Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նախկին ոստիկանապետը, որին ԳԱԼԱ-ի հիմնադիրը դատի է տվել, արտագաղթել է Ղրիմ

Նոյեմբեր 21,2016 19:35

Գյումրու նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, որը վերջին 4 տարիներին դարձել էր Սամվել Բալասանյանի թիմի հավատարիմ անդամներից մեկը, գլխավորում էր քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժինը, (այն հատուկ ստեղծվել էր նրա համար), հոկտեմբերի 28-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որը Գյումրու քաղաքապետարանում այսպես ասած բաժինների օպտիմալացում է տեղի ունենալու, համատիրությունների մոնիտորինգի բաժինը միավորվելու է համայնքային գույքի կառավարման ու հաշվառման բաժնին, մենք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Աստարյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե Շիրակ Շահնազարյանի աշխատանքից ազատվելը կապված չէ հենց այս հանգամանքի հետ։ Աշխատակազմի ղեկավարը փոխանցեց, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախքան ավագանու նիստը, այսինքն` նախքան բաժինների վերամիավորման մասին որոշում կայացնելը։ Նա դիմում է ներկայացրել հոկտեմբերի 28-ին, որը ստորագրվել է նոյեմբերի 1-ին։

Նշենք, որ Շիրակ Շահնազարյանը Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բավական ակտիվ էր, նա էր ստանձնել Սամվել Բալասանյանի մրցակիցներին այսպես ասած` «տեղը դնելու» բարդ գործը, մասնավորապես թունդ կռվի մեջ էր մտել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ։

Այս հանգամանքը մեզ կասկածի տակ գցեց, թե ինչո՞ւ պիտի ընտրապատերազմի մեջ մտած Շիրակ Շահնազարյանը ընտրություններից հետո ինքնակամ լքեր իր պաշտոնը։ Շիրակ Շահնազարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հարազատներից մեկը մեզ փոխանցեց, որ նախկին ոստիկանապետը շուտ էր ուզում պաշտոնաթող լինել, նա Ղրիմում բիզնես ունի, սեփական հյուրանոց, հետևաբար և որոշել է գնալ ու զբաղվել իր բիզնեսով։ Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանից էլ չհերքեցին, որ նրա հեռանալու պատճառը արտերկրում բիզնես ունենալն է։

Նշենք, սակայն, որ ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանը իրեն զրպարտելու ու վիրավորելու համար հայց է ներկայացրել Շիրակ Շահնազարյանի դեմ։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Վահան Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը, ԳԱԼԱ կուսակցության հիմնադիրը Շիրակ Շահնազարյանից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը և ներողություն խնդրել հանրահայտ նյութում արած արտահայտության համար։ Խոսքը Fact.am կայքում 29.08.2016 թվականին հրապարակված «Նախկին ոստիկանապետը բացահայտում է ԳԱԼԱ-ի թեկնածու Վահան Խաչատրյանի անցյալը» վերտառությամբ հոդվածի մասին է, որտեղ Շիրակ Շահնազարյանն ասել էր, թե «ԳԱԼԱ-ի տիրոջ ստորությունն ինձ համար նորություն չէ, հիմա շատ չեմ ուզում ծավալվել, ասեմ ընդամենը, որ ջահել ժամանակներից նա մեր հաճախորդն է եղել և հիմա վրեժ է լուծում այն ստորացումների համար, որ երևի կրել է, երբ գալիս էր իր ընկերների մասին բաներ պատմելու: Առայժմ այսքանը, եթե չի հասկանա, կասեմ ավելին»:

Նախկին ոստիկանապետի՝ նման կերպ արտահայտվելու պատճառը, թերևս, եղել էր ԳԱԼԱ-ի հրապարկումներից մեկը Շիրակ Շահնազարյանի կնոջ մասին, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցները փաստել էին, թե տիկինը չորս տարի շարունակ Գյումրու քաղաքապետարանից աշխատավարձ է ստացել, ամիսը 80 հազար դրամ, սակայն այդ կառույցում նրան տեսնող չի եղել։

Ինչևէ, ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանը Շիրակ Շահնազարյանից որպես բարոյական վնասի հատուցում գումար չի պահանջում, դատը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Պետք է ենթադրել, որ Շիրակ Շահնազարյանի Գյումրիից հեռանալու պատճառը հենց սա է, դատական քաշքշուկների մեջ հերթական անգամ չհայտնվելը։

Հիշեցնենք, որ Գյումրու ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ընդհուպ մեղադրվել է ՌԴ քաղաքացիություն ունեցող իր որդու համար ՀՀ կեղծ անձնագիր հանելու մեջ։ Այս ոստիկանապետի կենսագրությունը հետաքրքրիր է նաև նրանով, որ վերջինիս պարբերաբար պաշտոնազրկում ու նորից պաշտոնի էին նշանակում։ Նրան վերջին անգամ ոստիկանության համակարգից հեռացրեցին 2012 թվականին՝ Գյումրու քաղաքացիներից մեկին` Գրիգոր Վարպետյանին ժամանակավոր պահպանման խուց գցելու, շուրջ 7 ժամ ապօրինի պահելու ու ռետինե մահակով մի լավ ծեծելու համար: Բանն այն է, որ Վարպետյանի որդին երթևեկության կանոնների խախտում էր թույլ տվել ու որդու փոխարեն «սխալվել», ոստիկանություն էր ներկայացել հայրը։ Այդ նույն ընթացքում նրա դեմ բողոք էր ներկայացրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության աշխատանքները մարզպետարանի դիմաց խոչընդոտելու, առևտրականների բողոքի ակցիան նկարահանել չթույլատրելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930