Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի մշակույթին և Գյումրիին՝

Դեկտեմբեր 02,2016 17:06

Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին Գյումրում էին՝ նշանավորելու հայնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը:  Որմնանկարի վերականգնումը իրականացվել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին այս որմնանկարը դուրս է բերվել լքված գործարանի շենքից, իրականացվել են վերականգնման ու պահպանման աշխատանքներ, և այն տեղակայվել է Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում՝ կրկին հասանելի դառնալով հանրությանը:

«Այս որմնանկարը, որի վերականգնման աշխատանքների ավարտը մենք նշանավորում ենք այստեղ, մի քանի տարի լքված գործարանի շենքում էր՝ աչքից հեռու ու փոշու մեջ պարփակված: ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ այն այժմ նոր շունչ է ստացել: Այն գտնվում է արվեստագետների, համայնքային առաջնորդների ու նորարարների հաջորդ սերնդի աչքի առաջ, և այժմ նրանք կտեսնեն Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը, կծանոթանան դրա պատմությունը և դա կոգեշնչի նրանց Հայաստանի ոգին արտացոլող արվեստի նոր գործեր ստեղծել », – նշեց դեսպան Միլսը:

Որմնանկարի հեղինակը հայտնի հայ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն է (1923-2013), ում ստեղծագործությունները համարվում են ազգային գանձեր: Նրա որմնանկարները տեղ են գտել Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում:

«Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2003թ.՝ հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ Արման Ավետիսյանի կողմից նպատակ ունենալով ապահովել իր հոր և մյուս նկարիչների որմնանկարների պահպանությունը՝ դրանք հանելով Գյումրու լքված կառույցներից և տեղափոխելով ապահով վայրեր:

«Վերականգնողի աշխատանքը սիրո ու հարգանքի դրսևորում է նկարիչների ու նրանց ստեղծագործությունների հանդեպ: Իսկ այդ նվիրված ու ջերմեռանդ աշխատանքի արգասիքն այսօր բոլորս ենք տեսնում», – ասաց դեսպան Միլսը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը աշխատանքներ է իրականացնում Գյումրու որմնանկարները փրկելու ուղղությամբ: Անցած տարի, մեկ այլ ծրագրով իրականացվել են Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման աշխատանքները, որն այժմ տեղակայված է Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում:

ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. հիմնեց ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը համամարդկային մշակութային ժառանգությունը նշանավորելու ու երկրների ու ժողովուրդների մերձեցման համար ճանապարհ հարթելու նպատակով:  Հիմնադրամի միջոցով ամեն տարի ֆինանսավորվում են եզակի մշակութային արժեքների պահպանության մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր վայրերում:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում ծրագրեր իրականացվել են 2005թ.-ից, մասնավորապես՝ հնագիտական գտածոների պահպանություն Արենու քարանձավում, աշխատանքներ Դաշտադեմի ամրոցում, Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի և այնտեղ առկա խաչքարերի քարտեզագրում ու ցուցակագրում, Գառնու միջնադարյան կամրջի պահպանություն և հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրում: Այս տարի ավելի վաղ՝ աշնանը, Հիմնադրամի կողմից 450.000 ԱՄՆ դոլար շնորհվեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցման ու պահպանության համար:

«Մշակույթը, արվեստը, ավանդույթներն օգնում են վեր հանել Հայաստանի ինքնատիպությունը: Ամերիկացիները կիսում են մշակույթի հանդեպ այս սերը: Պահպանելով այս հայկական գանձերը՝ մենք ոչ միայն օգնում ենք մեր ժողովուրդների մերձեցմանը, այլ նաև պահպանում ենք այս ինքնատիպ արժեքներն ապագա սերունդների համար», – ասաց դեսպան Միլսը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031