Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցում կնոջը ծեծած Ջունգլի քույրը՝ եղբոր մասին. «Իր հոգեկանը խանգարվել է»

Նոյեմբեր 28,2016 21:28

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր, թե ինչպես է Ջունգլը՝ Գեւորգ Սարգսյանը Երեւանի փողոցներից մեկում անմարդկային ծեծի ենթարկել իր կնոջը՝ մազերից քարշ տվել փողոցով մեկ: Ընդ որում, Գեւորգ Սարգսյանը անցյալ տարի ծեծից մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից է:

Ինքը՝ Ջունգլը հիմա հիվանդանոցում է: Aravot.am-ը զրուցեց նրա քրոջ՝ Նունե Հովսեփյանի հետ: Նրա խոսքերով՝ Ջունգլը մինչեւ ազատազրկումը նորմալ է եղել, հետո քիչ-քիչ հոգեկան խնդիրներ են նկատել. «Շատ սիրելով իր կնոջը՝ սկսել է ահավոր խանդել, նույնիսկ էլեկտրասյանը խանդում էր: Իր հոգեկանը խանգարվել է: Ես երեկ քաղմասում էլ եմ ասել: Ասեցի՝ անկախ նրանից, թե կինն ինչ աստիճանի մեղավոր է, դուք ձեզ թույլ կտա՞ք փողոցում ծեծել ձեր կնոջը: Բոլորդ էլ ձեր պատերն ունեք, ձեր պատերի մեջ ձեր հարցերը կլուծեք, ճի՞շտ է: Ուրեմն ինչ եք եզրակացնում, որ այս մարդն ադեկվատ չի, հիվանդ է, նորմալ մարդ չի, իր հոգեկանը խանգարված է արդեն, ես իրեն բուժման եմ տալու»:

Նունե Հովսեփյանը պատմեց, թե ինչն է եղել պատճառը, որ եղբայրը փողոցում այդպես է վարվել իր կնոջ հետ: Նա ասաց, որ ֆեյսբուքում ինչ-որ մի տղամարդ «լայք» է դրել կնոջ լուսանկարին, դա էլ դարձել է հերթական վեճի պատճառը. «Գեւորը իր հետ շատ մեղմ է խոսացել, Գեւորը ոչ խփել է, ոչ բան, ոչ անպատիվ խոսք է ասել, ոչ հայհոյանք է տվել: Քանի որ առավոտյան վիճել են, գնացել է՝ բարիշելու նպատակով: Կինն էլ իրենից պակաս չի, դու գիտես քո մարդու խասյաթը, գիտես, որ ոչ աջ կնայի, ոչ ձախը, կանի այն, ինչ ինքը ճիշտ է համարում»:

Քույրը պատմեց, որ սա իրենց ընտանեկան վեճի ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, մի քանի անգամ զգուշացրել են կնոջը, որ ավելի լավ է բաժանվեք. «Ասեցի՝ Հասո ջան, մի օր կտա՝ կմնաս թեւի տակը, հել գնա հորդ տուն, դուք չեք կարողանում միասին ապրել: Ես քույրն եմ, հո չեմ ուզի, որ իրենց երկու մատղաշ երեխեքը մնան, ծնողները բաժանված ապրեն, բայց իրենք չեն կարողանում իրար հետ ապրել: Եթե մի օր բարիշեն, հաջորդ օրը պարտադիր կռիվ է»:

Նունե Հովսեփյանը բացատրում էր, որ Ջունգլը բռնցքամարտիկ է, կարող է մի օր նյարդայնանա ու անդառնալի հետեւանքներ լինեն, ուստի կինը պետք է «տոն չտար», որ ամուսինը խանդեր:

Նունե Հովսեփյանը մեղադրեց նաեւ եղբոր «ընտանեկան, անձնական հարցերի մեջ» մտած Զառա Հովհաննիսյանին. «Զառան չգիտես որտեղից էր հայտնվել, իբր թե պատահական է եղել: Հարգելի Զառա, արդյո՞ք ձեր ընտանիքում ամեն ինչ կարգին է, ավելի լավ է դուք ձեր ծակուծուկը փակեք… Ի՞նչ ես ուզում, ջահել ընտանիք է, ինչի՞ ես խայտառակում, դու ինչի՞ց ես տեղյակ: Դու տեսնում ես, որ կնոջ հետ է, ինչի՞ ես գցում ինտերնետները՝ ավելի խայտառակելու նպատակո՞վ»:

Ըստ Նունե Հովսեփյանի, Զառա Հովհաննիսյանը բոլորովին էլ պատահական չի հանդիպել այդ փողոցում, նրան ուղարկել են:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Զառա Հովհաննիսյանի հետ։ Սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել հայտարարությունը՝ նշելով որ ոչինչ չունի ասելու։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ.Գ. Կնոջը ծեծի ենթարկելու դեպքից հետո՝ շաբաթ լույս կիրակի գիշերը, «Ջունգլ»-ին (Գևորգ Սարգսյան) դանակահարված վիճակով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այստեղից տեղեկացրել են, որ այժմ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ընթերցող says:

    Ավելի լավ է մեկը պարզ ասի թե դրա զորավոր տերն ո՞վ է, – մի քանի անգամ դատված ու բաց թողնված խուլիգան, մարդասպան, հիմա էլ վտանգավոր խանգարված ու անպատիժ: Ինչու՞ հիմա նախնական կալանքի տակ չէ, եւ իր բուժումը չի ստանում ՔԿՀ – ի ,,որակյալ,, հիվանդանոցում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930