանվել է Թրամփի կայքից, իսկ Ադրբեջանից էլ որոշակի դժգոհություններ են հնչում Թրամփի` մահմեդականների մուտքը ԱՄՆ արգելելու վերաբերյալ արված հայտնի հայտարարությունից հետո: Հայտնի է, որ Թրամփը կապեր է ունեցել Իլհամ Ալիեւի նախկին խնամու` ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարար Արազ Աղալարովի ընտանիքի հետ:

Օրերս էլ ռուսական հեռուստաալիքները երեկոյան եթերում ժամանակ էին հատկացրել Արազ Աղալարովի որդու` երգիչ Էմին Աղալարովի հետ հարցազրույցին, ցուցադրում էին երգչի այն տեսահոլովակը, որում նկարահանվել էր հենց Թրամփը, իսկ երգիչը պատմում էր Թրամփի հետ «ընկերության» ու «բարեկամության» մասին: Ռուսաստանյան քարոզչամեքենայի հրճվանքը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ ռուսները, հավանաբար, հույսեր են փայփայում Թրամփի հետ շփումներ հաստատել Աղալարովի ընտանիքի միջոցով:

Ինչ վերաբերում է Ալիեւի ակնկալիքներին ԱՄՆ նորընտիր նախագահից, ապա այստեղ անմիջապես աչքի ընկան կոնկրետ սպասումներ… Հիմք ընդունելով Թրամփին ուղղված Ալիեւի շնորհավորական ուղերձի մեծ մասը ԼՂ խնդրին նվիրելն ու Հայաստանից բողոքելը՝ արդեն իսկ պարզ է, թե ինչ ակնկալիքներ նա ունի ամերիկյան նոր վարչակազմից: Ալիեւի «մռմռոցը» լիովին հասկանալի է, քանի որ Օբամայի վարչակազմը վստահաբար Ալիեւի համար «լավագույններից» չէր: Օբամայի իշխանության տարիներին էականորեն բարդացան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, իսկ Ղարաբաղի հարցում պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունն Ադրբեջանում համարում են հայամետ. բավական է հիշել վերջերս Ալիեւի բողոք-խոստովանությունն այն մասին, թե կուլիսներում իրենից «պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», արդեն իսկ կարելի է հասկանալ, թե ինչու է այդքան ջղաձիգ Ալիեւը: Ըստ ամենայնի, Ալիեւը Թրամփից ադրբեջանանպաստ դիրքորոշում է ակնկալում ԼՂ կարգավորման գործընթացում, այնպիսի աջակցություն, որը նա այդպես էլ Օբամայի վարչակազմից չստացավ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930