Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանդեքս-տաքսին» տաքսիների լիցենզավորման նոր կարգ է առաջարկում

Դեկտեմբեր 03,2016 16:00

Երբ «Յանդեքս-տաքսին» մուտք գործեց հայկական շուկա, այլ տաքսի-ծառայություն մատուցող մի շարք ընկերություններ, անհատ տաքսու վարորդներ սկսեցին դժգոհել, որ «Յանդեքսն» աշխատում է օրենքի խախտումներով, հակամրցակցային պայմաններ է ստեղծել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, վարույթ էր հարուցել, ուսումնասիրել «Յանդեքս-տաքսիի» գործունեությունը: Հանձնաժողովը հայտարարել էր. «Յանդեքսն» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ, ինչն առնվազն բիզնես-տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Եթե, ասենք, 1 վարորդը օրվա ընթացքում իրականացնում էր 10 ուղեւորափոխադրման պատվեր, ապա, անկախ այն բանից, թե որքան գումար է նա գանձել ուղեւորներից, ընկերության գրասենյակից ստանում էր հավելյալ 4 հազար դրամ: Հանձնաժողովը կանխել է ընկերության նման գործելաոճը, քանի որ ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ՝ այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի-ծառայությունների դուրս մղվելուն: «Յանդեքսն» ընդունել է ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իր գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան»։

«Առավոտի» հետ զրույցում «Յանդեքս-տաքսի» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանն անդրադառնալով հանձնաժողովի եզրակացությանն ու պահանջին՝ աշխատել օրենքի սահմաններում, ասաց, որ բոլոր այն պնդումները, որոնք հանձնաժողովն արել էր, դրանք վերաբերում էին այն ժամանակաշրջանին, երբ ընկերությունն առաջին քայլերն էր անում շուկայում. «Իսկ երբ արդեն արվել էին նախազգուշացումները, այդ ընթացքում արդեն խնդիրներ չկային, եւ հանձնաժողովը համաձայնվել է դրա հետ: Ուստի, թե ի՞նչ ենք անում պահանջը կատարելու համար՝ ոչ մի բան, այդ պահին խնդիր չկար պարզապես: Այն ժամանակ բարձրացրած հարցերը հիմա արդիական չեն»:
Շատ վարորդներ, որոնք համագործակցում են «Յանդեքս-տաքսիի» հետ, առանց տաքսի-ծառայություն մատուցելու լիցենզիաների են աշխատում: Այս խնդիրը եւս այլ տաքսի-ծառայություններ առաջ էին քաշել եւ պնդում էին, որ իրենք անհավասար պայմաններում են աշխատում: Բանն այն է, որ տաքսի-ծառայություն մատուցելու համար վարորդը պարտավոր է 12 հազար դրամ վճարել լիցենզիայի համար, իսկ «Յանդեքսի» «տաքսիստների» մեծ մասն այս առումով արտոնյալ կարգավիճակում է:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ քայլեր է անում ընկերությունը հավասար պայմաններով աշխատելու ուղղությամբ, պարոն Խուդավերդյանն ասաց, որ իրենք նոր առաջարկով դիմել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ լիցենզավորման նոր պայմաններ են առաջարկում:

«Նախարարությանը նամակ ենք ուղարկել առաջարկություններով, որոնք թույլ կտան էականորեն փոխել լիցենզավորման գործընթացը: Օրինակ՝ հիմա վարորդները մեկ ամիս առաջ պետք է 12 հազար դրամ վճարեն լիցենզիայի համար, որոշների համար սա մեծ գումար չէ, բայց տաքսու վարորդների համար սա խնդիր է: Մենք առաջարկել ենք այնպես անել, որ վարորդները վճարեն լիցենզիայի համար յուրաքանչյուր ուղեւորափոխադրումից: Ասենք՝ տաքսի-ծառայություն մատուցող ընկերությունը, «Յանդեքսը» կամ «GG տաքսին» ամեն ուղեւորափոխադրումից, ասենք, 10 դրամ գանձի, եւ դրանք ուղղի պետբյուջե: Մեր կարծիքով՝ ինչո՞ւ սա ավելի արդյունավետ կլինի, որովհետեւ բոլոր ծառայությունները, ինչպես «Յանդեքսը» կամ «GG տաքսին», շահագրգռված են, որպեսզի վարորդները փոխանցեն վստահելի տեղեկություն ուղեւորափոխադրումների քանակի մասին: Որովհետեւ մեր եկամուտը ձեւավորվում է վարորդների վճարներից: Ուստի մենք բոլորս՝ նման կազմակերպություններս, հետեւողական ենք լինելու: Այս դեպքում խոշոր խաղացողները կվճարեն այս լիցենզավորման համար: Մենք առաջարկել ենք լիցենզիայի համար այս վճարումը որպես այլընտրանքային, տաքսու վարորդը կարող է ընտրել՝ ներկայիս մեթոդով վճարը կամ մեր առաջարկած տարբերակը: Այս եղանակը թույլ կտա օրինականացնել գրեթե ամբողջ շուկան: Հույս ունենք՝ մի բան կստացվի, մենք չենք ուզում ֆորմալ մոտենալ խնդրին, այլ այնպես անել, որ բյուջեն իսկապես գումար ստանա»:
Հիմա «Յանդեքս-տաքսիի» ուղեւորափոխադրման մինիմալ արժեքը 200 դրամ է, մինչդեռ այլ տաքսի-ծառայություններինը՝ 600 դրամ. սա եւս այլ տաքսի-ծառայությունների դժգոհության թեման է, նրանք պնդում են, որ այս կերպ «Յանդեքսը» փորձում է շուկան գրավել, մենաշնորհային դիրք ձեռք բերել, ուղեւոր է «փախցնում»: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Խուդավերդյանն ասաց. «Այդպես չէ: 200 դրամն, ասենք, 4 կիլոմետրի համար չէ, այլ ավելի քիչ»:

Հնարավո՞ր է բարձրացվի մինիմալի գինը, քանի որ վարորդներն էլ դժգոհում են, որ ցերեկային ժամերին հիմնականում մինիմալի պատվեր է լինում, այդ ընթացքում վնասով են աշխատում, այս հարցին էլ ի պատասխան՝ պարոն Խուդավերդյանն ասաց, որ կարեւորը վարորդի համար ոչ թե այդ ցերեկային մի քանի պատվերից ստացած գումարն է, այլ ամբողջ օրվա կամ ողջ հերթափոխի ժամանակ:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ ընկերությունը հայկական շուկա մտավ մինիմալը 100 դրամ ուղեւորափոխադրման վճարով՝ վնասներ կրելով շուկան մենաշնորհելու ակնկալիքով, ընկերության գլխավոր տնօրենը կրկին վստահեցրեց՝ նման ակնկալիք չեն ունեցել: Ըստ Խուդավերդյանի՝ բիզնեսի կանոններն են այդպիսին՝ միշտ նոր շուկա մտնելիս բիզնեսը կարող է վնասով աշխատել, դա ներդրումներն են եղել, եւ հարկավոր էր «Յանդեքս-տաքսին» գովազդել, բիզնեսը խթանելու համար է արվել. «Հետո մենք հաշվարկեցինք, եւ մինիմալ ուղեւորափոխադրումը ոչ էականորեն փոխեցինք՝ դարձրեցինք 200 դրամ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031