Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին գազի գինը կբարձրանա. «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է ներդրումային ծրագիրը

Դեկտեմբեր 01,2016 16:30

«Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2017-2019 թվականների ներդրումային ծրագիրը, այն ընդհանուր՝ 3 տարվա համար կազմում է 34,7 միլիարդ դրամ: Իսկ ըստ տարիների՝ «Գազպրոմ Արմենիան» նախատեսում է 2017 թվականին 3,5 միլիարդ դրամի ներդրում կատարել, 2018-ին մի քանի անգամ ավելի՝ 16 միլիարդ դրամի, 2019-ին՝ 15,1 միլիարդ դրամի:

«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է՝ տարօրինակ է, որ «Գազպրոմ Արմենիան» եկող տարվա համար 3,5 միլիարդ դրամի ներդրում է նախատեսել՝ այն դեպքում, երբ 2016-2018 թվականների ընկերության ներդրումային ծրագրով հաջորդ տարվա համար նախատեսել էր 13,6 միլիարդի ներդրում, 2018-ին՝ 20,9 միլիարդ: Ըստ Արտակ Մանուկյանի՝ ինչպես գազի սակագնի նվազեցման, այնպես էլ այս ներդրումային ծրագիրը քաղաքական որոշում է, ոչ թե տնտեսական: Տնտեսագետը հարց է բարձրացնում՝ ի՞նչ գործոն է ազդել, որ նման էական փոփոխություն է կատարվել ծրագրում եւ նախկինում նախատեսված ծախսերը 2017-ին ընկերությունը զգալիորեն նվազեցրել է:
Նախ՝ 2017-ը նախընտրական տարի է, եւ հետո՝ ներդրումային ծրագրի ծախսերը այն էական գործոնն է, որն ազդում է գազի սակագնի ձեւավորման վրա: Եվ որքան մեծ են այդ ծախսերը, այնքան դրանք ազդում են սակագնի բարձր լինելու վրա:

4-2 4-1

Տնտեսագետի ներկայացմամբ՝ օրերս գազի սակագինը նվազեցվեց, որից հետո նոր ընկերության ներդրումային ծրագիրը ներկայացվեց. «Եթե ընկերությունը հայտ է ներկայացնում սակագնի իջեցման, ապա դրա հետ պետք է ներդրումային ծրագիրը լիներ, որից բխում է սակագնի ձեւավորումը: Եվ եթե այդպես չի եղել, ուրեմն սակագնի ձեւավորման գործում տնտեսական հենք չկա»:

Մանուկյանի դիտարկմամբ՝ ծրագրում 2017-2018 թվականներին բավականաչափ մեծ ծախսեր են դրված, ինչը այլ հավասար պայմաններում նշանակում է՝ սակագնի գործոնը կարճաժամկետ չի լինելու: Այսինքն՝ 2017 թվականին՝ 3,5 միլիարդ դրամի ներդրում, 2018 թվին՝ 16 միլիարդ դրամի, 2019-ին՝ 15,1 միլիարդ դրամի. ըստ տնտեսագետի՝ տպավորություն է, որ 2017-ի համար արհեստական ներդրումը նվազեցրել են. «Մտածել են՝ դե, 2017-ը նախընտրական տարի է, քիչ ներդրում անենք, որ սակագնի վրա չազդի, հաջորդ տարիներին ավելի շատ կանենք: Կասկած չկա, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կընդունի այս ծրագիրը, եւ ուրեմն եթե ընդունի, ապա 2018-ին գազի սակագինը կբարձրանա»:

«Առավոտի» այն դիտարկմանը, որ ընկերությունը գազի նվազեցումը հիմնավորում է այն հանգամանքով, որ Վրաստանի տրանզիտային գինն են նվազեցնելու, տնտեսագետն այսպես պատասխանեց. «Տրանզիտի համար Վրաստանին վճարում ենք մատակարարվող գազի 10%-ը, կոպիտ հաշվարկով՝ մոտ 25 միլիոն դոլար: Ասում են՝ վրացիների հետ բանակցում են. ենթադրենք, բանակցության արդյունքում գրանցվում է աննախադեպ հաջողություն, եւ տրանզիտի այդ 10 %-ը կրճատվում է, դառնում 5%, դրա արժեքը մոտ 13 միլիոն դոլար է: Մինչդեռ նախնական հաշվարկներով՝ «Գազպրոմ Արմենիան» կկուտակի լրացուցիչ եւս մոտ 28 միլիոն դոլարի վնաս, որը ասում են՝ «Գազպրոմն» իր վրա է վերցնելու: Այսինքն՝ նույնիսկ կիսով էլ նվազեցնելու պարագայում էլի չեն փոխհատուցվելու մնացած ծախսերը»:

Արտակ Մանուկյանն ասում է՝ հասկանալի եւ երկարաժամկետ կլիներ գազի նվազեցրած գինը, եթե սահմանին գազի գինն իջներ, այ, հենց դրա արդյունքում գազի էժանացում ունենայինք. «Եթե չկա սահմանին գնի նվազեցում, սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ կամ նախկինում եղել է ծախսերի շատ մեծ անարդյունավետություն, կամ սա երկարաժամկետ չի կարող լինել»:

Մանուկյանն օրինակ է բերում Բելառուսին եւ ասում. «Աենք կարող էինք ակնկալել սահմանին առավելագույնը 130 դոլար գին, օրինակ՝ Բելառուսի սահմանին 132 դոլար է, որը ֆիքսվել է երկարաժամկետ պայմանագրով՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը: Եթե մենք էլ Բելառուսի նման երկարաժամկետ պայմանագրով, մի քանի տարով պայմանագիր կնքեինք եւ մի գին սահմանեինք, սա մեծ աջակցություն կլիներ գործարարներին, ասենք՝ ջերմոցային տնտեսությունները, վերամշակող ընկերությունները կայունացում կզգային եւ ներդրումներ կանեին: Ակնհայտ է, որ 2018-2019 թվերին բավականին մեծ ճնշումներ են լինելու գնի վրա: Ասում են՝ գազի էժանացման արդյունքում ընկերության 13,4 միլիարդ դրամ վնասը ռուսական «Գազպրոմն» իր վրա է վերցնելու, մեզ դա պետք չէ: Ռուսական բարի կամքը կլիներ, եթե սահմանին գինը իջներ, եւ այն շահույթը, որը ստանում են սահմանին 150 դոլարի հաշվին, պակասեցնեին»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031