Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյանը՝ փոխքաղաքապե՞տ

Դեկտեմբեր 03,2016 16:30

ՀՀԿ ավագանու անդամը պնդում է՝ «աթոռի մոլուցքով երբեք չեմ տառապել»

– ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը յոթ խորհուրդ հղեց: Խորհե՞լ եք դրանց շուրջ, ի՞նչ հետեւություններ եք արել, ի՞նչ էր ուզում ասել նախագահն իր յոթ խորհուրդներով:

– ՀՀԿ 16-րդ համագումարում հրապարակված 7 խորհուրդները ներկուսակցական ուղենիշի նշանակություն ունեն: Սա այն պոստուլատներն են, որոնք խորհրդանշում են կուսակցության քաղաքական գիծը: Կուսակցության ներսում՝ ՀՀԿ շարքերում հստակություն են մտցնում հարցերի բավական լայն սպեկտրի առումով: Գաղտնիք չէ, որ կուսակցությունը համալրվեց նոր անդամներով, ում համար մինչեւ կուսակցական աշխատանքին ամբողջությամբ ինտեգրվելը չափազանց կարեւոր էր ուրվագծել ՀՀԿ-ի, որպես քաղաքական խոշորագույն միավորի, առաջնահերթություններն ու ապագայի տեսլականը: Այդ 7 խորհուրդները հնարավորինս պարզ եւ հասկանալի տալիս են կուսակցության զարկերակի ռիթմի մասին պատկերացումը: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե այլ կուսակցությունները եւս այս դրական օրինակը փոխառնելով՝ ներկայացնեին իրենց սեփական պատկերացումները քաղաքական ապագայի եւ այդ ապագայում իրենց դերակատարման մասին: Դա ազնիվ եւ համարձակ կլիներ ինչպես կուսակցականների, այնպես էլ նրանց ապագա ընտրողների հանդեպ:

– Խոսակցություններ կան, որ հաջորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմն էականորեն տարբերվելու է ներկայիս կազմից: Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը: Կուսակցության ցուցակի շուրջ խորհրդակցություններ, բանակցություններ ընթանո՞ւմ են: Ասում են՝ ներկուսակցական մրցակցությունը այս անգամ չափազանց թեժ է:

– Հաջորդ խորհրդարանի կազմի մասին դեռ վաղ է խոսել՝ հաշվի առնելով նոր Ընտրական օրենսգրքի առանձնահատկությունները: Սահմանադրական բարեփոխումները այդ առումով մեծ ինտրիգ են մտցրել առաջիկա ընտրությունների ընթացքի ու ելքի մեջ: Եթե ակնարկում եք կուսակցական ցուցակը, ապա այն կներկայացվի հանրությանը, երբ դրա ժամանակը գա: Կարող եմ միայն ենթադրել, որ կլինեն փոփոխություններ, նոր մարդկանց անուններ եւ այլն: Իմ ենթադրությունը կառուցված է այն իրողության շուրջ, որ ՀՀԿ-ն դինամիկ զարգացող քաղաքական մարմին է, եւ բարեփոխումները, նոր կուսակցականների ակտիվ ներգրավումը մշտական բնույթ կրող գործընթաց են: Ինչ վերաբերում է մեծամասնական, այսպես կոչված՝ ռեյտինգային քվեարկությանը, ապա այստեղ Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց ճանաչվածությամբ, ընտրողների համակրանքի եւ որպես դրա տրամաբանական հետեւանք՝ ձայների քանակի առումով իրենց ուժերը փորձել: Ինչպես ասում են, թող հաղթի ուժեղագույնը:

Ներկուսակցական մրցակցության թեժության մասին տեղեկությունները ավելի շատ լրագրողական ենթադրությունների դաշտում են, քան իրականում կան: Նայած ինչպես եք պատկերացնում այդ թեժությունը: Եթե ստանդարտ դեղին մամուլի պատկերացրածն է, ապա հավատացնում եմ՝ նման բան չկա: Աշխատանքային համերաշխ եռուզեռի առումով ՀՀԿ-ում միշտ էլ թեժ է:

– Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Երեւան քաղաքի ընտրություններում ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը, իսկ Ձեր անունը հաճախ շրջանառվում է որպես քաղաքապետի տեղակալ: Իրականության հատիկ կա՞ դրանցում:

– Շրջանառվող տեղեկություններին կարող եմ անդրադառնալ միայն իմ մասով։ Ավագանու ընտրություններին դեռ ահագին ժամանակ կա։ Ավելորդ շտապողականությունը այստեղ, կարծում եմ, տեղին չէ։ Այս առումով որոշիչը ընտրողի՝ երեւանցու խոսքն է։ Ինչ վերաբերում է քաղաքական ապագային, հնարավոր նշանակումներին, ապա չխախտելով կուսակցական կարգապահությունը՝ կասեմ, որ ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կկարողանամ առավել արդյունավետությամբ կյանքի կոչել ՀՀԿ ծրագրերը։ Պաշտոնի, աթոռի մոլուցքով երբեք չեմ տառապել։ Վերջին 8 տարիներին աշխատում եմ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության կազմում՝ ղեկավարելով ֆինանսատնտեսական հանձնաժողովը։ Մնացածը, ինչպես ասում են, կյանքը ցույց կտա։

– Այս տարիների ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Երեւանի բյուջեն անարդյունավետ է ծախսվել` թանկարժեք կոնյակներ, նվերներ: Վարչապետն ասում է, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, ինչո՞ւ ծախսերն ու հնարավորությունները չեն հավասարակշռվում:

– Երեւան քաղաքի բյուջեն բաց, հրապարակային փաստաթուղթ է եւ որեւէ թաքուն ծախս չի կարող իրականացվել։ Եթե խոսքը արարողակարգային նվերների մասին է, ապա դրանց արդյունավետությունը ճշտելու եւ այդ մասին կարծիք հայտնելուց առաջ առնվազն պետք է հասկանալ, թե ի՞նչ նպատակով են դրանք արվում։ Քաղաքապետարանը շատ ակտիվ ամենօրյա աշխատանք է իրականացնում մեր քաղաք դրսից տարբեր պրոյեկտներով ներդրումներ ներգրավելու կապակցությամբ։ Այդպիսի աշխատանքներն իրենցից ներկայացնում են բանակցությունների, արարողակարգային հանդիպումների փուլ։ Այդ փուլում արարողակարգային հուշանվերների փոխանակումը պարտադիր ընդունված երեւույթ է։ Երկրներ կան, որ նման հանդիպումների ներկայանում են, օրինակ, խավիարով, իսկ դե, մեր երկրի սիմվոլիկ հուշանվերը կոնյակն է։ Կարծում եմ՝ այստեղ զարմանալու որեւէ բան չկա։ Միշտ կլինեն պոպուլիստական շահարկումների փորձեր, սակայն կրկնում եմ՝ այս մասով արդյունավետության չափորոշիչները այդքան մակերեսային չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031