Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում ոչ մէկ գաղափարական կուսակցութիւն չկայ

Հունվար 01,2017 19:48

«Ճշմարտութեան ջահը յաճախ այրում է նրա ձեռքը, ով այն կրում է»։

Ա. Սմիթ

Որեւէ ժողովրդավար պետութեան քաղաքական դաշտը, ինչպէս տեսականօրէն, նմանապէս՝ իրականում կազմուած է երեք հիմնական բնոյթի բաղկացուցիչներով՝

ա) տնտեսական զարգացում, որ ապահովում է երկրի արտադրական միջոցները, որ կենսականութեան հիմքն է,

բ) ընկերային կամ ինչպէս մեր հայրենաբնակներն են նախընտրում՝ սոցեալական զարգացում, որ ապահովում է նիւթական պայմանները բնակիչների հանգսավետ ապրուստի համար։

գ) մշակութային կամ բարոյական զարգացում, որի պարտականութիւնն է յղկել մարդկային յարաբերութիւնները այն մթնոլորտում, ուր համապատասխանում են արդարութեան, հաւասարութեան ու փոխհասկացողութան սկզբունքներին։

Եթէ ուշադիր հայեացք նետենք տիրող իրավիճակին, ապա դժուար չի լինի հաստատել, որ չնայած, վերոյիշեալ սահմանադրական պայմանների ստոյգ պահպանման անհրաժեշտութեանը, քաղաքական միջավայրն ու մթնոլորտը ծայրայեղ աստիճան ապականուած են աշխարհով մէկ, որտեղ բոլոր տեսակի հարուածներն ու դաւադրութիւնները ոչ միայն ոչ ոքի չեն զարմացնում, այլեւ դարձել են ապրելակերպ։ Այս կարգավիճակը բացարձակապէս կիրառուած է բոլոր տեսակի ու բնոյթի քաղաքական վարչաձեւերի ու գաղափարախօսութինների առկայութեան դէպքում։ Մենք այն տպավորութիւնն ունենք, թէ մեր երկիրը աւելի նմանուում է միապետական, քան թէ ժողովրդավարական հանրապետութեան եւ նախկին խորհրդային համակարգի ծամածռուած կրկնօրինակն է՝ որոշ անուանոփոխումներով կամ աննշան շտկումներով։ Ո՞վ կը համարձակուի հակաճառել մեր նախագահներին կամ գործել ըստ իր հայացողութեան եւ միաժամանակ պահպանել իր տաքուկ աթոռը։ Իրականում աներեւակայելի է այդպիսի մի արարք։

Երբ դիտում էինք ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցութիւն) 16-րդ համագումարին մեր նախագահի ելոյթը, ինքնաբերաբար աչքառու էր դառնում, նախկին կարգերի նմանատիպ ճառերը, որոնք ձգուում էին ժամերով։ Յիշենք՝ գինեմոլ Բրեժնեւի ճառը, որ տեւել է չորս ժամ, իսկ եռանդաշատ Ֆիդել Կաստրոն ճառել է ութ ժամ՝ գերազանցելով իր վարժապետներին։ Կարեւորն այն է, որ բոլոր ունկնդիրները առանց բացառութեան համաձայն էին, քանզի ոչ մէկ սխալ ձայն չհնչեց դահլիճում։

