Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշում մեկնարկել են վերականգնողական շինարարական աշխատանքները

Դեկտեմբեր 10,2016 13:40

«Այսօր գյուղում ընտանիք, որպես այդպիսին, չունենք, ունենք ընտանիքի տղամարդիկ»,- Արցախի Մարտակերտ շրջանի Թալիշ գյուղ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը

Նա նշեց, որ օրերս արդեն Թալիշում մեկնարկել են վերականգնողական շինարարական աշխատանքները, եւ այդ աշխատանքների հետ զուգահեռ՝ կանդրադառնան նաեւ գյուղը վերաբնակեցնելու հարցին. «Այսօր արդեն սկսվել է նոր դպրոցական շենքի վերակառուցման աշխատանքը, որը համարվում է նախկին հյուրանոցային շենքը: Ըստ էության՝ այն շենքը, որ նախկինում ծառայում էր որպես դպրոց, ճակատային գծից թշնամու կողմից ուղիղ տեսանելիության տակ էր, եւ այդ դպրոցի վերակառուցման աշխատանքները դադարեցվել են: Հիմա պետք է վերակառուցվի նախկին հիվանդանոցային շենքը:

Կկառուցվի նաեւ գյուղապետարանի նոր շենքը, կվերականգնվի հանդիսությունների շենքը, հետագայում նաեւ կանդրադառնանք մանկապարտեզի շենքի կառուցմանը, որը ծրագրով կա եւ անգամ կան նախագծային աշխատանքները: Իհարկե՛, կկատարվեն նաեւ անհատական բնակարանային ֆոնդի վերակառուցման աշխատանքները, եւ հիմքից կկառուցվեն շենքեր, որովհետեւ գյուղում, փաստորեն, նոր նախագիծ կա՝ նոր թաղամասերի կառուցում, նոր ճանապարհներ, դրան զուգահեռ կվերականգնվի նաեւ նախկին բնակֆոնդը: Իհարկե՛, չենք անդրադառնա այն թաղամասին, որը թշնամու կողմից գտնվում է նշանառության տակ»:

Վիլեն Պողոսյանի խոսքերով՝ այսօր Թալիշում ապրում է 12-13 բնակիչ, որոնք կընդգրկվեն շինարարական աշխատանքներում, կան նաեւ ազատամարտիկներ, որոնք ըստ ցանկության կընդգրկվեն Պաշտպանության բանակում եւ դիրքերի ամրացման գործընթացում:

Նա հավելեց, որ այսօր Արցախում հաստատվել են 270 թալիշցի, այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմից հետո հաստատվել էին ընդամենը գյուղի 130 բնակիչ, մնացածը տեղափոխվել էին Հայաստանի Հանրապետություն:

Վիլեն Պետրոսյանը ընդգծեց, որ Թալիշում այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ բնակիչները ցանկություն ունենան վերադառնալ գյուղ. «Այսօր էլ շարունակվում է հայրենադարձության գործընթացը, մենք սպասում ենք, որ Ալաշանում պետք է 20 տնակներ տեղադրվեն, եւ մենք նորից կընդունենք ընտանիքներ: Մոտ օրերս մենք Չարենցավանից ընդունեցինք 7 հոգուց կազմված 1 ընտանիք, այս երկու օրերի ընթացքում Արարատից կտեղափոխենք  2 հոգուց կազմված ընտանիք: Այդ գործընթացը շարունակվում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031