Դեպքից դեպք. դատական աբսուրդից մինչև պրակտիկ անգործություն

Դեպքից դեպք. դատական աբսուրդից մինչև պրակտիկ անգործություն

Վերջին օրերին երկու երեխաների մահվան և 8-ամյա աղջնակի հոր կողմից ծեծի սարսափելի դեպքերը կրկին վեր հանեցին կարևորագույն հարցը. ով է ի վերջո պաշտպանում երեխաների իրավունքները մեր երկրում:

8-ամյա աղջկան խանութ չգնալու համար դաժան ծեծի ենթարկած Արտյոմ Ս.-ն երեք երեխաների հայր է: Հայր, որը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջն ու երեք անչափահաս երեխաներին: Չհեռանալու մասին գրությունը՝ խափանման միջոց, 30 հազար դրամը՝ որպես տուգանք:

Սա երեխային միտումնավոր մարմնական վնասվածք հասցրած հոր նկատմամբ դատարանի որոշումն է: 30 հազար դրամը կկտրվի ընտանիքից ու կուղղվի ՀՀ պետբյուջե, իսկ բռնարարը կվերադառնա ընտանիք ու կշարունակի ապրել՝ բռնության ենթարկված կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ: Հարցը փակված է:

Աբսուրդը, սակայն, սրանով չի սկսվում և չի սահմանափակվում:

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսին՝ 4 ամիս առաջ: Այս ամիսների ընթացքում որևէ պատկան մարմին, պետական կառույց չի հետաքրքրվել այս երեխայի ճակատագրով: Դեպքի՝ հնչեղություն ստանալուց հետո, շուրջ մեկ շաբաթ է, փորձում ենք ոստիկանությունից, խնամակալության հանձնաժողովից, սոցիալական ծառայությունից պարզել երեխայի մասին որևէ ինֆորմացիա, սակայն ապարդյուն: Այս անտարբերությունն ուղղակի սարսափելի է»,- ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը:

«Արդեն 4-5 օր է, փորձում ենք իրավապահ մարմիններից ճշտել՝ ի՞նչ վիճակում է երեխան: Ինձ ոստիկանության Մալաթիայի բաժնում պատասխանում են, որ այս պահին ավելի կարևոր գործ ունեն քննվող: Կարևոր, քան մարդու, երեխայի կյանքը»,- զայրանում է սոցիալական աշխատող Հովհաննիսյանը:

arshak-gasparyanԱյսպիսի աբսուրդային դատավճիռներից հնարավոր կլիներ խուսափել մասնագիտացված դատարանների առկայության պարագայում: Այդ դեպքում ընտանեկան բռնության և հատկապես երեխաների նկատմամբ կատարված բռնարարքները կքննվեին նեղ մասնագիտացված դատավորների կողմից, հատուկ ընթացակարգով, ոչ թե մյուս քրեական գործերի հետ նույն հարթության վրա՝ հաշվի առնելով բացառապես հավաքված փաստերն ու ապացույցները: Այս համոզմանն է Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, հոգեբան Արշակ Գասպարյանը.

«Այն, որ պետք է լինեն ընտանեկան բռնության և հատկապես անչափահասների նկատմամբ ընտանիքի ներսում կատարված հանցագործության դեպքերը քննող հատուկ մասնագիտացում ունեցող, վերապատրաստված դատավորներ, հստակ է: Եվ, ամենակարևորը, նման դատավորների առկայությունը պետք է սահմանված լինի օրենքով:

Ի վերջո, պետության հիմնական խնդիրը կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխայի լավագույն շահի ապահովումն է: Որպես կանոն, բռնարար ծնողներին ընտանիքից մեկուսացնելու որոշում չի կայացվում, քանի որ այդպիսով կխախտվի նրանց սեփականության իրավունքը: Սովորաբար ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք ու երեխաներն են ստիպված լինում լքել տունը և տեղափոխվել ապաստարան: Իսկ տուն վերադառնալու դեպքում՝ կրկնազոհությունից խուսափելը գրեթե անհնար է դառնում:

Ուրիշի երեխաները. կյանքն ու ճակատագրերը դառնում են ընդամենը վիճակագրություն

Երեխաները հասարակության ամենախոցելի խավն են, ուղղակի որովհետև ֆիզիկապես իրենց պաշտպանելու հնարավորություն չունեն: Նրանց պաշտպանության գործառույթը, հիմնականում, ծնողների վրա է. ամեն ծնողի վրա՝ իր երեխայինը: Իսկ, իրականում, ուրիշի երեխա չի լինում:

Սրանք պարզ, ծեծված ճշմարտություններ են, որոնք գրելու համար չարժեր, գուցե, ժամանակ ծախսել: 182 և 73. իսկ սրանք պարզ-սովորական թվեր են, եռանիշ ու երկնիշ, ոստիկանության ամփոփագրերից, ըստ որոնց, այս տարվա ընթացքում 182 ֆիզիկական ու 73 սեռական բռնության ենթարկված երեխաների գործեր են հարուցվել: Այսքան պարզ ու արագ համարակալվում են երեխաները՝ ուրիշի ու մեր, ու դառնում վիճակագրություն՝ արդարադատության համակարգում:

Հայաստանում անչափահասների նկատմամբ ծնողների կողմից կիրառվող բռնության վերաբերյալ ստույգ վիճակագրություն չկա: Բարձրաձայնվող դեպքերի հիման վրա վիճակագրական տվյալներն ամփոփում է ՀՀ Ոստիկանությունը՝ ընտանեկան բռնությունների ընդհանուր համատեքստում: Ըստ այդմ՝ 2012 թ. արձանագրվել է ընտանեկան բռնության 766, 2013 թ.՝ 500, 2014 թ.՝ 575, իսկ 2015 թ.՝ 793, 2016 թ.-ի 11 ամիսներին՝ 600 դեպք:

Բռնությունը՝ որպես համակեցության ձև. ներընտանեկան հարց է. լռություն

Բռնությունն ընտանիքում թեմա է, որի մասին գերադասում են լռել: Լռում են նրանք, ովքեր երբևէ դրան չեն հանդիպել, ու նաև նրանք, ովքեր չգիտեն՝ ի՞նչ անել: Ստացվել է այնպես, որ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության թեման քննարկվում է միայն դեպքից դեպք` քողարկելով արանքում ընկած կյանքերն ու ճակատագրերը:

«Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգում» ուշագրավ տվյալներ կան:

Այսպես՝ ըստ Երևանի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի տվյալների՝ 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ կենտրոն տեղափոխված երեխաներից 75 %-ը ընտանիքում ենթարկվել է անտեսման, 53 %-ը` ֆիզիկական, 8 %-ը սեռական, 61 %-ը` հոգեբանական բռնության:

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում և համայնքային ցերեկային 2 կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այստեղ խնամվող շուրջ 1650 երեխաներից 470-ը ընտանիքում ենթարկվել է բռնության, 15.4 %-ը ֆիզիկական բռնության, 33 %-ը հոգեբանական, 1,5 %-ը` սեռական, 50 %-ը անտեսման:

Ուշագրավ է, որ հարցման մասնակիցները հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների թվին դասվող շատ գործողություններ, իրականում, բռնություն չեն համարում:

Հետազոտության մասնակիցները, որպես երեխայի նկատմամբ բռնություն, նշել են ծեծը, տարբեր առարկաներով հարվածելը (83 %), մութ սենյակում փակելը (73 %), քաղցած թողնելը կամ չկերակրելը (71 %), սպառնալը կամ ահաբեկելը (64 %), երեխային անտեսելը (առանց ուշադրության և խնամքի թողնելը) և երեխային աշխատել ստիպելը (59 %), մյուս ծնողի հետ շփումը արգելելը (58 %), երեխային ծաղրելը և/կամ վիրավորելը (56 %), երեխային ապտակելը, հրմշտելը (43 %), հարազատի կամ ընկերների հետ շփումը արգելելը (45%), երեխայի արտաքին տեսքը, պահվածքը, մտավոր ունակությունները անընդհատ քննադատելը (46 %):

Հարցվածների 36 %–ը փաստել են նաև, որ իրենց երեխաներն ընտանիքում երբեմն ենթարկվում են բռնության, հիմնականում` ֆիզիկական բռնության և/կամ ֆիզիկական պատժի (59%), հոգեբանական բռնության (58 %), անտեսման (6 %): Ի դեպ, 82 %-ը մոր կողմից, 50 %-ը` հոր կողմից:

Թվերը, ինչ խոսք, սարսափելի են, սակայն քանի՞սն են սրանցից բարձրաձայնվել:

Ո՞վ է պաշտպանում անպաշտպաններին. Երեխան՝ որպես հոգս

Ինչո՞ւ են ծեծում երեխաներին: Որովհետև երեխային դիտարկում են որպես անհրաժեշտ, բայց ծանր հոգս: Երեխային հոգս է համարում ոչ միայն ընտանիքը, այլև՝ պետությունը: Ըստ ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի»՝ «Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից»:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքային կառույցներ են՝ վարչական շրջանների, քաղաքապետարանների կամ գյուղապետարանների ենթակայության ներքո:

«Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն, ըստ էության, ֆիկտիվ կառույցներ են: Գրեթե բոլոր դեպքերում, երբ առնչվել ենք այս կառույցների հետ, լիակատար անգործության ենք հանդիպել: Իհարկե, կան նաև շատ լավ գործող հանձնաժողովներ, բայց դրանք բացառիկ դեպքեր են՝ այն էլ հիմնված դրանց անդամների բարոյական նկարագրի վրա: Այս կառույցների անդամները թաղապետարանների կամ գյուղապետարանների տարբեր բաժինների աշխատակիցներ են, և այս կառույցում ներգրավված են հասարակական հիմունքներով՝ անվճար»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:

«Ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ ամուսինը կրծքով կերակրող կնոջը ծեծելով դուրս էր արել տանից՝ վերցնելով երեխային: Կինը դիմել էր ոչ թե իրավապահ մարմիններին, այլ՝ խնամակալության հանձնաժողով, որտեղ նրան ասել էին, որ որևէ իրավասություն չունեն, որևէ բան անել չեն կարող: Մինչդեռ Ընտանեկան օրենսգիրքը հստակ ամրագրում է, որ եթե երեխայի կյանքին վտանգ է սպառնում, այդ կառույցը միջամտելու հստակ գործառույթ ունի Բայց այստեղ ևս մեկ հարց է առաջանում. ինչպե՞ս և ո՞վ պետք է գնահատի՝ երեխայի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե ոչ: Գնահատումը մասնագիտական կարողություն է, որին խնամակալության մարմնի ներկայացուցիչները ուղղակի չեն տիրապետում, որովհետև չեն ստացել համապատասխան կրթություն»:

Ըստ էության, խնամակալության և հոգաբարձության մարմիններից զատ խախտված իրավունքով զբաղվող այլ կառույց ուղղակի չկա: Ստացվում է, որ հարցերը, որոնց մասին բարձրաձայնվում են, լուծում ստանում են բացառապես իրավական մակարդակում, մասնավոր դեպքերում, իսկ սոցիալական հարթության վրա խնդիրը մնում է չլուծված:

«2015 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը մի չքնաղ որոշում ընդունեց՝ Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգ հաստատելու մասին, որը սահմանում է բոլոր հնարավոր գերատեսչությունների անվանումներն ու գործառույթները, որոնք պետք է ներգրավված լինեն կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց կոնկրետ խնդրի լուծման գործընթացում»,- պարզաբանում է Արշակ Գասպարյանը.

«Այստեղ սահմանվում է նաև «կյանքի դժվարին իրավիճակներ» հասկացությունը՝ ծայրահեղ աղքատությունից՝ մինչև ազատազրկման վայրերից վերադարձ: Այս կետերից մեկն էլ վերաբերում է ընտանեկան բռնությանը: Քրեական արդարադատության մեջ ընտանեկան բռնություն եզրույթ չկա: Եվ ընդհանրապես, հիմնարար օրենսդրություն չունենք ընտանեկան բռնության մասին: Այստեղից էլ գալիս է հիմնական խնդիրը: Ստացվում է, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ունենք, Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը կա, սոցիալական աջակցության համայնքային կառույցները կան, բայց պատկան մարմիններն իրար հետ ուղղակի չեն աշխատում, որովհետև ձևը չգիտեն, ընթացակարգեր չկան, վերահսկողություն չկա»:

Իսկ ուրիշի երեխաները մահանում են

Դեկտեմբերի 19-ին Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերել էր 1971 թ.-ին ծնված կնոջ դի՝ կախված վիճակում, իսկ ննջասենյակում՝ տանտիրուհու երկու դուստրերը՝ մահացած։ Երեխաները 5 և 7 տարեկան էին։ Նախնական վարկածով կինը խեղդամահ էր արել երեխաներին, ապա՝ ինքնասպան եղել:

45-ամյա կինը 2013 թվականից հաշվառված է եղել Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում: Ամուսնուց բաժանվելուց հետո երեխաները մնացել են նրա խնամքին:

Հետաքրքրվե՞լ է արդյոք որևէ պատկան մարմին ռիսկային խմբի այս ընտանիքով, պարզ չէ. պարզ է միայն, որ 5 և 7 տարեկան երեխաները այլևս չկան. ուրիշի երեխաները:

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք