Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ընթերցողը որոշի, թե ում հետ ունենք վասալային հարաբերություններ»

Դեկտեմբեր 08,2016 15:30

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Եվրոպան մեզ պարտադրում է
արժեքային համակարգ, ընդունում են հակահայկական բանաձեւեր,
անջատում են ԵԽԽՎ-ում պատգամավորների խոսափողը:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, խոսելով հայ-ռուսական զորամիավորում ստեղծելու շուրջ մեկնաբանությունների մասին, հայտարարեց, որ այն, ինչ ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից:

Մեզ հետ զրույցում ՌԴ-ՀՀ վասալային հարաբերությունների մասին հարցին ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանը երբեք Հայաստանին չի պարտադրել ընդունել որեւէ օրենք, չի խառնվել ներքին գործերին, չի պարտադրել սեփական արժեքային համակարգը. «Տրամադրում է զենքեր, որոնք ունի միայն ինքը, ու այլ պետությունների չի տրամադրում: ՌԴ-ի հետ չունենք վիզային ռեժիմ, մեր քաղաքացին ազատ տեղաշարժվում է: Ռուսաստանը իրականացնում է ծրագիր՝ տրամադրելով վարկ ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը 10 տարով երկարացնելու համար, որն ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջարկի 40 տոկոսը: Ներքին գներով վաճառում է նավթամթերքը, զենքը: Չունենք մաքսային սահմանափակումներ՝ ապրանքի ազատ տեղափոխում: Այս շարքը կարելի է երկար թվարկել»:

Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ իրականացվող հակաքարոզչությունն է պատճառը, որ մտածում ենք, թե մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ վասալային են. «Ինչո՞ւ այն մարդիկ, որ ասում են՝ մենք ռուսների հետ վասալային հարաբերություններ ունենք, չեն ասում, որ մենք վասալային հարաբերություն ունենք Արեւմուտքի հետ: Եվրոպական երկրներ է գնում մեր բնական հումքի 80 տոկոսը, ժամանակին ինչ-ինչ ճանապարհներով ստիպել են մեզ ընդունել օրենքներ, որոնք հիմա ԵՏՄ մտնելով՝ կորցնում են իրենց ուժը: Եվ բնական է, որ իրենք պետք է դեմ լինեն ԵՏՄ-ին: Մասնավորապես, մաքսային տուրքը այդ արտահանվող հումքի համար 4 տոկոս էր, երբ աշխարհում 25-30 էր, արդյունքում տարիներ շարունակ մեր բյուջե գրեթե փող չէր մտնում: Երբ մենք անդամակցեցինք ԵՏՄ-ին, այդ տուրքը դարձավ 25-30 տոկոս, եւ այն հսկայական գումարները, որ դուրս էին գալիս երկրից, այսօր մնում են մեր բյուջեում: Արեւմուտքը այստեղ կորցնում է միլիարդներ: Իսկ մեր շահը որտե՞ղ է, որ 30 տոկոսը մտնի մեր բյուջե՞, թե՞ գնա դուրս: Իսկ Եվրոպայի հետ մենք ունենք վիզային ռեժիմ, օրենքները անցնում են փորձաքննություն, իրենք պարտադրում են արժեքային համակարգ, անվտանգության որեւէ երաշխիք չեն տալիս, ընդունում են հակահայկական բանաձեւեր, անջատում են ԵԽԽՎ-ում պատգամավորների խոսափողը: Այս շարքը եւս կարելի է շարունակել: Ու թող ընթերցողը որոշի, թե ում հետ ունենք վասալային հարաբերություններ»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը եւ տարածքներ զիջելու շահարկումներին՝ Վաղարշակ Հարությունյանն ասել էր, որ 3 նախագահների քաղաքականությունը նույնն է եղել, 3-ն էլ ասել են՝ պատրաստ ենք տարածքներ զիջել կարգավիճակի դիմաց: Մեր հարցին, որ նախկինում խոսք էր գնում կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու մասին, բայց վերջին տարիներին կոնցեպտը ասես փոխվեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց», Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Դուք քարոզչական պատերազմի ազդեցության դաշտում եք: Հավատացե՛ք ինձ»:

97-ից Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, մեր հարցին՝ ապրիլյան պատերազմից հետո չկա՞ր դրա հնարավորությունը Ղարաբաղը վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ դրա ակնարկն արեց Սերժ Սարգսյանը, բայց հետո մոռացվեց, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի մասնակցությունը տարբեր ժամանակներում եղել է տարբեր: Այս պահին հայկական կողմը դրել է պահանջ՝ ստեղծել մեխանիզմներ շփման գծում, որոնք կբացահայտեն զինադադարի պայմանագիրը խախտող կողմին, ինչը ընդունեցին համանախագահները Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում: Ադրբեջանական կողմը Վիեննայում համաձայնեց, բայց հետո հրաժարվեց, ինչը ակնհայտ խոսում է այն մասին, թե ով է խախտում զինադադարի պայմանագիրը: Հայկական կողմը հայտարարել է, որ միայն այս պայմանավորվածության իրականացման պարագայում է հնարավոր բանակցությունների վերսկսում: Եվ բանակցությունների վերսկսումից հետո, վստահ եմ, հայկական կողմը կպահանջի ԼՂՀ-ի մասնակցություն բանակցություններին, ինչին, բնականաբար, կհակադրվի Ադրբեջանը»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031