Լրահոս
Օրվա լրահոսը

3,5 տոննա պարտիտուրներ «ներկրվել» են Հայաստան

Դեկտեմբեր 01,2016 13:30

«Առավոտին» հասած տեղեկությունը, թե Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս արտերկրից լուրջ նվիրատվություն է ստացել, հաստատեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Նա մանրամասնեց, թե դրանք համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի (Բեթհովեն, Մալեր, Բրուքներ եւ այլն) ներկայացուցիչների ստեղծագործություններ են՝ 811 պարտիտուր իր պարտիաներով: Նշեց նաեւ, որ նվիրատուն Հռոմի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկո Լավեկյան է: Իսկ այդ ամենի «մեղավորը» իրենց նվագախմբի լեգեոներ ֆագոտահար Ջուզեպե Չաբոկին է: Իտալացի երաժիշտը շուրջ 2 տարի է, ինչ հանդիսանում է ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ:

giuseppe-ciabocchi-photo-2

Մեզ հետ զրույցում Չաբոկին ժպտալով ասաց, թե եթե ինքը այս շրջանում Հայաստանում չապրեր ու ստեղծագործեր, բնականաբար, մտքովն անգամ չէր անցնի բարեխոսել մաեստրոյին եւ պարտիտուրները՝ 3,5 տոննա քաշով «ներկրել» Հայաստան: Նշեց նաեւ, թե պարտիտուրների մեջ մեծ մաս են կազմում ստեղծագործություններ, որոնք դեռ չեն կատարվել Հայաստանում: «Ֆիլհարմոնիկի տնօրենի հետ բանավոր զրույցի արդյունքում տիկին Սիրունյանը հայտնեց, թե նվիրատվության, այսպես կոչված՝ շնորհանդեսը համերգի ձեւաչափով կկայանա դեկտեմբերի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը այլ երկերի թվում կներկայացնի համաշխարհային պրեմիերա՝ Ֆերրուչիո Բուզոնիի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը: Իբրեւ մենակատար հրավիրված է հանրահայտ դաշնակահար Կիրիլ Գերնշտեյնը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հավաստիացրեց նաեւ, թե պարտիտուրները օրիգինալ պատճեններն են՝ ժամանակին կատարված Baernreiter, Breitkopf & Haertel, Kalmus, Ricordi եւ այլ հեղինակավոր հրատարակչություններում: Ֆագոտահարը քանիցս նշեց, թե մաեստրո Լավեկյան իսկապես սիրով է կատարել նվիրատվությունը, ասելով, թե աշխարհին բարձրարվեստ երաժիշտներ նվիրած Հայաստանում պարտիտուրները կծառայեն ոչ միայն ֆիլհարմոնիկին, այլեւ հայաստանյան մշակութային կյանքին ընդհանրապես:

Ջուզեպե Չաբոկիից հետաքրքրվեցինք, թե ֆիլհարմոնիկում աշխատելով ընդհանրապես կտրվե՞լ է իր երկրի՝ Իտալիայի երաժշտական կյանքից: Արվեստագետը պատասխանեց. «Ոչ հաճախ, բայց համագործակցում եմ Quintetto a fiati Monesis, Ensamble Nuovo Contrappunto, Wind Soloist of Europe եւ այլ կամերային անսամբլների հետ, անշուշտ չխաթարելով ֆիլհարմոնիկի աշխատանքները»:

svarovsky_mp_2005_04a

Ֆագոտահարը ֆիլհարմոնիկի հետ իբրեւ մենակատար հանդես կգա դեկտեմբերի 2-ին՝ մեկնաբանելով Մոցարտի ֆագոտի կոնցերտը: Համերգը կղեկավարի հայաստանցի հանդիսատեսին ծանոթ չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին, որին մենք ժամանակին՝ շուրջ 4 տարի առաջ ներկայացրել ենք:

Մեզ հետ զրույցում դիրիժորին հարցրինք, թե անցած տարիներին ինչ է փոխվել իր ստեղծագործական կյանքում: Սվարովսկին, որը Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի պրոֆեսոր է, ասաց, որ ներկայումս Նագոյայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եւ Սլովակիայի ֆիլհարմոնիկի հրավիրյալ գլխավոր դիրիժորը: Կեսկատակ-կեսլուրջ էլ նեղսրտեց, թե ափսոսում է այն ժամանակը, որ վատնում է ինքնաթիռներում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եկեք, փոխադարձաբար, հայ երաժշտության նույնքան պարտիտուրներ էլ մենք նվիրենք Հռոմի սիմֆոնիկ նվագախմբին … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031