Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մարիամ Մուղդուսյան. «Պետական մարմիններից ասել են` փակի քո կենտրոնը»

Դեկտեմբեր 08,2016 22:07

Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն երկու տարեկան է: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը, երկու տարվա ընթացքում կենտրոնն իր համար անսպասելի ռեկորդներ է սահմանել:

«Բացի մեր ընթացիկ ծրագրերը ամեն տարի մենք մշակութային նախագծեր ենք իրականացնում, օրինակ` այս տարի 3 մեծ նախագիծ ենք իրականացրել`առաջինը լրագրողների համար նախատեսված 6-ամսյա դասընթացն էր, երկրորդը` «Նաիրյան» անսամբլի հիմնադրումը, որը հիմնականում Կոմիտասյան երգեր ու ժողովրդական մշակումներ է կատարում, երրորդն էլ այն է, որ սկսել ենք սոցիալական ձեռներեցություն:

Մեր կենտրոն հաճախող երեխաների ճնշող մեծամասնությունը աղքատ եւ ծայրահեղ աղքատ ընտանիքների կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված խմբի երեխաներ են, հաշմանդամություն ունեցողներ, իրավախախտում կատարածների զավակներ: Այդ երեխաների մեծ մասի համար ներկերի, նատյուրմորտի պարագաների, ճանապարհածախսի խնդիր ունենք: Ճանապարհածախսը, սնունդը, ընթացիկ նյութերը կենտրոնն ինքն է ստիպված լինում հոգալ:

mariam2

Միաժամանակ կարծում ենք, որ սոցիալական ձեռներեցության շնորհիվ երեխաները կարող են գումար վաստակել, հետեւաբար մենք իրենց սովորեցնում ենք կավագործություն, որը հետո սպառում ենք: Այս անգամ նրանք պատրաստելու են աղաման եւ հրեշտակներ»,-պատմեց կենտրոնի հիմնադիրը: Կավագործության նախագիծը «Հնար» է կոչվում, մասնագետներն անվճար են աշխատել, Մարիամն էլ ողջ նյութական ներդրումն իր կողմից է կատարել եւ պատրաստ է նրան, որ այդ գումարը գուցե չվերադառնա:

«Մենք հավաքել ենք մեծ դասարաններ, սկզբում 8 հոգի էինք, հետո 15, 25, այժմ 37 հոգի ենք: 37-ից 27-ը անվճար հիմունքներով է հաճախում, կա նաեւ ունեւորների խումբ, որոնց ծնողները ամեն ամիս նվիրատվություն են կատարում իրենց երեխաների ներկերի համար: Հենց նրանց ավելացած գումարով էլ ներկեր ենք գնում մյուս երեխաների համար: «Հնարի» հետ հույսեր ենք կապում, որովհետեւ 250 000 դրամ տարածքի վարձակալության գումար ենք վճարում, 70-80 հազար էլ` ջեռուցման գումար: Տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ մշակութային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի դիտումներ, ընթերցումներ, արվեստագետների հետ հանդիպումներ, մուտքը եղել է ազատ: Մենք բազմաթիվ ուսանողների անվճար նկարելու, շնորհանդեսներ կազմակերպելու հնարավորություն ենք տվել»,-հավելեց Մարիամը:

Հետաքրքրվեցինք` ինչու որոշեց նման ծանր բեռ վերցնել ուսերին, երբ կարող էր ավելի թեթեւ «զբաղմունք» գտնել: «Երբեմն պահեր են եղել, երբ մտածել եմ փակել կենտրոնը, ախր դեպք եմ ունեցել, որ թերսնումից երեխա է ուշաթափվել կամ վատառողջ ու ծանր պայմաններում գտնվող երեխա ունեմ: Ամեն անգամ սթրեսի մեջ եմ ընկնում: Ես սկզբում չեմ մտածել, որ մեր կենտրոնը կարող է ձնագնդիի պես գլորվելով մեծանալ: Մանավանդ նման կենտրոն պահելը անհատի խնդիր չէ: Ես պետական մարմիններին դիմել եմ, ու տեղեկացրել, որ եթե տարածքի վարձից ազատվեինք, կարող էինք նույնիսկ 100 երեխայի հետ աշխատել: Ամենազավեշտալի պատասխաններից մեկն այն է եղել, որ փակի քո կենտրոնը, փող չունեիր, չբացեիր: Ասել են, որ իբր նման կենտրոններ արդեն կան:

Իրականում չկա այնպիսի կենտրոն, որտեղ շաբաթական 5 օր երեխան այցելի, չկա այնպիսի կենտրոն, որ լրիվ չունեւոր երեխայի պատրաստի բուհի կրթության: Որքան էլ դժվար է, չեմ նահանջելու: Որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որեւէ հարցում չի աջակցել մեզ: Միակը, թերեւս, արդարադատության նախարարությունն էր: Դեկտեմբերի 10-ին «Մարիոթ» հյուրանոցում կայանալիք մեր ցուցահանդեսը նրանց միջոցառման մի մասն է դարձել: Իմիջիայլոց, երեխա ունեմ, որ ֆուրշեթ չի տեսել, «Մարիոթի» մասին էլ չէր կարող երազել»:

Հավելենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաների ցուցահանդեսը կրում է «Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» խորագիրը: Միջոցառման օրը խորհրդանշական է` դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Միջոցառումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանությանն և հնարավորությունների ապահովմանը: Երեխաների վաճառած աշխատանքների գումարը հենց երեխաներին էլ կհասնի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031