Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դա հաշտեցում չէ՛, խաղաղություն չէ՛, Քեմփ Դեւիդ չէ՛

Դեկտեմբեր 20,2016 22:30

Անհրաժեշտ է արժանին մատուցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ մեր պետության համար կենսական կարեւորության հարցը հանրային եւ քաղաքական օրակարգ վերադարձնելու փորձի համար:
Ելույթ ունենալով ՀԱԿ կուսակցական համագումարում՝ պարոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ եռակի ամպլուայում. նախ, որպես բարձրակարգ գիտնական՝ պատմաբան, լեզվաբան, նաեւ` յուրահատուկ քաղաքական փորձը համակարգած քաղաքական փորձագետ, ինչպես նաեւ՝ որպես նախկին նախագահ եւ որպես ակտուալ քաղաքականության դերակատար: Դա երեք համատեքստ է հաղորդում իր՝ միանշանակորեն քաղաքական ելույթին:

Դժվար է առարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին ամենակարեւոր հարցում, որ բանակցային գործընթացում փոխզիջման պատրաստ չլինելու այլընտրանքն աղետաբեր պատերազմն է՝ իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով: Դժվար է նաեւ չհամաձայնվել նախկին նախագահի հետ, թե ինչ աղետալի հետեւանքների բերեց «հայտնի ուժերի» կողմից իրականացված իշխանափոխությունը 1998-ին: Որովհետեւ, ինչպես ասում են, «չոր մնացորդում» ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մնաց բանակցային գործընթացի ձեւաչափից՝ Հայաստանի վրա դնելով պատասխանատվություն, որն ի սկզբանե լեգիտիմ չէ, քանզի ներկայումս բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի եւ իշխանության մեջքի հետեւում, մինչդեռ գլխավոր պահանջը, որը պետք է հնչեցնեին իշխանությունները Ստեփանակերտում, նույնն է, ինչ ժամանակին լեհերինը, եւ նույնքան լեգիտիմ. «Ոչի՛նչ մեր մասին՝ առանց մեզ»: Եվ այս առումով հարցը մտած է փակուղի՝ ի հաշիվ հայկական շահերի:

Միեւնույն ժամանակ, որոշակի առումով լինելով ակտուալ քաղաքականության դերակատար, Տեր-Պետրոսյանի ելույթն անխուսափելիորեն տեղավորվում է ընթացիկ քաղաքական իրողությունների համատեքստում եւ վերացական ընկալվել չի կարող, այլ որպես ներկայիս քաղաքական գործընթացների համայնապատկերի բաղկացուցիչ: Ի՞նչ է տեղի ունենում ներկայումս, եւ Ռուսաստանի ո՞ր ջանքերի մասին է բարձրաձայնում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախ՝ հարկ է նշել, որ գրեթե մեկժամյա ելույթում այդպես էլ անդրադարձ չեղավ քառօրյա պատերազմի խորքային պատճառներին եւ Ռուսաստանի դերակատարությանն այդ հանցավոր պատերազմի սանձազերծման գործում:
Իր մոտեցումները շարադրելով՝ առաջին նախագահը փաստորեն հորդորում է ՀՀ իշխանություններին ականջալուր լինել եւ ընդառաջել ռուսական առաջարկներին, որոնք, ինչպես հայտնի է, անթաքույց կերպով եւ արդեն երկար ժամանակ հրապարակ են նետվում իրենց համար ամենահարմար, իսկ մեզ համար՝ ամենաանհարմար պահին, որպեսզի վիժեցնեն Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում ընդունված եւ իրական խաղաղությանը միտված շատ պարզ որոշումները, որին, ի դեպ, Ռուսաստանը չի՛ առարկում հրապարակայնորեն, սակայն դրան խոչընդոտում է «ձախ ձեռքով»՝ զինելով եւ լկտիացնելով Ալիեւին, որին, պարզ չէ՝ ինչ հիմքով, բայց Տեր-Պետրոսյանն արժանացնում է չվաստակած կոմպլիմենտի՝ անվանելով նրան «ռացիոնալ մտածող պետական գործիչ»: Եվ հենց այդ գործիչն էր, որ իրականության զգացումը կորցնելով՝ հարձակվեց Արցախի վրա՝ ստանալով արժանի հակահարված: Այնպես որ, անկախ Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության քաղաքական որակներից, դրանց ընկալումներից եւ գնահատականներից՝ դժվար է չտեսնել նաեւ, որ խաղաղություն հաստատելու գործընթացը, լինելով երկկողմանի երթեւեկությամբ «փողոց», հայկական կողմն իր մասով ավելի քան ապահովում է՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի:

Ինչ վերաբերում է այն թեզին, որ Ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, ապա այն որեւէ քննության չի՛ դիմանում: Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի «ամենասիրելի» հակամարտությունն է հետխորհրդային տարածքում: Ռուսաստանի ձեռքում է, անկասկած, պատերազմի հրահրման, այլ ոչ՝ կարգավորման բանալին, որը նա գործի դրեց «ռացիոնալ» Ալիեւի ձեռքով ս.թ. ապրիլին, եւ հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ Ռուսաստանի ձեռքից այդ չարաբաստիկ բանալին միջազգային հանրությունն առգրավի, ինչը մասամբ ստացվեց ապրիլյան պատերազմի վերջում՝ Վիեննայի բանակցություններում, որտեղ Ռուսաստանին պարզապես ստիպեցին խաղալ ամերիկյան կանոններով, իսկ Ալիեւին ցույց տվեցին իր տեղը: Սակայն, ցավոք, դա վերջացավ, երբ հայկական կողմը համաձայնվեց գնալ Սանկտ Պետերբուրգ եւ ռուսներին թույլ տվեց լղոզելու Վիեննայի պայմանավորվածությունները:

Մի՞թե հիմա Ռուսաստանն իրոք ձգտում է խաղաղության, եւ նրա այդ «լուրջ ջանքերն» ուղղված են վերջնական, թեկուզ փուլային կարգավորմանը, եւ Սերժ Սարգսյանը կամ նրա գլխավորած Հանրապետական կուսակցությունն է այդ «լուրջ ջանքերի» գլխավոր խոչընդոտը: Իրողությունը միանգամայն այլ է: Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում հակացուցված է խաղաղությունը. Մոսկվան ընդամենը ուզում է փոխել հակամարտության «երկրաչափությունը» եւ ի հաշիվ հայկական շահերի, հայերի միակողմանի զիջման՝ մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ կողմերից կորզել իր «խաղաղապահ» զորքերի տեղակայման համաձայնությունը:
Հիպոթետիկ, եթե վաղն առավոտյան կողմերը գան վերջնական համաձայնության եւ հարցը կարգավորեն, ապա տարածաշրջանում դրանով իսկ ստեղծվում է միանգամայն այլ իրողություն, որտեղ Մոսկվան ներկայիս ձեւով, չափով, որակով եւ նկրտումներով ուղղակի անելիք չունի, եւ այդ հարցը նրա առջեւ կդնեն այդ հիպոթետիկ համաձայնությունից մեկ ժամ անց՝ այնպես, ինչպես Եգիպտոսում Քեմփ Դեւիդից հետո:

Ի դեպ, Քեմփ Դեւիդի պատմական համաձայնագրի եւ հաշտեցման մի շատ կարեւոր ասպեկտ վրիպեց առաջին նախագահի ուշադրությունից: Իսրայել պետության ստեղծման գործում ստալինյան ԽՍՀՄ-ի դերը եղել է որոշիչ: Հոլոքոստից դասեր առած տասնյակ հազարավոր հայրենադարձ հրեաներ անապատում օրուգիշեր աշխատում էին կոլեկտիվ տնտեսության պայմաններում նորաստեղծ կիբուցներում՝ ռազմականացված ավաններում, իսկ Իսրայելի հիմնադիր հայրերը, լինելով Սիոնիզմի՝ հրեաների հայրենադարձության եւ Երուսաղեմի Սիոն լեռան շուրջը պետություն վերածնելու գաղափարախոսության կրողները, նաեւ ընդգծված «ձախականներ» էին եւ մեծ ակնածանքով էին վերաբերվում ԽՍՀՄ-ին, սակայն դա չխանգարեց, որպեսզի գիտակցեն, թե որքան վտանգավոր եւ վնասակար է դառնալ Կրեմլի բութ գործիքը տարածաշրջանում: Եվ հրեատյաց Ստալինը հրեաների նկատմամբ մեծ սիրուց չէր, որ առաջին՝ 1947-49թթ. անկախության պատերազմի ժամանակ, երբ Իսրայելի բոլոր հարեւանները հարձակվեցին նրա վրա, եւ հրեաներին սպառնում էր մի նոր Հոլոքոստ, այս անգամ՝ պատմական հայրենիքում, սկսեց Չեխոսլովակիայի միջոցով զինամատակարարումներ, որոնք էլ մեծ հաշվով վճռեցին պատերազմի ելքը:

Իսկ 1956 թվականին արդեն այլ կերպ էր: Ցավոք, արաբական պետությունները որոշեցին դառնալ Մոսկվայի բութ գործիքը Մերձավոր Արեւելքում, եւ ռուսները սկսեցին նրանց «փրկել»: Եվ դա շարունակվեց մինչեւ Քեմփ Դեւիդը: Իսկ Մոսկվային, որը 70-ականներին վերածվել էր պետրոկրատիայի՝ նավթապետության, պետք էր միայն մի բան. Մերձավոր Արեւելքը պիտի միշտ լինի հրդեհի մեջ, քանզի դա ապահովում է նավթի բարձր գին, հետեւաբար՝ խնդիրներ Արեւմուտքի համար, ինչպես նաեւ բացում էր զենքի բիզնեսի չափազանց լայն հնարավորություններ, որոնց միջոցով էլ հրահրվում են նոր կոնֆլիկտներ: Այսինքն՝ Ռուսաստանը ձեւավորել էր այն, ինչ Իսլամում կոչվում է Դար-ալ-Հարբ՝ «պատերազմի եւ անհավատության տարածք», որտեղ գործի է դրվում ամենայն «հարամը»: Եվ Եգիպտոսի ղեկավարության հերթն էլ եկավ՝ գիտակցելու, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի «բարեկամ», այն, ինչ չգիտակցեց այն ժամանակվա զինակից, Սիրիայի առաջնորդ Հաֆեզ Ասադը, որը խնդիրը չլուծելով՝ այն ժառանգեց քաղաքականության մեջ անտաղանդ, բայց լավ ակնաբույժ իր որդուն, որն էլ այժմ ռուսների «բարձր հովանու ներքո» փորձում է շարունակել թագավորել ավերակների վրա՝ խլելով ավելի քան կես միլիոն սիրիացիների կյանքը:

Այսինքն՝ Քեմփ Դեւիդի գլխավոր արդյունքներից մեկը, բացի խաղաղությունից, այն էր, որ Մոսկվայի ոտքը կտրվեց այդ տառապանքների մատնված տարածաշրջանից: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո նոր դա հասկացավ նաեւ Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթը, որը 1993թ. սկսեց հաշտեցման գործընթացը:

Կասկածից վեր է, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները վերջին հաշվով ընդունակ են թե՛ հաշտեցման, թե՛ հետագա խաղաղ, բարիդրացիական հարաբերությունների, եւ որ այդ արժանապատիվ խաղաղությանը հնարավոր է հասնել միայն փոխզիջումների ճանապարհով, այնպես, ինչպես Եգիպտոսի եւ Իսրայելի ժողովուրդները: Սակայն Քեմփ Դեւիդի հանգույն՝ դա կարող է լինել միայն առանց Ռուսաստանի, ի հեճուկս Ռուսաստանի եւ ի հաշիվ Ռուսաստանի, բայց ոչ նրա նախաձեռնությամբ, նրա «ակտիվ ջանքերով» կամ մանավանդ՝ գլխավորությամբ: Եվ, իհարկե, այս ամենի համար մենք «երախտապարտ» ենք մեր «ռազմավարական դաշնակցին», քանզի ունենալով այդպիսի դաշնակից՝ մեզ այլեւս թշնամի պետք չէ:

Անշուշտ, ողջունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով Հայաստանում ձեւավորված իրողությունները՝ կապված հայ-ռուսական, մեղմ ասած, ասիմետրիկ հարաբերությունների հետ, քաղաքական ուժերը պարտավոր են այդ ասիմետրիան վերացնելու հստակ ռազմավարություն մշակել եւ համապատասխան գործընթաց սկսել, քանզի այսօր այդ ասիմետրիան հասել է անընդունելի վտանգավորության աստիճանի, եւ Հայաստանի քառորդդարյա պետականությունն այսօր ասպատակվում է Մոսկվայի եւ նրա «ռուսահայ» կոլաբորացիոնիստների կողմից, եւ այնպիսի տպավորություն է, կարծես Ռուսաստանի կողմից նշանակված «տեղապահները» ջանք ու եռանդ չեն խնայում երկիրն իր «տիրոջը» վերադարձնելու գործում՝ առաջին իսկ հրահանգով վազելով ռուսական շոգեքարշի դիմացից:

Այո՛, իշխանությանը պետք է հորդորել եւ զորավիգ լինել նրան հատկապես ա՛յս հարցում, քանզի կենսական հարցերի լուծման բանալին ում ձեռքում էլ որ լինի՝ այդ բանալուց, նախ, օգտվել է պետք: Իսկ դրա համար Հայաստանն իրավունք չունի թույլ տալու, որպեսզի որպես ինքնիշխան պետություն տարրալուծվի այսօրվա՝ այդ մի նոր «Դար-ալ-Հարբի» մեջ՝ վերջնականապես վերանալով քարտեզի վրայից:

«Ազգ-բանակի» մասին՝ հաջորդիվ

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարում (ԲիԲիՍի)` Անվար Սադաթ, Ջիմի Քարթեր, Մենախեմ Բեգին, 1978թ.

«Առավոտ»

20.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031