Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն քաղաքապետ ունի, սակայն չի կարողանում կառավարել քաղաքը». ՔՊ փոխնախագահ

Դեկտեմբեր 02,2016 20:33

«Քաղաքացիական պայմանագրի և «Լուսավոր Հայաստանի» միջև երբևէ տարաձայնություններ չեն եղել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Նրա հավաստմամբ` պարզապես Նիկոլ Փաշինյանը վստահություն չի ունեցել Էդմոն Մարուքյանի նկատմամբ. «Մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Նա ասել է, որ Էդմոն Մարուքյանի հանդեպ չունի վստահություն, քանի որ նա կողմ է քվեարկել կառավարության ծրագրին»:

Մինչդեռ այժմ փոխվել է «Քաղաքացիական պայմանագրի» տրամադրվածությունը «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ. «Վանաձորում «Լուսավոր Հայաստանն» այսօր արդեն ցույց է տալիս, որ ինքը սկզբունքային է և մինչև այսօր վանաձորյան քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, բայց չի կարողանում կառավարել քաղաքը»:

Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, թե իրենք երբեք չեն ցանկացել լինել միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ողջունում է այն քայլը, որ երեկ  «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, թե «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

Հարցին` իշխանության մոտ խանդ չկա՞, որ ընդդիմադիր դաշտը միավորվում է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Իշխանության մոտ խանդ չկա: Ես տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ կուսակցություններ, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալը մեր պետության մեջ անհասկանալի է: Մենք շատ ուրախ ենք նրանց միավորման համար, սակայն ուզում ենք, որ դրանք հարատև լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռացվեն: Դրանով ժողովուրդն էլ հեշտ կկողմնորոշվի, թե քաղաքական որ ուժի հետևից է գնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031