Երբ երեք հայ դժուարութեամբ կամ հազուագիւտ են իրար հետ համաձայն լինում առօրէայ որեւէ խնդրի շուրջը, ապա ինչպէս մի քանի հազար հոգի որեւէ հարցում չեն կարողանում ունենալ նախագահի երկար ու բարակ ելոյթի առիթով։ Այդ հանրապետականները գտնո՞ւմ են եւ համոզուա՞ծ են, որ երկրում բոլոր կարեւոր խնդիրները լուծուած են ու ոչ մի հարց տալու կարիք չկայ։ Եթէ մի փոքր ցանկանանք հեռու գնալ, ապա ինչպէ՞ս հարց չտալ, թէ այդ ներկայացուած գործերը որեւէ այլ տարբերակ կամ առաւել շահաւետ լուծումներ չե՞ն կարող ունենալ։ Մինչդեռ սրահում ներկաները բերանները ջուր առած կարողանում են միայն ծափահարել՝ գոհ մնալով իրենց ստրուկի կարգավիճակից, քանի որ իրենց աթոռը ապահով է։ Այդպէս էր նախկինում եւ այդպէս է այսօր։ Բաւարար չէ անկախութեան քսանհինգամեակ տօնել ու համարել, որ անկախ ենք եւ ազատ։

Երկրին ու ժողովուրդին յուզող բազում խնդիրների մասին ոչ մէկ իրական լուծում կամ առաջարկ հնչեց ՀՀԿ համագումարի ելոյթներում, ոչ մէկ սխալ արարք քննադատուեց, ոչ մէկ չարագործ մատնանշուեց, մինչդեռ բազմիցս լսեցինք «Մենք պիտի կարողանանք» արտայայտութիւնը՝ լծորդուած զանազան խոստումներով։ Անմիջապէս ծննունդ է առնում մի անմեղ հարցադրում, որ երկու ընտրաշրջանի կամ տասը տարուայ ղեկավարը, տրամաբանօրէն աւելի շատ պիտի արտայայտուէր իր ղեկավարութեամբ իրագործուածի մասին եւ ոչ թէ գալիք անելիքների, քանի որ այդ կարողութիւնները իր ձեռքում էին ու ոչ մէկ արգելք կար այն գործածելու, իսկ ապագային ինքը պիտի չտնօրինի՝ բարձրագոյն պաշտօնին՝ չլինելու պատճառով։

Արէ՛ք այն, ինչ ես չկարողացայ կամ չցանկացայ անել,– ա՛յս է ենթադրեալ պատգամը։ Միեւնոյն ժամանակ աննկատելի չէր ծանուցումը, որ ՀՀԿ շարքերը համալրուել են հազարաւոր նոր անդամներով, որոնց շարքին նաեւ նոր նշանակուած վարչապետը։ Եթէ մինչ այսօր իշխող կուսակցութիւնը մեծամասնութիւն էր ազգային ժողովում, ապա թերեւս այսուհետեւ նաեւ մեծամասնութիւն լինի բնակչութեան մէջ ու աւելի հարազատօրէն կը նմանուենք խորհրդային կարգերին, հապա ինչո՞ւ այսքան ջանք ու զոհեր ունեցանք քառորդ դար անընդմէջ։

Միւս կողմից, մէկ ուրիշ հանգամանք առաւելապէս անընդունելի է, երբ մի բուռ երկրում առաջիկայ ընտրութիւններին ցուցակագրուած է եօթանասունից աւելի կուսակցութիւն։ Դա անմեղ ու ոչինչ չասող երեւոյթ չէ ու այն մեկնաբանելու բազմաթիւ փաստարկումներ կան, որոնք հաստատում են մեր էութեան բնոյթը, որ մեզ համար իրար հասկանալը դիւրին չէ ու անշահախնդրօրէն իրար կողք լինելը դժուարամարսելի: Մենք կարծում ենք, թէ այդ խմբաւորումները կուսակցութիւն անուանելը արդէն սխալ է, քանզի նրանք հեռու, շատ հեռու են այդպիսի որակական անուանում ունենալուց։ Աւելի ճիշտ կը լինի ասել, որ մեր երկրում ոչ մէկ գաղափարական կուսակցութիւն չկայ։ Նոյնիսկ դարաւոր աւանդականները այլեւս իրենց կանոնագրերը թարմացնելու կամ այժմէականեցնելու քաջութիւնը կամ անհրաժեշտութիւնը չեն ունեցել, մինչդեռ նորերը միայն մի աթոռ զբաղեցնելու մարմաջով են տառապում։ Մի քանի հոգուց բաղկացած խմբերը, որ զուրկ են ամէն տեսակի քաղաքական նպատակներից, երազում են խումբ ձեւաւորելով, կարողանալ մի քանի հազար քուէ բերել ընդհանուր կաթսայում եւ գուցէ այդպիսով կարելի լինի ինչ-որ պաշտօնի արժանանալ։ Նրանք այդպիսով պղտորում են քաղաքական դաշտը, որ մասնաւոր մաքրութիւն չունի։

