Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-իրանական կապը թուլացավ, երբ Ռոբերտ Քոչարյանն իրանական գազը փոխարինեց ռուսականով». Ռուբեն Մեհրաբյան

Դեկտեմբեր 23,2016 18:40

Իրանը բանալի է Հայաստանի համար տարածաշրջանային շրջափակումից դուրս գալու համար: Փորձագետները հավաստիացնում են, որ Հայաստան-Իրան հարաբերությունների խորացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, Իրանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում Ռոհանիի հայաստանյան այցի հետքերով» թեմայով կլոր սեղանին այս առիթով տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը փաստեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երևանում հստակ ասաց` տեր են իրենց հանձնառություններին և պատրաստակամ ընդլայնելու ՀՀ-ի հետ համագործակցությունը. «Նա դրանով ցույց տվեց, որ Իրանը խոշոր, երկարաժամկետ ծրագրեր ունի Հարավային Կովկասում: Սակայն սա չի նշանակում, որ բեկում է տեղի ունեցել Հայաստան-Իրան հարաբերություններում, քանի որ ՀՀ-ն գտնվում է ՌԴ ազդեցության գոտում, որը ավելի մեծացել է Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո»:

Պարոն Եղիազարյանը գրեթե անհնար համարեց այն, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու պայմանագիր կկնքեն. «ԵԱՏՄ-ն խնդիր ունի արտաքին լեգիտիմացման: Ով պայմանագիր է կնքում նրա հետ, դա նշանակում է, որ ընդունում է այդ կառույցի քաղաքական լեգիտիմությունը: Իրանը դիրքորոշում մի քանի անգամ արտահայտել է այս առումով, որ համագործակցում է առանձին երկրների հետ. երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, նման պայմանագիր Իրանը ՀՀ-ի հետ կնքել չի կարող»:

emma-begijanyan

Վերլուծելով Հայաստան-Իրան հարաբերությունները ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից` իրանագետ Էմմա Բեգիջանյանը նկատեց. «Իրանը թերևս ամենաշահագրգիռն է, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորվի: Եթե վերսկսեն բախումները, առաջին հերթին Իրանն է տուժելու, քանի որ սահմանակից է երկու պետություններին էլ: Ադրբեջանն ի սկզբանե միշտ շահագրգիռ է եղել Իրանին ներքաշել պատերազմի մեջ և հիմնականում այս հարցում նա աշխատում է շահարկել իսլամական գործոնը»: Այն շահարկումներին, թե Իրանի հերթական նախագահը խուսափեց Երևանում այցելել Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տիկին Բեգիջանյանն այսպես արձագանքեց. «Իրանն այս հարցում շատ զգուշավոր է, քանի որ ցանկանում է խուսափել բարդություններից: Հակառակ դեպքում, եթե Իրանի որևէ նախագահ այցելեր Ծիծեռնակաբերդ, Թուրքիայում և Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրանալու»:

Իրանագետ Արմեն Վարդանյանը զուգահեռներ տարավ այն հարցում, թե ինչպես դիմավորեցին Իրանի նախագահին Բաքվում և Երևանում. «Այս համեմատությունը ՀՀ-ի օգտին է, քանի որ Բաքվում նրան դիմավորեց Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալը, իսկ մեր երկրում ՀՀ նախագահը: Սակայն Իրանի նախագահի այցը տեղի ունեցավ Ռոհանիի վերջին ժամկետում, այնինչ Իրանի և Ադրբեջանի նախագահներն արդեն փոխադարձ այցեր են կատարել և ութ հանդիպում ունեցել»: Արմեն Վարդանյանը նշեց, թե Ռոհանիի այցը Հայաստան պետք է տեղի ունենար դեռ ամռանը, ինչը տեղի չունեցավ, քանի որ ապրիլյան պատերազմի պատճառով Իրանում բարձրացվեցին հակահայկական տրամադրություններ»:

gevorg-meliqyan

«Ալյանս հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը հակադարձեց, թե ճիշտ չէ անընդհատ համեմատվել Ադրբեջանի հետ, ինչը փորձագիտական դաշտում ամենամեծ սխալներից մեկն է. «Պուտինը հաճախ Սերժ Սարգսյանին ավելի լավ է ընդունում, քան Ալիևին, բայց դրանից հարաբերությունները չեն փոխվում»: Այնուհետև մտահոգություն հայտնեց, որ Մոսկվան կարող է խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների խորացմանը:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց, որ Իրանի նախագահներից վերջինը Ահմադինեժադն էր այցելել Հայաստան. «Երբ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիսավոր արարողության ժամանակ վառեցին Հայաստան մտնող գազը, մեկ էլ այդ գազի խողովակը բարակեց: Հայ-իրանական կապը թուլացավ, երբ իր նախագահության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իրանական գազը փոխարինեց ռուսականով, և Հայաստանում Գազպրոմը դարձավ լիիրավ մոնոպոլիստ»: Փորձագետի հավաստմամբ` Հայաստան-Իրան հարաբերությունները բխում են և՛ ՀՀ-ի, և՛ Իրանի շահերից: Դառնալով Ռոհանիի այցին Հայաստան` պարոն Մեհրաբյանը նշեց, որ դա ցույց տվեց` Իրանը պատրաստ է և ունի այդ քաղաքական կամքը հաղթահարելու խոչընդոտները, ամբողջ հարցն այն է, թե ունի՞ այդ կամքը Հայաստանը:

david-shahnazaryan

Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանն արձանագրեց, որ Հայաստանն ու Իրանն ունեն ընդհանուր շահեր բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության. «Հենց այս ոլորտում է, որտեղ հսկայական ռեսուրսներ կան Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը ընդլայնելու և խորացնելու համար»:

Դառնալով ԼՂ հիմնախնդրին` պարոն Շահնազարյանը փաստեց, որ Իրանն այս հարցում միշտ հավասարակշռված քաղաքականություն է վարել, և 90-ականների սկզբին ստանձնել միջնորդական առաքելություն. «Երբ առկա է ռուսական խաղաղապահների ներխուժման վտանգ ԼՂ հակամարտության գոտի, Իրանի դիրքորոշումը միշտ եղել ու մնում է այն, որ ընդհանրապես որևէ խաղաղապահի առկայությունը չի նպաստելու հակամարտության կարգավորմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031