Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը փոխելու պատրաստ սերունդ ունենք. երբ անհատական խիզախությունն ազատում է կարծրատիպերից

Նոյեմբեր 24,2016 17:07

Վերջերս հայաստանյան դպրոցներում և բուհերում անցկացված շարադրությունների մրցույթը, որի հիմնական թեմաներն էին ազատության, իրավունքի, սեռերի իրավահավասարության, կարծրատիպային մտածելակերպի և հավասարության գաղափարների ընկալումները, հետաքրքիր տեսանկյունից բացահայտեց նոր սերնդի պատկերացումներն ու մոտեցումները:

Մրցույթի նախաձեռնող «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» (ԲՀՀ) կազմակերպության կողմից դպրոցահասակ երեխաներին մտքերի շարադրման համար առաջարկվել էր «Մասնագիտության ընտրություն. իգական թե՞ արական» թեման, իսկ բուհերի ուսանողներին՝ «Արդյոք անազատ անձը կարո՞ղ է դաստիարակել ազատ քաղաքացի»: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել էր 35 պատանի՝ 18 դպրոցական և 17 ուսանող:

Մրցույթի կազմակերպիչների ու ժյուրիի անդամների համար երիտասարդների առաջադեմ, իրավագիտակից մտածելակերպը ոչ միայն զարմացրել է, այլ նաև հույս ներշնչել որպես նոր սերնդի հանրային գիտակցության փոփոխման կարևոր ցուցիչ:

«Այս մրցույթը նախաձեռնելիս՝ մեզ համար շատ կարևոր էր հասկանալ երիտասարդների և պատանիների պատկերացումները մարդու իրավունքների, ազատությունների վերաբերյալ, վեր հանել նրանց մտահոգություններն ու սպասելիքները՝ որպես հասարակության շատ կարևոր մաս: Կանանց իրավունքների և ազատությունների թեման մեր հասարակության մեջ ոչ միանշանակ ընկալում ունի: Մեր նպատակներից մեկն էլ ավագ դպրոցների աշակերտների և ուսանողների շրջանում այս գաղափարների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, նրանց գնահատականը պարզելն էր, ինչպես նաև՝ արդյունավետ երկխոսություն ծավալելը»,- ներկայացնում է Դավիթ Ամիրյանը` հավելելով.

««Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր ունի՝ ուղղված հանդուրժող և բարեկեցիկ հասարակության ձևավորմանը, մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացմանը և խտրական վերաբերմունքի նվազեցմանը: Տարբեր են ինչպես այս ծրագրերի իրականացման ձևերը՝ սեմինարներ, թրեյնինգներ, իրազեկվածության բարձրացմանն ուղղված ակցիաներ, այնպես էլ՝ դրանց թիրախները: Այս նախաձեռնությունը Հիմնադրամի համար նոր միջոց էր երիտասարդ սերնդի հետ շփվելու տեսակետից»:

Դպրոց

Մասնագիտության ընտրությունը, ըստ էության, առաջին ինքնուրույն և կարևոր որոշումն է: Այս հարցում հավասարության, ազատ ընտրության, կարծրատիպերի ու խտրականության վերաբերյալ դպրոցահասակ 18 երեխաների շարադրությունների վերլուծությունը թվում էր՝ բարդ կլինի, սակայն գործնականում պարզվեց՝ այդպես չէ. կաղապարը մեկն էր: Բոլոր շարադրություններում խոսվում էր այն մասին, որ հասարակության մեջ կան ձևավորված որոշակի կարծրատիպեր՝ այս կամ այն մասնագիտության՝ կանացի կամ տղամարդկային լինելու վերաբերյալ, այն մասին, որ այդ կարծրատիպերը ստիպում են շատ երիտասարդների հրաժարվել իրենց երազանքներից և այլն: Մինչդեռ, բոլոր հեղինակները խոստովանում են՝ իրենց դեպքում այդ կարծրատիպերը չեն գործել, իրենք ազատ են ու պատրաստ պայքարելու հասարակության կողմից առաջ քաշված քարացած մոտեցումների և կաղապարների դեմ:

«Ուղղակի զարմացած եմ, որ այս տարիքի պատանիների շրջանում այսքան հստակ է սեփական իրավունքների, ազատության ու հավասարության գաղափարների ընկալումը: Վստահ եմ, որ նրանք այս գաղափարներով առաջնորդվելու են իրենց ողջ կյանքում: Ազատ կամարտահայտման, հավասարության ու ազատության համար պայքարելու պատրաստակամությունը, այն դրական էներգիայում ըմբոստությունը, որ դրսևորվում էր նրանց շարադրություններում, իհարկե, ոգևորում է, բայց նաև պարտավորեցնում՝ ստեղծել մի երկիր, մի հասարակություն, որում այս երիտասարդների սպասելիքները կարդարանան: Ցավոք, սա մեկ- երկու կազմակերպությունների կամ հիմնադրամների ուժերից վեր է, այստեղ անելիք ունի պետությունը: Պետությունը պետք է հասկանա, որ հավասարության ու ազատության գաղափարների վրա միայն կարելի է ուժեղ սերունդ կրթել»,- ասում է Դավիթ Ամիրյանը:

