Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան

Դեկտեմբեր 15,2016 12:43

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչները և աշխատանքային խմբում ընդգրկված դպրոցների տնօրենները: Նշենք, որ աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳ նախարարի հրամանով՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 Ա որոշմամբ հաստատված ծրագրի:

Աշխատանքային խմբին հանձնարարված է վեցամսյա ժամկետում մշակել դպրոցների զարգացման մեթոդաբանություն: Ներկայացնելով դպրոցների զարգացման մեթոդական մոտեցումների կարևորությունը՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի 1380 դպրոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր առանձին զարգացման ծրագիրը. «Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը, որը բովանդակային առումով կներկայացնի  տվյալ դպրոցի հետագա զարգացումը,  ինչպես նաև կներառի դպրոցի հեռանկարը, շինարարական և նորոգման խնդիրները: Զարգացման ծրագիրը պետք է բխի կոնկրետ իրավիճակից և շատ հնարավոր է, որ այսօրվա զարգացման ծրագիրը մի քանի տարի անց տվյալ հաստատության պահանջները այլևս չբավարարի: Յուրաքանչյուր դպրոց իր զարգացման ծրագրով պետք է հնարավորություն ունենա անընդհատ մեծացնել իր զարգացման նշաձողը: Մեր խնդիրն է օգնել դպրոցին՝ նրան առաջարկելով այնպիսի մեթոդաբանություն, որտեղ ամեն տնօրեն կկարողանա իր դպրոցի զարգացման առաջնահերթությունը ձևակերպել»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ դպրոցների զարգացման մեթոդաբանություն մշակելու անհրաժեշտությունն առաջացել է ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ուսումնասիրությունից: Գործող օրենսդրությունը պահանջներով յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ընտրվում է մրցույթով, որին մասնակցելու կարևոր պահանջներից մեկն էլ զարգացման ծրագրի ներկայացումն է: Կատարված ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ զարգացման ծրագրերը հիմնականում կրկնում են միմյանց, շատ դեպքերում փոխված է միայն դպրոցի անվանումն ու գտնվելու վայրը: «Մեր խնդիրն է հստակեցնել և որոշակիացնել, թե ինչ բաղադրիչներից է կազմված լինելու զարգացման ծրագիրը: Ամեն դպրոց կրթության բովանդակության իր ամբիցիան՝ ձգտումն ու հավակնությունը պետք է ունենա և դա պետք է ձևակերպված լինի այդ ծրագրում»,-նշել է նախարար Մկրտչյանը:

Խորհրդակցության ընթացքում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորասյանը ներկայացրել է «Դպրոց կենտրոնների միության» կողմից  մոտ երկու տարի առաջ մշակված դպրոցների զարգացման ծրագրի ուղեցույցը, որը կարող է հիմք ընդունվել մեթոդաբանության հետագա մշակման համար:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031