Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի ինձ չսիրեն». Հրանուշ Հակոբյանը պատասխանում է իր հասցեին քննադատություններին

Հունվար 02,2017 18:25
Hranush Hakobyan

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամփոփելով տարին, պատասխանեց բոլոր այն քննադատություններին, որ հնչում են եւ այս տարիներին հնչել են իր հասցեին: Ըստ նախարարի, դրանք բոլորը պատվեր են՝ իր դեմ:

Մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, երբ Հրանուշ Հակոբյանի ծննդյան տարեդարձը նախարարության աշխատակիցները որոշել էին շնորհավորել սփյուռքի նախարարության կայքում՝ հրապարակելով. «Սիրելի´ տիկին Հրանուշ Հակոբյան, Ձեր անուն-ազգանունն արդեն Խոսք է, իսկ էությունը` Զգացմունք: Երանի նրանց, ովքեր իսկապես ճանաչել են Ձեզ և Ձեր խիստ, լուրջ ու պահանջկոտ կերպարի մեջ գտել են ոչ միայն օրինակելի ղեկավարի, պետական գործչի, իր Հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացու, այլև կարողացել են տեսնել քնքուշ, մեղմ, հոգատար, հուզականությամբ օժտված անզուգական մարդուն. ուրեմն` երանի մեզ. մենք տեսել ենք այդ ամենը»:

Հրանուշ Հակոբյանի պարզաբանմամբ՝ «Մեկը ուզեցել էր սիրուն բառ գրել՝ գրել էր, այդ ի՞նչ մի խնդիր էր: Անպայման մեռնելուց հետո՞ են մարդու մասին լավ բան ասում: Չի կարելի, ամոթ է: Ի՞նչ է պատահել: Իսկ ո՞վ ասեց, որ իմ աշխատողներն ինձ չպիտի սիրեն: Ես նրանց աճեցրել եմ, բերել եմ, բարձրացրել եմ, տեր եմ կանգնել, ամեն օր սովորեցնում եմ՝ հագուկապից սկսած, գրագրությունից վերջացրած: Ինչո՞ւ պիտի ինձ չսիրեն: Ես իրանց մոր տեղ եմ, ուսուցչի տեղ եմ, քրոջ տեղ եմ, խորհրդատուի տեղ եմ, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»:

Մեր դիտարկմանը, որ սիրելու մեջ ոչ մի վատ բան չկա, հարցը արտահայտվելու այդ տարբերակի մեջ է՝ Հրանուշ Հակոբյանը արձագանքեց, թե «3 տարվա մեռելներն ինչի՞ եք կենդանացնում». «Է՞լ ինչ են իմ մասին ասել: Ասում են՝ ես բարձրահասակ եմ, ինչի՞ դրա մասին չեք ասում: Չափանիշը մենք պետք է ի՞նչն ընտրենք՝ մարդն իր տեղո՞ւմ է, թե՞ իր տեղում չէ, կարողանո՞ւմ է աշխատել, թե՞ չի կարողանում, զրոյից, ոչնչից նախարարություն ստեղծել եւ ում հետ աշխատել: Ամենաբարդ շրջանակի հետ եմ ես աշխատում: Ես 7 մլն քննադատ ունեմ, հերիք է, դուք էլ մի միացեք: Ես 7 մլն բարեկամ ունեմ, 7 մլն դեսպան ունեմ: Ես որ գնում եմ համայնք եւ տեսնում եմ համայնքում վերաբերմունքը մեր նախարարության եւ մասնավորապես նախարարի նկատմամբ, ես ասում եմ՝ դեռ քիչ ենք աշխատում, գիշերն էլ տուն չպիտի գնանք, որ այս մարդիկ ավելի ոգեւորվեն: Մենք մեր կերպարով մարդկանց պիտի ոգեւորենք»:

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ եթե իրականում վատ պաշտոնյա է լինում եւ քննադատում են՝ խնդիր չկա, բայց կոնկրետ իր դեմ պատվեր են կատարում. «Երբ սարքած են անում այդ ամեն ինչը, չեն մտածում, որ վնաս են տալիս, ազգին են վնասում, որովհետեւ ի վերջո սփյուռքը քեզ հավատում է, վստահում է ու հետո ինչ-որ բաներ են կարդում, դա իր համար շատ տհաճ ու տգեղ է: Սփյուռքը սկսում է ինձ պաշտպանել: Ամոթ չի՞ ես ամեն օր ձեր աչքի առաջ եմ, սփյո՞ւռքը ինձ պաշտպանի: Իհարկե, դա մեծագույն պատիվ է, որ ես հասել եմ նրան, որ սփյուռքը ինձ ճանաչում է այնքան, որ կարող է ինձ պաշտպանել, բայց ակնհայտ է, չէ՞, որ դրանք շինծու, սարքած բաներ են, պատվիրված բաներ են: Աշխատանքի ընթացքում բաց հասարակություն ենք կառուցում, մեկին կարող է դուր գալ քո քայլը, մյուսին կարող է դուր չգալ: Ընդդիմությունը դրա համար է, որ միշտ քննադատի, որ դու միշտ ձգված լինես: Եթե դրանք ճիշտ են, կառուցողական են, ես հավաքում եմ, ասում եմ՝ արագ ուղղեք, փոխեք: Իսկ եթե դրանք սարքած են, ուղղակի ցավ եմ ապրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պետական պաշտօնի վրայ գտնվող ո՞րմէկ անձը «սիրում» է ժողովուրդի աղմկոտ եւ տեւաբար դժգոհ հատվածը, որ քեզ ան «սիրի», Տիկին Հակոբյան:

    Թէ որ Մահաթմա Գանդին հայ լինէր, եւ Հայոց Պետության մէջ պաշտօն ունենար, մեր ժողովրդի վերոյիշեալ հատվածը զայն անմիջապէս ու խորապէս ատելու էր, հաստատ:

    Լաւ բան որ անէք, անհնար է որ մի անգամ իսկ այդ նշվի, ճանաչվի: Որ սխալ բան անէք, հարյուր անգամ մատնանշվելու է: Նոյնիսկ աւելին՝ լաւ բանը իսկ որ անում էք, նկատվելու է որպէս վատ, եւ ըստ այնմ դատապարտվում:

    (Լաւ որ Յիսուս մեր ժողովուրդին մէջ չէ որ ծնվեց… ուֆ… թէ ոչ, ժամանակ իսկ չէր ունենար կարգին խաչվելու. հազիւ մէջտեղ ելած, զինք արդէն քարկոծելով սպանելու էինք…)

    Շնորհաւոր Նոր Տարի
    եւ մօտ օրից՝ Սուրբ Ծնունդ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031