Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը՝ երաժիշտ Վահան Արծրունուն ու քանդակագործ Հարութ Կարապետյանին ԱԱԾ հրավիրելու մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 22:35

Այսօր Aravot.am-ը Գյումրիում հաշվետու մամուլի ասուլիսով հանդես եկող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքականն հետապնդումներ չեն իրականացնում երաժիշտ Վահան Արծրունու ու քանդակագործ Հարութ Կարապետյանի նկատմամբ՝ նրանց ԱԱԾ ընկերական զրույցի հրավիրվելով, ու թեև պարոն Արծրունին դիմել է ՄԻՊ-ին, սակայն դժգոհ է մնացել:

«Կոնկրետ, եթե խոսքը վերաբերում է պարոն Վահան Արծրունու դիմումին, պետք է ասեմ, որ, այո, պարոն Արծրունին հրապարակել է և դիմումը, և պատասխանը: Այնտեղ նա մի քանի հարցեր էր բարձրացրել և խնդրել էր մեզ պարզաբանել իրավիճակը, ինչպես ենք մենք նկարագրում այդ իրողությունը, մոտավորապես այդպես: Մենք կատարեցինք այդ ուսումնասիրությունը, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ իրավապահ մարմինները հարցումներ անցկացնելու իրավունք ունեն, բայց այդ հարցումները որևէ պարտականություն որևէ մեկի համար չեն առաջացնում՝ անկախ հարցերի բնույթից: Եվ երբեք որևէ մեկը չի կարող որևէ մեկի համար բացասական հետևանք առաջացնել, հարկադիր կարգով ստիպել, որպեսզի տեղեկություն հայտնի և այլն: Մենք ունենք միայն մի մեխանիզմ, որը նախատեսվում է պարտականություն արդեն վարույթ իրականացնող մարմնին:

Բայց դրա համար պետք են մի քանի պայմաններ, առաջինը՝ հարուցված քրեական գործ, կոնկրետ կարգավիճակ՝ վկա, տուժող, կասկածյալ կամ մեղադրյալ,նախապես այդ անձին ուղարկված ծանուցագիր գրավոր՝ կոնկրետ կարգավիճակի նշումով: Այս դեպքում քաղաքացին, եթե կան հարգելի պատճառներ, կարող է տեղյակ պահել այդ մարմնին և չներկայանալ կամ պայմանավորվել, որպեսզի այլ անգամ ներկայանա: Սա ընդհանուր ներկայանալու պարտականություն է առաջացնում մեր օրենսդրության կարգավորումներով:

Բայց ՄԻՊ-ի ուսումնասիրություններն ու հրապարակային տվյալները վկայում էին, որ դա տեղի է ունեցել կամովին, հրավերի ընդունումը տեղի է ունեցել կամովին և նաև հրապարակային տվյալներ կան, որ վերաբերմունքն էլ է պարկեշտ եղել և այլ: Կոնկրետ իրավիճակում ես չեմ կարող խոսել խոսքի ազատության սահմանափակման մասին, երբ ընդունվում է կամովին, այ տեսեք քանդակագործը տվյալ դեպքում չէր ներկայացել չէ՞, և, բնականաբար, հարկադիր որևէ բան, եթե փորձ կատարվեր գործադրվեր, ուժ, մենք այդտեղ միանշանակ կմիջամտեինք: Ես կարձանագրեի, կամ ըստ իրավիճակի՝ գնահատական կտայինք կամ միջամտություն:

Սա խոսքի ազատության սահմանափակում չէ, եթե տեղի է ունեցել ամբողջը կամովին և հրավերը ընդունել են, և տեղեկությունները կամովին հայտնելը: Հաշվի առնելով նաև խնդրանքը, որը դիմում ներկայացված էր՝ պարզաբանել իրավիճակը, անհրաժեշտության դեպքում պաշտպանել իրավունքները, իսկ մարդու իրավունքների պաշտպանը ունի լիազորություն նման դեպքերում որոշում կայացնել մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին, ինչը մենք ղեկավարվելով օրենքով՝ ներկայացրել ենք», -ասաց Արման Թաթոյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Պէտք է հպարտութեամբ ըսել որ ՀՀ-ի օրէնքները թոյլ կու տան լուծել անհնարին և հնարաւոր բոլոր պարագաները որ երկրին բնակիչները կը դիմագրաւեն,Հռոմէական գլուխ-գործոց բանաձեւ մը ստեղծած էին այս առիթով /եթէ մոռցած չեմ/ հետեւեալն է,

    ” Quid quid recipitur – ad modum recipientis recipitur ”
    ամէն հեղուկ իր սրուակին ձեւը կ՝ընդունի
    /Թարգմանութիւնը բառացի չէ -բայց այդ է իմաստը/

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031