Եթէ հաւատանք մամուլի տուեալներին, ապա ՀՀԿ-ն բոլոր կուսակցութիւնների անդամների ընդհանուր գումարի յիսուն տոկոսից աւելի անդամ է հաշւում, ուրեմն դա նշանակում է, որ երկրում ստեղծուել է իշխող մի արքայացեղ (dynastie) դասակարգ, որին շրջանցելը աներեւակայելի է. նրանք են, որ միշտ պիտի որոշեն մեր անելիք քայլերը՝ մնալով անխոցելի։

«Տո՛ւք զկայսերն կայսեր» սկզբունքից ելնելով պիտի աչքաթող չանեմ համագումարի դրական կողմերը։ Համոզիչ էին ու անհերքելի բոլոր այն միջոցները, որ դրուում են մեր սահմանների ապահով կարգավիճակը պահպանելու եւ զարգացնելու համար։ Անվիճելի է, որ ապրիլեան դէպքերը յատնաբերեցին որոշակի թերութիւններ, որոնք արմատացել էին այդ բնագաւառում, բայց ցաւալի է, որ շատերն են ցանկանում իրենց ունեցած տեղեկութիւնները ներկայացնել որպէս զուտ ճշմարտութիւն՝ մոռանալով, որ ճշմարտութիւնը եզակի է լինում։ Մեր կարծիքով՝ այդ խնդրոյ պարագային տարաձայնութիւնները օգտակար են միայն մեր հակառակորդին, եւ ընդունում ենք, որ մարդկային առողջ տրամաբանութեամբ ու նրա հետեւողական կիրառումով, ինչպէս նաեւ աչալուրջ մոտեցումներով՝ հարցի կարեւորութեանը, հնարաւոր եղաւ կարճ ժամկէտում շտկել սխալները եւ հաստատել անհրաժետ կարգապահութիւն, չնայած կարելի է, որ կատարեալ լինելուց դեռ հեռու ենք եւ արդեօք կատարեալի սահմանները յայտնի ե՞ն։

Այստեղ պիտի կարեւորենք մեր անվտանգութեան երկու դաշտը՝ արտաքին եւ ներքին։ Եթէ արտաքին թշնամին յայտնի է, ու մեր քաջարի մարտիկները կարողանում են իրենց առջեւ դրուած պարտականութիւնները հնարաւորի սահմաններում պատուով կատարել, ապա նոյնը չենք կարող ասել ներքին թշնամու պարագային, քանի որ նա թաքնուած է, ծպտուած. նա մեր եղբայրն է, մեր խնամին կամ ընկերը ու տակից է քանդում իր ճղճիմ ու շահադիտական նպատակներին հասնելու համար՝ չխնայելով ոչ մի բան։ Այս բնագաւառում մեծ անելիքներ կան ու ցանկալի կը լինէր, որ ապագայի մեր քաղաքական այրերը շատ աւելի ուշադրութեան արժանացնէին այս բնագաւառի զտման ու մաքրագործման աշխատանքները։

