Կրկնակի խտրականություն. խոցելին խոցելիների մեջ. չհաշվառված ճակատագրեր

Կրկնակի խտրականություն. խոցելին խոցելիների մեջ. չհաշվառված ճակատագրեր

Զարուհի. առաջինը խոսողը

Գրասենյակ-տպարանում գործնական անցուդարձ է: Զբաղված է, ինչպես միշտ: Ինքը՝ համակարգչի առջև, աշխատակիցներից մեկը՝ իր անվասայլակին նստած: Զարուհին է` Հայաստանի ամենահաջողակ կանանցից մեկը: Զարուհին ունի սիրելի աշխատանք, սեփական բիզնես, բնակարան, բանաստեղծությունների ժողովածու, ծովի գույնի աչքեր ու հաշմանդամություն:

«Գիտե՞ս, որն է մեր տարբերությունը: Ինձ ոչ ոք չի ասի «տանն ես մնացել», քեզ՝ կասեն: Ուղղակի որովհետև շատերի մոտ կարծրատիպ կա. եթե հաշմանդամություն ունես, ուրեմն ընտանիք կազմելը կամ ամուսնանալը գրեթե անհնար բան է, չեն էլ սպասում»,- ասում է Զարուհին ու երկուսով ծիծաղում ենք:

Արդեն վաղուց սովորել է չնկատել նման կարծրատիպերը. համակեցության իր ձևն է մշակել՝ ապրել և օգնել մյուսներին ապրել: Զարուհի Բաթոյանին շատերը գիտեն. նորից կատակում է. «Եթե փոքր-ինչ ակտիվ լինես և կյանքում չնչին հաջողությունների հասնես, հեշտությամբ կարող ես հեռուստաաստղ դառնալ»։

_

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող դաշինքի համակարգող Զարուհին, թվում է, բողոքելու տեղ չունի. իր համար՝ գուցե. խոսում է ուրիշների փոխարեն. խոսում է, որ լսեն. խոսում է, որ փոխվի:

«Երբ առաջին անգամ խոսեցինք կրկնակի խտրականության մասին՝ նկատի ունենալով հաշմանդամություն ունեցող կանանց, գրեթե ոչ ոք ուշադրություն չդարձրեց դրան: Մարդիկ թիվ ու վիճակագրություն են ուզում՝ հավատալու համար: Նման հետազոտություն մինչև վերջերս Հայաստանում չէր արվել: Միայն վերջին 1-2 տարիներին լոկալ, փոքր ուսումնասիրություններ եղան, բայց դա էլ բավարար է հասկանալու համար, որ սա իրական, լուրջ խնդիր է: Կին լինելն առանց այդ էլ բարդ է, հաշմանդամություն ունեցող կին լինելը… ինքներդ պատկերացրեք»:

Զարուհին բացատրում է՝ խոցելի խմբի մեջ կան ենթախմբեր՝ ավելի կամ կրկնակի խոցելիների: Դրանցից մեկը կանայք են: Կրկնակի խոցելի են մի քանի պատճառներով. առաջինը՝ վերարտադրողական իրավունքի իրացման խնդիրն է, մյուսը՝ բռնության նկատմամբ առավել անպաշտպան լինելու հանգամանքը, երրորդը՝ անտեսանելի լինելը: Սրանք ուղղակի օրինակներ են:

Աղջիկներին՝ չհաշված

Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող 96 092 կին։ Խտրականությունը սկսվում է ծննդյան պահից: ՄԱԿ-ի մանկական գրասենյակի իրականացրած հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող տղաներ ծնվում են ավելի հաճախ, քան՝ աղջիկներ: Դա պայմանավորված է նաև որոշ հիվանդությունների նկատմամբ արական սեռի հակվածությամբ: Սակայն… Մանկատներում հայտնված աղջիկների թիվն ավելի մեծ է, հաշմանդամություն ունեցող աղջիկներինը՝ հատկապես.

