Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կյանքս գուցե ջրին պատմեմ

Դեկտեմբեր 03,2016 17:00
merujan Ter-Gulanyan

Այսպես մտածում էի տարիներ առաջ, քանի որ այդ խորհուրդը ես չէի ստեղծել, այլ ինձ հուշել էր իմ ցեղի ավանդույթը: Այդպես ասում էր Նազիկ տատս, այդպես ասում էր մայրս, այդպես ասում են իմ երկրում այսօր: Այդպես ես ուզեցի իմ զավակներին հաղորդել, չգիտեմ՝ ինչքանով հասկանալի եղա, բայց վստահ եմ՝ ինչ-որ տեղ եղա…
Հիմա գրում եմ այս տողերն ու հազում, եւ հազս, ինչքան էլ տարօրինակ է, ծխախոտից չէ, այլ հայրենիքիս ջրից: Ջուր հավերժական, որ ինձանից կարծես թե խռովել է, քանի որ ամեն անգամ Ջավախք գնալիս, երբ խմում եմ իմ մանկության օրերի ջուրը, զարմանալի բան, Երեւան վերադառնալով՝ ես հիվանդանում եմ: Ես չգիտեմ՝ ի՞նչ է պատահել իմ հայրենիքի ջրի եւ իմ միջեւ, ե՞ս եմ օտարացել իրեն, թե՞ ինչ-որ տեղ սխալվել եմ, չգիտեմ նաեւ, թե ի՞նչ է հուշում ինձ համառորեն հազացնող իմ երկրի ջուրը, չգիտեմ՝ ինչ պիտի անեի, որ չեմ արել…

Տիեզերքի ստվերն ընկել է հոգուս՝
Ասես անհունի սահմանը անցա…
Ինչպե՞ս պատահեց, որ Պոպլովոկում
Ես հին ջրերի լեզուն մոռացա…

Տարիներ հետո ես այսպես պիտի հիշեի ինձանից վիրավորված Հայրենիքիս ջուրը:
Հիշում եմ նաեւ, որ դու շատ դաժան քաղաք ես, ի՛մ Երեւան: Երբ մենք` համալսարան ընդունվող տղաներս, որ երազում էինք քեզ` իմ ցեղի մայրաքաղաք, սիրելի՛ քաղաք, փող ունեինք, բայց ոչ ոք քո հյուրանոցներում մեզ գիշերելու տեղ չտվեց, եւ մենք երեք օր քնեցինք այգում: Այնինչ մայրիկս ինձ ճանապարհելիս ասում էր.
– Բալես, գնում ես օտարություն, մեծ քաղաք, այլ ազգի մեջ:

Իշխանուհի մորս ծնողները Էրզրումից գաղթական էին, եւ իր մեջ նստած էր տեղափոխության վախը: Ինքն էր ինձ հրահրել, որ ես Հայաստան գամ կրթության, իսկ ես իր առաջին որդին էի, բայց, միեւնույն է, տագնապ կար իր մեջ: Եվ հրաժեշտ տալիս ինձ մի խորհուրդ տվեց, որի համար մինչեւ հիմա շնորհակալ եմ մայրիկիս: Ասաց.
– Տղա՛ս, կյանքիդ ճանապարհին ինչ էլ լինի, մի բան երբեք չմոռանաս` կյանքիդ հացը օրվա ուտելիքիդ հետ չփոխես:

Եվ հիմա, մտածում եմ, ի՞նչ է ուզում ինձանից եւ ի՞նչ է հուշում ինձ իմ հայրենիքի ջուրը: Ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել, չգիտեմ…

Բայց քանի որ ջուրը հավերժական է եւ ընդմիշտ ճիշտ, իսկ ես այդպես էլ մնացի չհասկացված իմ սիրելի քաղաքում, երեւի դառնամ ետ, դեպի այնտեղ, որտեղից եկա, ու կյանքս պատմեմ իմ հայրենիքի ջրին, միակը, որ գուցե հասկանա իմ ապրածն ու իմ կյանքը չապրած:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

02.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031