davit-amiryan1

Մաքսիմալիզմը առավել գրավիչ է հենց այս տարիքում, ասպետական երազանքների, աշխարհը փոխելու ու ինչ-որ կարևոր բան անելու ռոմանտիզմը, սակայն, չի կարող իրականացվել կաղապարների մեջ: Կարծրատիպերից ազատվելու մասին տեքստերը, հիմնականում, կառուցված են կաղապարային ձևակերպումների, ասացվածքներից մեջբերումների կամ չփաստարկված պնդումների միջոցով, որոնք կյանքի ընթացքում ձևավորել են հեղինակների աշխարհընկալումը:

«Պետք է ապացուցել, որ կինը չի կատարում լվացքի մեքենայի կամ փոշեկուլի գործառույթ, կինը ունի իրավունք՝ աշխատելու, իր ցանկությամբ մասնագիտություն ստանալու, ինչպես նաև՝ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք»,- ասվում է շարադրություններից մեկում, որի հեղինակն, ի դեպ, աղջիկ է:

Շարադրություններում մեջբերված խոսքերն ու արտահայտությունները, կամ տեքստի կառուցման համար հիմնաքարային դարձած կաղապարային ձևակերպումները, սակայն, հանդիպում են հեղինակների հակազդեցությանը: Արդեն դպրոցում ձևավորված քննադատական մտածողությունը ստիպում է պատանիներին դեմ կանգնել հասարակական կարծիքին, որոշ դեպքերում նաև ընտանեկան արմատացած, սահմանափակող դրվածքին:

Պայքար՝ հողմաղացների դեմ

Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ մասնագիտության ընտրության հարցում սեռային իրավահավասարության, խտրականության խնդիրն առկա է, բայց այն գործնականում չի դրսևորվում՝ հատկապես նոր սերնդի դեպքում: Կարծրատիպերը կամ հասարակական վախերը հաղթահարելու ճանապարհը մեկն է՝ սկսել սկզբից:

Շարադրությունների հեղինակներն իրենց տեքստերում բացահայտում են դա՝ սկսել են ընտանիքներից, ընկերներից, փաստարկել ու հիմնավորել են իրենց ընտրությունը, ապացուցել դրա համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը: Մասնակիցներից ոմանք համարում են, որ հավասարության հիմնախնդիրները լուծելու նախապայմաններից մեկն էլ ազգային արժեքներն ու իրական խտրականությունն իրարից տարբերակելն է.

«Ես և իմ ընկերները ու իմ նման շատ երիտասարդներ ու պատանիներ նույնպես հայեր ենք, և մեր ստեղծած ազգային մշակույթը տարբերվում է ավագ սերնդից այն բանով, որ կարևորում է մարդուն՝ ոչ թե ըստ սեռի, այլ` ըստ անհատականության»,- բացատրում է մրցույթի հաղթող դպրոցականներից Զավենը։

«Հասարակության մեջ առկա և բավական խորը արմատներ ունեցող կարծրատիպային մտածելակերպն անշուշտ փոխանցվում է նաև դեռահասներին, երիտասարդներին, քանի որ մանկապարտեզից սկսած հավասարության գաղափարը չի սերմանվում, ազատ ընտրության սկզբունքը չի գործում, և շարադրությունների մեջ բաց կամ տողատակում դրանք նկատելի էին, բայց ակնհայտ էր նաև դրանց հակադրվելը,- կարծում է մրցույթի ժյուրիի անդամ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, լրագրող Գայանե Աբրահամյանը. «Այս մրցույթի արդյունքները զարմացրեց ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, քանի որ հստակ արձանագրվեց, որ կա գիտակցում, հանրային այս կամ այն վարքի, հասարակական ճնշման կարծրատիպային և սխալ լինելու, և որ դա պետք է հաղթահարել, եթե անգամ այդ գաղափարները նրանք իրականում չեն կրում այսօր, ապա գոնե դրանց շուրջ մտորելով` վաղը հաստատ այլ կերպ են ապրելու և մտածելու»:

Բուհ

«Արդյոք անազատ անձը կարո՞ղ է դաստիարակել ազատ քաղաքացի». այս հարցին իրենց աշխատանքներում փորձել են պատասխանել հայաստանյան բուհերի ուսանողները: Ազատության ու պատասխանատվության, անհատի ու հասարակության փոխհարաբերությունների քննությունը պատանիներին բերել է մեկ հիմնական եզրահանգման՝ անազատությունը ձեռքբերովի «արատ» է: Խոսելով համակեցության կանոնների ու հաճախ պարտադրված կապանքների մասին, հեղինակները չեն փորձում դրանք հակադրել իրար, այլ համարում են, որ հենց դրանց համադրությունից ու բախումից է ծնվում իրական ազատությունը:

«Ես՝ որպես մարդու իրավունքների առաջխաղացմամբ զբաղվող մարդ, հաճելիորեն զարմացած եմ երիտասարդների աշխատանքով: Զարմացած եմ՝ թե՛ թեմայի վերաբերյալ բավականին խորքային իմացությունների առումով, թե՛ դրանք դրսևորելու ձևերի ընտրությամբ: Ինձ համար շատ կարևոր էր այն, որ երիտասարդներն իրենց անձնական փորձով էին աշխատել ցույց տալ մարդու իրավունքների ու գենդերային հավասարության վերաբերյալ իրենց պատկերացումները: Այն, որ այդ տարիքի պատանիները կարողանում են իրենց շրջապատում տեսնել հավասարության կամ անհավասարության դրսևորումները, տարբերակել դրանք, շատ կարևոր է: Առավել քան հուսադրող էր նաև մրցույթին տղաների մասնակցությունը. նրանց վերաբերմունքը սեռերի իրավահավասարությանը և անգամ ընտանեկան բռնություններին թույլ է տալիս լավատեսական կանխատեսումներ անել այս սերնդի վերաբերյալ,- ասում է Բրիտանական դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը և ավելացնում,- Ամենակարևորն այն է, որ այս երիտասարդները շատ հստակ ու իրական պատկերացում ունեին իրավունքի և ազատության մասին»:

naira-sultanyan

Անձնական ազատությունից՝ մինչև քաղաքացիական հասարակության ձևավորում. այս շղթան՝ իր բոլոր բաղադրիչներով դառնում է 17 ուսանողների քննության առարկան: Փաստարկած ու անձնական փորձի վրա հիմնված տեքստերում երիտասարդները հաճախ կենցաղային, առօրյա պատկերներով են ցույց տալիս անհատական խիզախման և ազատության օրինակները՝ կարևորելով հատկապես ժամանակի գործոնը: Որպես օրինակ ներկայացնելով ավագ սերնդի կենսափորձը՝ հեղինակները մատնանշում են, որ 70 տարի փակ հասարակությունում ապրած և համապատասխան արժեքներով ձևավորված սերունդը, այնուամենայնիվ, կարողացել է բացարձակապես այլ սերունդ դաստիարակել՝ հիմք ընդունելով մարդու ազատությունը՝ որպես բացարձակ արժեք:

Համայնքն այլևս զորավոր չէ

Հեղինակներից շատերի մոտ կարծրատիպային մտածելակերպի արմատավորման հիմնական մեղավորի դերում հանդես է գալիս հասարակությունը: Կառույց, որն, ըստ էության, սահմանում է համակեցության կանոններ: Ընտանիքը՝ որպես հասարակության մոդել, դառնում է անհատի ձևավորման հիմնական տարածքը: Հստակ պատկերացնելով հայրիշխանական հասարակության մեջ ընտանիքի դերը և նշանակությունը, երիտասարդներն, այնուամենայնիվ, նշում են, որ ժամանակները փոխվել են, մարդիկ՝ նույնպես, և հասարակությունն այլևս ոչ թե համահավասարեցման է տանում, այլ՝ անհատականացման:

«Եթե ամփոփելու լինենք, կասեմ՝ մեծ հաշվով մեր սպասելիքներն արդարացան մրցույթի վերաբերյալ: Արդյունքներն, իհարկե, մտածելու տեղիք են տալիս. երիտասարդությունը, որ այսօր կա, շատ ավելի մեծ ցանկություններ և պահանջներ ունի, որոնք բավարարել այսօր անկարող են թե՛ կրթական համակարգը, թե՛ հասարակությունը, թե՛ հաճախ նաև ընտանիքները: Աշխարհը յուրահատուկ, սեփական փորձով ճանաչելու, փոխելու նրանց ցանկությունները հաճախ են բախվում հասարակության կաղապարված մտածողությանը: Ժամանակն է հասկանալու, որ մեր պատանիներն ու երիտասարդները ունեն անհրաժեշտ կարողությունները, ներուժն ու ցանկությունը՝ հասարակությունն ու երկիրն ավելի լավը դարձնելու, նրանց ուղղակի աջակցել է պետք»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

 

 

Մրցույթում հաղթած շարադրություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

  1. Դիանա Բախշյան (Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, լրագրության բաժին, հեռակա – գ. Դարբաս, Սիսիան)
  2. Հռիփսիմե Պապիկյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, 4-րդ)
  3. Անի Ավետիսյան (Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատի դպրոց, 11-րդ դասարան)
  4. Զավեն Թադևոսյան (Արեգնազան կրթահամալիր, 10-րդ դասարան)

 Ս.Մ.

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930