Վստահ ենք որ դժուար է բայց անկարելի չէ։

Մէկ այլ բան չվրիպեց ու գրաւեց մեր ուշադրութիւնը՝ դա հոգեւորականների ներկայութիւնն էր համագումարին, խաչով ու շուրջառով, որ ըստ մեր համեստ կարծիքին՝ լրջութեան պակասութեան հետեւանք կարելի է նկատել։ Կրօնը եւ քաղաքականութիւնը թշնամիներ չեն, բայց ամէն մէկը իր տեղում պիտի լինի իր պարտականութիւններով։ Մենք հակակրօնութեան քարոզիչ չենք, բայց այդքան լայնածաւալ եկեղեցաշինութիւնը եւս անհրաժետ չենք համարում՝ քաջ գիտակցելով կրօնի դերն ու կարեւորութիւնը։ Մօտից ծանօթ լինելով նրա գործունէութեան ոլորտներին՝ նախընտրելի պիտի համարէինք, որ հոգեւորականները լինեն իրենց համապատասխան պարտականութիւնների շրջանակներում ու քաղաքական ցուցարարական արարքներից զերծ մնան։ Եկեղեցին եւ կրօնը տիեզերական բնոյթ ունեն։ Տրամաբանական չի կարող գնահատուել, երբ այդ ոլորտում դասակարգային կամ քաղաքական մասնատումների խմորումներ ցուցաբերու են, չնայած իւրաքանչիւր հոգեւորական ազատ է իր համոզմունքներն ու նախընտրանքները ունենալու։

Բարի երթ։

Ռուբէն Յովակիմեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ուժը ճշմարտության մեջ է (՝Եղբայր՝)։
    Ա Թարգը տանք սրան նրան մեղադրել, դրա փոխարեն մտածենք թե ի՞նչ եւ ինչպե՞ս պայմաններ պետք է ստեղծել, որ վատ երեւույթները նույնիսկ տեսականորեն ի վիճակի չլինեն այդ պայմաններում գոյություն ունենան։
    Բ Մեր Սահմանադրության մեջ կա հակասություն՝ մի կողմից ասվում է, որ ողջ իշխանությունը ժողովրդինն է, բայց մյուս կողմից Կենտրոնական դրամատունը չի կառավարվում պետական մարմինների կողմից, նրանք ենթարկվում են այլ երկրի տարածքում գտնվող մասնավոր մի կառույցի։ Այդ պատճառով պետք է կամ այդ դրամատունը լիովին ենթարկեցնել հայ պետությանը, իսկ եթե հնարավոր չէ դա նել՝ ապա ինքնախաբեությամբ չզբաղվենք՝ սահմանադրորեն ընդունենք, որ մեր պետության դրամական համակարգը դրամական գաղութ է այդ օտար մասնավոր կառույցի ու Սահմանադրության բոլոր կետերը, որտեղ խոսվում է անկախության, ժողովրդավարության մասին՝ դրանք պետք է վերացնել, դրամը ռազմավարական արժեք է, եթե պետությունը դրա տերը չի՝ էշություն է խոսել անկախության մասին։
    Գ Երբ խոսում ենք ժողովրդավարության մասին, միանգամից պատկերացնում ենք պետական համակարգի բուրգը, որտեղ գործում են երկու ժողովրդավարական սկզբունքներ՝ ա միեւնույն աստիճանի վրա գտնվող պետական կառույցները իրար հանդեպ բացարձակ հավասար իրավունքներ ունեն եւ բ իմ ենթակայի ենթական իմ ենթական չի։ Ամեն մի աստիճան ունի իրենից մի աստիճան վեր գտնվող պետական համակարգ, որը ապահովում է հավասարության սկզբունքը իր ենթակա աստիճանում։ Ցանկացած աստիճանի վրա գտնվող պետական կառույցը պետք է ոչ միայն ապահովի հավասարության սկզբունքը իրենից մի աստիճան ցածր աստիճանի իր ենթակաների համար, այլեւ նրան սովորեցնի ու դաստիարակի ու պաշտպանի։
    Դ Եթե այսպիսով մեզ հաջողվի պետական բուրգ ստեղծել, մենք արդեն ներդաշնակորեն կկարողանանք ընդլայնվել ու ընդարձակվել՝ թեկուզ ծովից ծով։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031