Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան բուհերը լուրջ խնդիրներ ունեն. ուսանողների թիվը նվազել է

Նոյեմբեր 25,2016 13:00

Կառավարման թերացո՞ւմ,
մրցակցային անհավասար պայմաննե՞ր, թե՞ արտագաղթ

Հայաստանում դպրոցների շրջանավարտների եւ բուհ ընդունվող երիտասարդների թիվը տարեցտարի նվազում է: Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ նվազման տեմպերը բավականին մտահոգիչ են: Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ)՝ «Առավոտին» տրամադրած տվյալների՝ 2012-ին ՀՀ ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36.659, 2013-ին՝ 28.063, 2014-ին՝ 24.663, 2015-ին՝ 24.739 եւ 2016-ին՝ 23.237: Անկում է գրանցվել նաեւ ՀՀ պետական բուհերի ընդունելության համակարգում: Եթե 2012-ին առաջին կուրս ընդունվածների թիվը եղել է 16.262, ապա 2013-ին այդ թիվը նվազել է՝ դառնալով 14.244, 2014-ին՝ 12.355, 2015-ին՝ 13208, իսկ 2016-ին՝ 10.995: Ստացվում է՝ առաջին կուրսեցիների թիվն այս տարի նվազել է 2213-ով:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ արտագաղթը մեծ դեր է սկսել խաղալ հայաստանյան կրթական համակարգում: Նա, մեջբերելով ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հանրակրթությունը Հայաստանում» վիճակագրական տեղեկատուի տվյալները, փաստեց, որ 2015-2016-ին Հայաստանն ունեցել է աշակերտների՝ ամենամեծ ծավալով արտագաղթը. «6500 աշակերտ հեռացել է երկրից, 2400-ը վերադարձել: Բալանսը 4000-ից ավելի աշակերտ է: Մինչդեռ նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է 3000-3500: Փաստորեն, այս տարի մեկ ուսումնական տարում Հայաստանի աշակերտների 1.1 տոկոսն արտագաղթել է»: Համաձայն «Հանրակրթությունը Հայաստանում» վիճակագրական տեղեկատուի՝ 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը եղել է 356717:

Ուսանողների թվի պակասը բուհերում պատճառ է դարձել, որ մի շարք մասնագիտությունների գծով այս ուսումնական տարի ընդամենը 4-5 ուսանող կա: Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ), որը ուսանողների թվով առաջատարն է, օրինակ՝ սոցիոլոգիա ֆակուլտետում կա 6, իտալերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ՝ 5, հնագիտություն եւ ազգագրություն՝ 5, կիրառական քիմիա մասնագիտությամբ 10 ուսանող:

Այս առիթով ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նշված խնդիրը լուծելու համար փորձում են նոր մասնագիտություններ ներմուծել. օրինակ՝ այս տարվանից Մայր բուհում փորձարկել են նոր մասնագիտություն՝ կիրառական քիմիա, որի ուղղվածությունը դեպի սննդի անվտանգությունն է: Ըստ պրոռեկտորի՝ վերջին տարիներին նկատվում է ուսանողների թվի նվազման միտում. «2012-ից սկսած՝ ամեն տարի դպրոցների շրջանավարտների թիվը նվազում է: Այս միտումը շարունակվելու դեպքում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու հատկապես 2017-2018-ին, իհարկե, նաեւ պայմանավորված 12-ամյա կրթական համակարգի անցմամբ»:

Պրոռեկտորը եւս այստեղ տեսնում է արտագաղթի թողած հետքը. «Արտագաղթի տարրերն ակնհայտ են: Դպրոցների շրջանավարտների թվի նվազման տեմպերը վկայում են, որ արտագաղթն այս հարցում գործոն է»:

«Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ իրավիճակ է գրանցվել մյուս բուհերում: Մեզ հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը տեղեկացրեց, որ իրենց բուհում նվազման միտում չկա: Այս տարի իրենց բուհ դիմորդների թիվը եղել է 700, որից ընդունվել են 434-ը եւ բուհ եկել ու արձանագրվել 400-ը: Պարոն Տեր-Կյուրեղյանը նշեց, որ համեմատած նախորդ տարիների՝ այս տարի բակալավրիատի առաջին կուրս ընդունվածների թվի աճ է գրանցվել. «Մենք արդեն չորս անգամ ենք ընդունելություն իրականացրել. 1-ին տարում կար 320-350 դիմորդ, 2-րդում՝ 400-ից ավելի, անցյալ տարի ունեցել ենք 600-ից ավելի դիմորդ, այս տարի շուրջ 700, այսինքն՝ հինգ տոկոս աճ կա»:

Պարոն Տեր-Կյուրեղյանը համամիտ է այն մտահոգություններին, որ Հայաստանի կրթական համակարգի համար 2017-2018-ին բարդ տարիներ են սպասվում՝ կապված 12-ամյա կրթական համակարգի անցման հետ: Նա նշեց, որ իրենց համալսարանում նոր կրթական համակարգին անցման դժվարությունները բակալավրիատում դեռ նկատելի չեն եղել, քանի որ նոր են սկսել բակալավրիատում կրթություն իրականացնել, բայց երկու տարի առաջ մագիստրատուրայում զգալիորեն պակասել է դիմորդների թիվը. «Իհարկե, մտահոգ ենք, կասկած չկա, որ մեզ վրա էլ դա կազդի, սակայն մեր դիմորդների թիվը մեծ չէ ու ազդեցությունն էլ նկատելի չի լինի»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւս, անդրադառնալով բուհերում աշակերտների թվի նվազման տեմպերին, ցնցումային համարեց 2017-2018-ը. «Այն աշակերտները, որոնք այժմ սովորում են 11-րդ դասարանում, շատ քիչ են, եւ հնարավոր է՝ 2018-ին ունենանք մոտ 7-8 հազար դիմորդ 10 հազարից ավելի տեղերի համար»:
Ըստ փորձագետի՝ բուհերի մեծամասնության վրա այդ ցնցումը էական ազդեցություն է ունենալու եւ՛ ֆինանսական, եւ՛ որոշ մասնագիտությունների փակման առումով:

Պարոն Խաչատրյանը նաեւ կանխատեսում է, որ առաջիկա տարիներին սպասվում է աշակերտների թվի աճ, սակայն ոչ ի հաշիվ արտագաղթի տեմպերի կրճատման. «Արտագաղթը շարունակում է աճել, բայց դպրոց եկող աշակերտների թվի աճ է սպասվում, քանի որ 7-8 տարի առաջ ծնված երեխաներն են գալու դպրոց, որոնց թիվը ժամանակին մեծ է եղել»: Սակայն այս միտումը երկար չի պահպանվի, քանի որ արդեն սկսել է ամուսնանալ 1990-ականների սերունդը, որոնց թիվն անհամեմատ ավելի փոքր է, հետեւաբար սակավ կլինի նաեւ նրանց երեխաների թիվը, ու 6-7 տարի հետո աշակերտների թվի էական նվազում կգրանցվի:

ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ուսանողների թվի նվազման հարցում, իհարկե, երկրում գոյություն ունեցող արտագաղթի ծավալները լուրջ դերակատարություն ունեն. «Այս գործոնն անտեսել հնարավոր չէ, քանի որ այն մեծապես ազդում է ուսանողների թվի վրա: Տարեցտարի նվազում է դպրոցների շրջանավարտների թիվը, ինչը առավել ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը»:

Միեւնույն ժամանակ Մելիքյանը փաստում է, որ վերջին տարիներին միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության աճ է նկատվում: Մելիքյանի կարծիքով՝ քոլեջների նկատմամբ հետաքրքրությունն իր ազդեցությունն է թողել բուհերի շրջանավարտների թվի վրա. «Սա ուրախալի երեւույթ է, քանի որ վկայում է այն մասին, որ աշխատաշուկան տարբեր մասնագետների կարիք ունի»:
Սերոբ Խաչատրյանը եւս միջին մասնագիտական կրթության նկատմամբ հետաքրքրության աճ է նկատում. «Որոշ քոլեջներ հիմա բավականին պրակտիկ են դարձել, օրինակ՝ ինֆորմատիկայի, խոհարարական քոլեջները, որոնք ճանապարհ են դառնում հեշտությամբ աշխատաշուկա մտնելու համար»:

Ուսանողների թվի նվազման պատճառներից է նաեւ այն, որ ըստ դաշտում խաղացողների՝ համակարգում ստեղծվել են անհավասար պայմաններ:

ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ ուսանողների թվի նվազման պատճառներից է նաեւ այն, որ Հայաստանում արտասահմանյան բուհերի մասնաճյուղերն ավելի արտոնյալ պայմաններում են, քան պետականները. «Երեք տարի առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանում բացվեց բակալավրիատ՝ 400 հոգանոց ընդունելությամբ, երկրորդ տարին է՝ ընդունելություն է հայտարարում նաեւ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Այդ երկու բուհերը հիմնականում ուսանողներ են, այսպես ասած, տանում ԵՊՀ-ից: Իհարկե, տոկոսային նվազում չունենք, բայց ուսանողների թվի վրա ազդում է»: Պարոն Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ անհավասարությունն արտահայտվում է հատկապես այն հարցում, որ ի տարբերություն ազգային համալսարանների՝ արտասահմանյաններն ընդունելություն են իրականացնում մի քանի փուլով, մինչեւ անգամ նախապատրաստական դասընթացներից ուղղակի ընդունելություն են իրականացնում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը շեշտեց, թե Ամերիկյանը արտասահմանյան բուհ չէ, այլ Հայաստանի ամերիկյան համալսարան եւ իրենք ՀՀ համալսարաններից մեկն են. «Մեր մոտեցումն ուսուցման ձեւին հիմնված է ամերիկյանի վրա: Մեր համալսարանը հովանավորվում է սփյուռքահայ հովանավորների կողմից եւ ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՀՀ կառավարության կողմից մեր ընթացիկ բյուջեին օգնություն չենք ստանում: ՀՀ կառավարությունից ստանում ենք տարկետում եւ սոցիալապես անապահով ուսանողների համար փոխհատուցում, ինչը գնահատում ենք: Մենք անկախ համալսարան ենք եւ մրցակցային հիմունքներով ստանում ենք դրամաշնորհներ»:

Պարոն Տեր-Կյուրեղյանն ասաց, որ ընդունելության կազմակերպման դեպքում իրենք հետեւում են միջազգային ընդունված նորմերին՝ անգլերենի, մաթեմատիկայի քննություն, հանրակրթական դպրոցի քննությունների արդյունքներ, էսսե, հարցազրույց, կամավորական աշխատանք: Դառնալով այն մտահոգությանը, թե ընդունելությունն, ի տարբերություն պետական բուհերի, իրենք մի քանի փուլով են կազմակերպում, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Տարբեր փուլեր մենք չունենք: Օրինակ՝ եկող տարի մեր ընդունելության ժամկետը մարտի 31-ն է: Բայց ունենք ավելի վաղ դիմումներ ընդունելու հնարավորություն, որպեսզի դիմումները չկուտակվեն եւ դրանց ուսումնասիրությունն ահռելի գործ չդառնա: Ուստի այն անձինք, որոնք ավելի շուտ կլինեն պատրաստ, կարող են մինչեւ մարտի 31-ը դիմել: Մեզ մոտ ընդունելության հետ կապված բոլոր որոշումները կայացնում է հանձնաժողովը: Ուստի ծիծաղելի եմ համարում անհավասար պայմանների մասին մտահոգությունները»:

Պարոն Տեր-Կյուրեղյանը շեշտեց, թե ավելորդ խոչընդոտներ չպետք է ստեղծել հայ երիտասարդի համար. յուրաքանչյուր երիտասարդ պետք է ունենա իրավունք դիմելու եւ ընդունվելու իր ցանկացած համալսարանը: Ըստ Արմեն Տեր-Կյուրեղյանի՝ եթե չլիներ Ամերիկյան համալսարանը, ապա իրենց 400 դիմորդներից նվազագույնը 200-ը ընդունվելու էին արտասահմանյան համալսարաններ. «Այնպես որ, Հայաստանի համալսարանների մրցակցությունը ոչ թե մեզ հետ է, այլ արտասահմանյան բուհերի: Հայաստանում պետք է այնպիսի լավ համալսարաններ գործեն, որ մեր երիտասարդները ցանկանան Հայաստանում սովորել»: Պարոն Տեր-Կյուրեղյանը նաեւ հորդորեց դիմորդներին՝ բուհ ընդունվելիս միայն Ամերիկյան համալսարան չդիմել, նշել նաեւ մյուս համալսարանները:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանում ամերիկյան եւ ֆրանսիական համալսարանների պահանջարկը մեծ է, քանի որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ունեն լավ համալսարաններ, եւ ՀՀ-ում գործող այդ բուհերը հնարավորություն են տալիս ուսանողին հետագայում ուսումը հեշտությամբ շարունակել դրսի համալսարաններում:
Փորձագետի տպավորությամբ՝ մյուս կողմից ՀՀ կրթական համակարգը մի տեսակ դարձել է աշխատուժ արտահանող խողովակ, այս միտումն անգամ իջել է հանրակրթության մակարդակ. դպրոցներն այնպիսի կրթություն են տալիս աշակերտներին, որպեսզի նրանք հեշտությամբ ընդունվեն Ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարաններ:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

24.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Ալեքսանդր Գրիգորյան,պետք է մտահոգվել ոչ թե արտասահմանյան համալսարանների կամ նրանց մասնաճյուղերի առկայությունից, այլ Ձեր ԲՈՒՀ-ի կրթական հիմնախնդիրներով, ինչը ենթադրում է արմատական բարեփոխումներ և միջազգային ստանդարտներին համապատասխան կրթության որակի լավացում…Արեք այն ամենը,ինչը կդարձնի Ձեզ մրցունակ,ԵՊՀ-ի ֆինանսական միջոցները լիովին կարող են ապահովել այդ պայմանները.մնում է ունենալ կամք,մեծագույն նվիրում և կառավարման ջիղ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930