«Մարդիկ ուղղակի պրագմատիկ հաշվարկ են անում. եթե հաշմանդամություն ունեցող երեխան տղա է, շատ դեպքերում նրան պահում են ընտանիքում, աղջիկներից ավելի հեշտ են բաժանվում՝ նրանց տեղավորելով փակ կառույցներում՝ մանկատներ, հատուկ խնամքի կենտրոններ և այլն: Բացի այդ, ըստ վիճակագրության, տղա երեխաներին ավելի հաճախ են որդեգրում: Հաշմանդամություն ունեցող աղջիկների որդեգրման դեպքերը մինչդեռ կարելի է մատների վրա հաշվել»,- բացատրում է Զարուհին:

Եվ այսպես.

Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Հաշմանդամություն ունեցող տղաների և աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է (5.5:4.5):

Ընդհանուր առմամբ, մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ և նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները:

Կրթություն, որն աղջկան պետք չէ՞

«Կրթության մասին» ՀՀ օրենքը ամրագրում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողի ընտրությամբ կարող է իրականացվել ընդհանուր հանրակրթական դպրոցում: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան արգելում է հաշմանդամության պատճառով ընդհանուր կրթական համակարգից մեկուսացումը:

Ըստ ՄԱԿ-ի մանկական գրասենյակի իրականացրած հետազոտության՝ հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջև տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում:

Ըստ այդմ՝ դպրոց չեն հաճախում աղջիկների 21, իսկ տղաների` 17 %-ը: Առավել մեծ գենդերային տարբերություններ են նկատվում մարզային քաղաքներում, որտեղ դպրոց չեն հաճախում տղաների 15, իսկ աղջիկների` 23%-ը, Երևանում` տղաների 11, աղջիկների` 15 %-ը:

Նույն այս ցուցանիշներին հանդիպել են Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի (ԵՈՒԻ) աշխատակիցները՝ ներառական կրթության վերաբերյալ հետազոտություն պատրաստելիս.

«Չնայած, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը որոշակիորեն դրական միտում է ցուցաբերում Երևանում, խնդիրը առավել, քան իրական է մնում մարզային բնակավայրերում: Ներառական կրթությունից օգտվում են, հիմնականում, տղա երեխաները, և այստեղ խնդիրը ոչ միայն կրթական համակարգինն է, երբ չկան համապատասխան հարմարություններ, ներառական դպրոցներն անհամաչափորեն են բաշխված և այլն, այլև հենց երեխաների ծնողներինը: Նրանք հակված են մտածելու, որ կրթությունը, եթե անգամ պետք է հաշմանդամություն ունեցող երեխային, ապա միայն տղաներին: Այսինքն՝ աղջիկ երեխաների կրթություն ստանալու իրավունքը գրեթե չի իրացվում, էլ չեմ խոսում երեխայի սոցիալիզացիայի մասին: Ստացվում է, որ նա զրկվում է անգամ իր հասակակիցների հետ դպրոցում շփվելու, ընկերներ ունենալու, միայնակ չլինելու հնարավորությունից»,- ասում է ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը:

marina

Ըստ ԵՈՒԻ անցկացրած հետազոտության՝ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող աղջիկների ծնողները գերադասում են ներտնային կրթությունը, սակայն գործնականում նման կրթությունը սահմանափակվում է ամիսը մի քանի անգամ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի այցերով:

Նախադպրոցական կրթության դեպքում ևս թվերն ակնառու են. այսպես՝ Երևանում հաշմանդամություն ունեցող երեխաների միայն 48 %-ն է հաճախում նախակրթարան կամ մանկապարտեզ, մարզերում այդ ցուցանիշը 31% է կազմում: Երևանում տղաների 50 %-ն է հաճախում կամ հաճախել մանկապարտեզ, աղջիկների` 44 %-ը, մարզային քաղաքներում` տղաների 43 %-ը, աղջիկների` 37 %-ը:

Անտեսանելիների ֆենոմենը. հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաների 7 %-ը երբևէ տնից դուրս չի գալիս

ՄԱԿ-ի մանկական գրասենյակի իրականացրած հետազոտության ընթացքում անցկացված հարցումներին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ: Նրանց 68 %-ը տղաներ են: Այս ցուցանիշը շուրջ 2 անգամ ավելին է, քան աղջիկների թիվը: Ստացվում է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկների ձայնը կիսով չափ լսելի չէ: Խնդիրը նրանում է, որ նրանց, հաճախ, չեն էլ դիմում:

Այս թիվը գրեթե նույնությամբ կրկնվում է նաև «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքներում. ըստ այդ զեկույցի՝ հաշմանդամություն ունեցող 150 կանանցից 3-ն ընդհանրապես դուրս չեն գալիս տնից: Պատճառները ոչ միայն օբյեկտիվ են՝ ուղեկցողի բացակայություն, ֆիզիկական վիճակ, դրամի բացակայություն. պարզվում է՝ հարցմանը մասնակցած յուրաքանչյուր 3 կանանցից մեկը՝ 33,3 %-ը, տնից դուրս չի գալիս, որովհետև ցանկություն չունի:

«Խնդիրն այն է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկները «հակասում են» աղջկա/կնոջ մասին ձևավորված հասարակական կարծրատիպերին: Այսինքն՝ ի սկզբանե կան որոշակի կարծրատիպեր, թե ինչպիսին պետք է լինի կինը՝ սկսած արտաքինից, վերջացրած ստացած կրթությամբ, ընտանեկան կարգավիճակով և այլն: Եվ, երբ ընտանիքում ծնվում է հաշմանդամություն ունեցող աղջիկ, կամ երեխան ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերում, նա ի սկզբանե կորցնում է իր «ՕԳԳ»-ն՝ որպես կին: Այդ պատճառով էլ նրա հետագա զարգացման, ռեալիզացիա, սոցիալիզացիայի հարցն ուղղակի մղվում է երկրորդ պլան՝ հանրային ակնկալիքներին անհամապատասխանության պատրվակով: Այստեղ երկու ծայրահեղություն կա՝ անտեսվածություն և մեկուսացման հասցնող հոգատարություն»,- ասում է Բաթոյանը:

Երբ աղջիկները մեծանում են

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքը հստակ ամրագրում է բժշկական խորհրդատվություն և ծառայություններ սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ` մեկուսի ու գաղտնի պայմաններում ստանալու իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 4, կետ 5): Կինն իրավունք ունի առանց ընկերների և հարազատների այցելել բժշկի, հատկապես, երբ խոսքն իր վերարտադրողական առողջության մասին է:

Զարուհին մի ողջ ուսումնասիրություն է իրականացրել բուժհաստատություններում հաշմանդամություն ունեցող կանանց տրամադրվող ծառայությունների վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող 28 կանանց հետ Զարուհին այցելել է տարբեր բուժհաստատություններ ու ինքնուրույն պարզել դրանց ֆիզիկական մատչելիության, տեխնիկական հագեցվածության և մասնագիտական պատրաստվածության աստիճանը:

«Ուսումնասիրության շրջանակներում պետք էր գնահատել առողջապահական ծառայությունների հարմարվածությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար: Որոշեցի ինքս այցելել բուժհաստատություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Արդյունքը ուղղակի ֆանտաստիկ էր: Ես սայլակով գնացել էի գինեկոլոգի մոտ. նախ՝ մի 20 րոպե չէի կարողանում մտնել հիվանդանոցի շենք: Պահակի, ինչ-որ աշխատակիցների օգնությամբ կարողացան սայլակս ներս մտցնել: Մոտավորապես այդքան ժամանակ էլ պահանջվեց բժշկի սենյակ մտնելու համար: Ու ամենակարևորը՝ բուժանձնակազմը իմ մասին խոսում էր ուղեկցողիս հետ, ոչ թե իմ, իմ առողջության հետ կապված հարցեր տալիս էր նրան, ոչ՝ ինձ: Տպավորություն էր, որ ես ուղղակի չկամ: Երբ այս առումով փոքր-ինչ սաստեցի, սկսեցին խոսել ինձ հետ, բայց արդյունքն առանձնապես չփոխվեց: Առաջին հարցը, որ տրվեց ինձ, հնչում էր այսպես՝ «Սեռական կյանք չունեք չէ՞»: Այսինքն՝ եթե հաշմանդամություն ունես, ուրեմն ի սկզբանե զրկված ես նաև սեռական կյանքի հնարավորությունից: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է մարդկանց մտքով անցնում նման բան ասել հասուն կնոջը՝ թեկուզ և սայլակով: Սա, իհարկե, ծիծաղելի է, բայց նաև չափազանց վիրավորական»,- պատմում է Զարուհին:

Մարզերում վիճակն ավելի սուր է եղել. դիտարկմանը մասնակցող կանանցից մեկին, օրինակ, բուժաշխատողն ուղղակի հարցրել է «Դու կարո՞ղ ես երեխա ունենալ, որ հղիացել ես», իսկ մյուսին հանդիմանել են՝ «Ինքնուրույն երեխա սարքել կարող ես, բազկաթոռին բարձրանալ չե՞ս կարող»:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած բուժանձնակազմի 122 ներկայացուցիչներից միայն 4-ն են (3 %) երբևէ վերապատրաստվել հաշմանդամություն ունեցող կանանց մատչելի ծառայություններ մատուցելու թեմայով:

Բռնություն. ամենախոցելին ու շնորհակալը

Կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ հրապարակումները վերջին շրջանում շատացել են: Բայց անգամ այս դեպքում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնությունների մասին նյութերի չեք հանդիպի: Դրանց մասին չի խոսվում, վիճակագրություն ուղղակի չկա:

2008 թվականից Հայաստանում գործում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն, որն աջակցում է բռնության ենթարկված կանանց: Այս կենտրոնում, սակայն, հաշմանդամություն ունեցող կանանց վերաբերյալ որևէ թվային տվյալի չեն տիրապետում: Մինչդեռ սեռական դաստիարակություն չստացած հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես կանայք, սեռական բռնության ենթարկվելու առավել ռիսկային խմբում են գտնվում: Նրանց համար հաճախ դժվար է տարբերակել բռնությունը, բացի այդ՝ դիմելու տեղ չունեն: Այս առումով առավել խոցելի են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները, քանի որ նրանք հաճախ զրկված են սոցիումի հետ շփման, զարգացման և կրթվելու հնարավորությունից:

«Երբ խոսում ենք ընտանիքում առկա բռնության մասին, առաջին բանը, որի մասին մտածում ենք, ծեծն է: Բայց, իրականում, բռնության տարբեր ձևեր կան՝ սկսած որոշումների կայացման արգելքից, վերջացրած՝ մարդու սոցիալիզացիային խոչընդոտելը: «Հույսի կամուրջում» մենք աղջիկ երեխա ունեինք, որը տնից փախնում էր մեր դասընթացներին մասնակցելու համար, քանի որ արգելում էին տնից դուրս գալ: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող կանայք իրենք խնդիր ունեն հասկանալու, որ ենթարկվում են բռնության, հատկապես՝ հոգեբանական,- ասում է Զարուհին ու պատմում․

-Կարմիր խաչի կենտրոնում վերականգնողական բուժում էի ստանում: Կողքիս մի կին կար, ով վթարի հետևանքով էր հաշմանդամություն ձեռք բերել: Ինձ համար դա դասական օրինակ է բռնության: Այդ կնոջը թվում էր, որ հաշմանդամությունը մի բան է, որն իրեն լավ խոսքի, արժանապատիվ վերաբերմունքի անարժան է դարձրել: Ամեն անգամ, երբ ամուսինը նրա հետ կոպիտ չէր խոսում, այդ կնոջը թվում էր՝ պետք է շնորհակալ լինի դրա համար: Մինչդեռ կանայք պետք է հասկանան, որ անկախ հաշմանդամության առկայությունից, իրենք կարող են և պետք է իրացնեն իրենց բոլոր իրավունքները»:

Կանանց նկատմամբ բռնության տեսակներից մեկն էլ այն է, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, մասնավորապես մայրերը, կանգնում են ընտրության առաջ՝ կա՛մ մնալ երեխայի հետ և զրկվել ընտանիքից, կա՛մ թողնել երեխային և ընտանիք ունենալ:

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք