Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երաժշտական թատրոնի մեկնարկը տրված է (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2016 13:00

«Նոր երաժշտական թատրոն» (ՆՈՐԵՐԹ) արվեստի զարգացման կենտրոնը եւ Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը դեկտեմբերի 8-ին Ազգային օպերային թատրոնում ներկայացրին Աստոր Պիացոլայի գլուխգործոցներից բանաստեղծ Օրասիո Ֆերերի համագործակցության արդյունքում ստեղծված «Maria de Buenos Aires» օպերա-տանգոն, որտեղ միավորված է երգը, պարը եւ խոսքը: Սա նորաստեղծ թատրոնի առաջին աշխատանքն է: Օպերա-տանգոն առաջինն է հայաստանյան օպերային արվեստում, հետեւաբար հետաքրքրել էր հանդիսատեսին, ինչի վկայությունը լեփ-լեցուն դահլիճն էր: Այն բեմադրվել է աշխարհի բազմաթիվ բեմերում: Հայաստանյան բեմադրության ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը: Բեմադրությանը հրավիրված էր Ազգային օպերային թատրոնի երաժիշտներից բաղկացած «Օպերիտա» անսամբլը, որը ղեկավարեց ճանաչված երաժիշտ Մադաթ Ավանեսովը, նաեւ բալետի արտիստներ: Բեմադրող նկարիչն է Ռաֆայել Խաչատուրյանը, զգեստների նկարիչը՝ Ռուբինա Հովհաննիսյանը, բեմադրող բալետմայստերը՝ Անի Գալստյանը: Պրեմիերայի համար Արգենտինայից հրավիրված էր մեր ունկնդրին արդեն ծանոթ բանդոնեոնահար Կառլոս Բուոնոն:

samvel-4 samvel-5

«Maria de Buenos Aires» (թարգմանաբար՝ «Մարիան Բուենոս Այրեսից»)-ի գլխավոր հերոսուհին՝ Մարիան, խորհրդանշում է տանգոն, նրա ճակատագրում արտացոլված է այդ երաժշտաոճի պատմությունը, որն առաջացել է 19-րդ դարի սկզբում ու դարձել Արգենտինայի խորհրդանիշը:

«Առավոտի» հետ զրույցում Արմեն Մելիքսեթյանը հայտնեց. «Օպերա-տանգոյում հստակ սյուժետային գիծ չկա, ընդամենը 16 պատկեր է: Արգենտինացի բանաստեղծ Օրասիո Ֆերերի ստեղծագործությունների հետ «շաղախել» եմ նաեւ նմուշներ Գարսիա Լորկայի եւ Բորխեսի պոեզիայից, այսինքն՝ սյուժետային գիծը սիմվոլիկ է: Այն ռեժիսորին հնարավորություն է տալիս գերլարել ֆանտազիան: Աշխարհի տարբեր բեմերում այս երկը հիմնականում ներկայացվում է համերգային կատարմամբ: Մենք աշխատել ենք բեմական լուծում տալ ստեղծագործությանը»:

«Մարիան կամ նույն ինքը՝ Տանգոն, ընկնում է թմրամոլների, խաղամոլների շրջապատ, ինչի հետեւանքով էլ հենց տանգոն սկսվում է խեղաթյուրվել որպես պար: Բայց Պիացոլային հաջողվում է մաքրել պարը եւ ներկայացման ավարտին սպիտակազգեստ երեխայի երեւալը դրա հավաստումն է»,- մանրամասնեց պարոն Մելիքսեթյանը:

6-1-2
Ոչ միայն արտիստների բարձրակարգ խաղը, այլեւ բեմում էկրանային համակարգը օգնում էր հանդիսատեսին ավելի մատչելի ընկալել սյուժեն. փաստորեն, Տանգոյին սպանում են երկու անգամ՝ մարմինը, ապա հոգին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. տանգոն ճանաչվել է աշխարհի մարդկային ժառանգություն, որն իր մեջ ամփոփում է ազատագրված ստրուկների, էմիգրանտների, սոցիալական բեւեռվածության, աղքատության ու ռասիզմի բովից ելած եվրոպական, աֆրիկյան ու հնդկացիական մշակույթները:

Բեմադրությանը հրավիրված արտիստներից ներկայացնենք մեկ-երկուսին: Գլխավոր գործող անձ Մարիայի, նույն Տանգոյի կերպարը մարմնավորող Մարիաննա Պողոսյանը, որը Ազգային օպերային թատրոնի բալետի արտիստ է, անակնկալ ներկայացավ իբրեւ երգչուհի, այն էլ՝ տանգոյին հարիր բարձրարվեստ կատարումով: Սա միակ անակնկալը չէր: Դերասան Կարեն Խաչատրյանը (Դուենդե), որը, կարճ ասած՝ մեֆիստոֆելյան կերպար է, ով յուրովի է սիրում Տանգոյին, զարմացրեց իր, չասենք՝ բալետային, բայց պարային շարժումներով: Երաժշտական թատրոնի դերասան Սեւակ Մուսախանյանի հերոսը՝ Պայադորը, ներկայացված էր ընդհանուր առմամբ դրական երանգներով, եվանգելիստական, եկեղեցական երգեցողությանը բնորոշ ինտոնացիաներով: Առաջին անգամ մեծ բեմում հանդես եկող արտիստը զարմացրեց իր պարային իսկապես հստակ շարժուձեւով:

samvel-1 sam-2 samvel-6

Մեկ անակնկալ եւս. հանդիսատեսին ծանոթ բալետմայստեր Արա Ասատուրյանը, որը կերտել էր հոգեբանի կերպարը, որով եկել էր ճնշելու Տանգոյի հոգին, այնպիսի վոկալ ցուցաբերեց, ինչն իսկապես անսպասելի էր:

Զրույցի ընթացքում Արմեն Մելիքսեթյանը նշեց, որ ստեղծված թատրոնի, արվեստի զարգացման կենտրոնի առաքելությունն է բեմադրել, պրոպագանդել երաժշտաթատերական գործեր, նպաստել այս ժանրի զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Ներկայացման ավարտին հանդիսատեսի շրջանում պտտվում էր հետեւյալ խոսակցությունը. «Այս օպերա-տանգոն Մելիքսեթյանը կարծես հատուկ է ընտրել, սյուժեն նման է 1999թ. իր հիմնադրած Երաժշտական կամերային թատրոնի ճակատագրին, որին երկու անգամ «սպանեցին» (նկատի ունեն Մելիքսեթյանին Երաժշտական կամերային թատրոնում երկու անգամ իբրեւ գեղարվեստական ղեկավար նշանակել-ազատելը- Ս. Դ.), բայց, փաստորեն, Մելիքսեթյանը «ծնեց» նորը՝ Նոր երաժշտական թատրոնը»:
Նշենք նաեւ, որ նախագծին աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031