Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից

Դեկտեմբեր 25,2016 16:51

Վերջին օրերին՝ տարվա լավագույն մարզիկի կոչման թեկնածուների անունների հրապարակումից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը բազմաթիվ զանգեր ու նամակներ է ստանում: Բոլորը վրդովված ու զարմացած են, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել տարվա լավագույն մարզիկի կոչման թեկնածուների թվում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չանդրադառնալ հանրության լայն զանգվածներին հուզող այս հարցին: ՀՖՖ նախագահը հայտնեց իր կարծիքը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում:

Պ-ն Հայրապետյան, ՀՖՖ-ն ամեն օր բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում մեր մարզասերներից, ովքեր իրենց անհամաձայնությունն ու զայրույթն են արտահայտում լավագույն տասնյակից կրկին ֆուտբոլը դուրս թողնելու կապակցությամբ

-Ավարտին է մոտենում հերթական մարզական տարին, որը լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով: Այս տարի ևս մեր լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին մեր հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել մեր օրհներգը, բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան: Այսինքն` արեցին այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում և ինչին հասնելու համար մեր մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի:

Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիկ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել:

Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան: Սա զուրկ է բարոյականությունից, և հենց նույն «բարոյականությամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել:

Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից:

Շնորհավորելով մեր մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ՝ ցանկանում եմ առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի և թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031