Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվը՝ առողջ հասարակության եւ Հայաստանի զարգացման գրավական

Դեկտեմբեր 20,2016 17:49

Կայացավ սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի 2-րդ համաժողովը՝ նվիրված ֆեդերացիայի հիմնադրման 4-ամյակին:

Համաժողովին մասնակցեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի, բնապահպանության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, ոստիկանության, զբոսաշրջության պետական կոմիտեի եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների պաշտոնյաներ:

Այսպիսի ներկայացվածության պատճառը, թերեւս, այն էր, որ մեզանում վերջապես սկսում են հասկանալ մարդու երկանիվ ընկերոջ անփոխարինելի կարեւորությունը ինչպես առողջ հասարակություն ունենալու հարցում, այնպես էլ, թե հեծանվային մշակույթի տարածումը ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ ընդհանրապես Հայաստանի զարգացման համար:

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին մի ամբողջ շարք օրախնդիր թեմաներ՝ սիրողական հեծանվասպորտը դպրոցում եւ բուհում, հեծանվային զբոսաշրջության երթուղիների ստեղծում հանրապետության ամբողջ տարածքում, հեծանվային կախիչների տեղադրում ավտոբուսների վրա, հեծանվորդների ապահովագրություն, Հայաստանում հեծանիվի հանրային թանգարանի եւ Երեւանում հեծանվային պուրակի հիմնադրում, տարվա մեջ երկու անգամ սահմանել առանց ավտոմեքենայի՝ հեծանիվի մեկական օր, հեծանվորդների համար երթեւեկության կանոնների յուրացման դասընթացների կազմակերպում, խրախուսանք սահմանել հեծանվով աշխատանքի գնացողների համար եւ բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք ընդունված են եւ գործում են աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում:

Համաժողովը որոշեց բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ստեղծել հեծանվային մշակույթի հանրային խորհուրդ, որն առաջիկա օրերին անդրանիկ նիստը կանցկացնի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031