Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորին էլ ճանաչում ենք, թե ով ինչ է, ինչ է շնչում եւ ում հետախույզն է»

Դեկտեմբեր 23,2016 15:30

Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ իրենց նոր դաշինքում պաշտոնների համար կռիվ չեն անի, կոնկրետ ինքը պատրաստ է իր «բաղչեն մշակել» ու ապրել:

«Այս դաշինքի ամենակարեւորը գիտե՞ք որն է, որ ամբիցիաների հարց արդեն չկա այս երեք ուժերի մեջ, դա շատ մեծ նշանակություն ունի»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես ներկայացրեց իրենց կուսակցության կնքած նոր դաշինքը «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ:

Նա ասաց, որ իրենց դաշինքը տարբերվում է մյուս բոլոր դաշինքներից, որովհետեւ ի սկզբանե առանցքային հարցերի շուրջ համաձայնության են եկել. «Համաձայնության ենք եկել մի կուսակցություն դառնալու գաղափարի շուրջ, որ հետագայում ավելի արդյունավետ գործունեություն կլինի: Եթե տարբեր քաղաքական ուժերի, նորմալ քաղաքական կուսակցությունների երազանքը նորմալ պետություն ունենալն է, ժողովրդավար պետություն ունենալն է, մենք այդ հիմքերը դրած՝ համաձայնության եկած ենք գնում դրան, որ հետագայում գործունեություն ծավալելու ընթացքում ինչ-որ պրոբլեմներ չլինեն»:
Մեր դիտարկմանը, որ դեռ կիսելու բան չունեք, դա մինչեւ պաշտոնների հասնելն է, արդյո՞ք հետագայում էլ ամբիցիաներն ի հայտ չեն գա, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Հիմա ինչի՞ եք այդպես հուսահատեցնում, մարդիկ կան՝ չեն ուզում այս երկիրը փոսից փրկեն: Ես ոչ գանձ եմ ուզում, ոչ գահ եմ ուզում, ես էթամ իմ բաղչեն մշակեմ, ապրեմ, հասկանո՞ւմ ես, ես բան չեմ ուզում: Ուզում եմ երկիրն էս վիճակից դուրս գա, որովհետեւ ես տեսնում եմ՝ ուր է տանում էս ամեն ինչը»:

Սասուն Միքայելյանը ազատամարտիկներին կոչ արեց իրենց աջակցել: Մեր դիտարկմանը, որ ազատամարտիկներից շատերը հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի շուրջը, նա ժպտաց. «Ինչի՞, Ծառուկյան Գագիկը ազատամարտիկների ղեկավար կամ հրամանատա՞ր է եղել: Ես երբեք իմ ազատամարտիկ ընկերներին չեմ քննադատել, չեմ էլ քննադատելու, դա իրենց իրավունքն է, իրենց տեսակետը, բայց դե, ես դիմել եմ ազատամարտիկներին, որ հավատան, սատարեն, կանգնեն մեր կողքին, որ արդյունքում հաղթանակներ ձեռք բերվեն բոլորի՝ հայ ազգի համար: Այս տարիների ընթացքում կարողացան ազատամարտիկներին մասնատել եւ ճիշտն ասենք՝ արդյունքի հասան, էլի»:
Սասուն Միքայելյանը վստահ է՝ իշխանությունները կփորձեն մասնատել նաեւ իրենց դաշինքը, իրենց մարդկանց մտցնել դաշինքի շարքերը, բայց չի հաջողվի. «Արդեն մենք դրա դեմն առել ենք, որեւէ ուժ կամ հասարակական կազմակերպություն, եթե ուզենա միանալ մեզ, կոնսենսուսի արդյունքում դա միայն պետք է լինի՝ երեքի համաձայնությամբ: Մենք դժվար թե երեքով էլ սխալվենք: Մենք բոլորին էլ ճանաչում ենք, թե ով ինչ է, ինչ է շնչում եւ ում հետախույզն է»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ մարդիկ ի վերջո պետք է հասկանան՝ Սերժ Սարգսյանը համակարգային փոփոխություններ չի կարող անել. «Սրանք իմիտացիոն ինչ-որ քայլեր են, որ ամեն ընտրություններից առաջ անում է: Կարեն Կարապետյանին չխառնենք, ինքը նոր է եկել, կաշխատի՝ կերեւա, չեմ կարող գնահատական տալ իրեն հիմա»:

Մեր հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես նախընտրական պայքարի է մասնակցելու, Դուք իր թիմի անդամ էիք, հիմա Ձեզ համար դժվար չէ՞ մրցակցել նաեւ նրա հետ տարբեր թիմերում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մի տեսակ էնպես ցավոտ ու ցավալիորեն ես ասում՝ նույն թիմում եք եղել… Մենք եղել ենք ժողովրդի՛ թիմում: Ես միշտ հայտնվել եմ այն հարթակում, որի պահանջը ժողովուրդն ունեցել է: Ցավալու ի՞նչ կա: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008-ին ծավալած գործունեությանն էլ բոլորը ականատես եղան, այդտեղ ցավալու բան չկա: Ով հավատում ու վստահում է՝ խնդրեմ, ես ոչ քննադատում եմ, ոչ էլ մեղադրում եմ: Իսկ ով էլ տեսել է՝ ինչ է կատարվում այս տարիների ընթացքում, թող իր գաղափարով մտածի ու շարժվի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

22.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031