Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԿԱՆ

Հունվար 06,2017 10:35
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունվեցերորդ

ԴԱՍԱԿԱՆ

Քանի որ հորաքույրս հորս լուսանկարների մոլի  երկպագուն է, հույս ունեի, որ հորս հարսանիքի ու Վաչե Հովսեփյանի  լուսանկարները հորաքրոջս մոտ կլինեն, բայց հակառակը պարզվեց. պարզվեց, որ հորաքույրս ոչ միայն էդ լուսանկարները չունի,  այլեւ դրանք չի էլ հիշում. փոխարենը ոչ միայն շատ լավ հիշում է Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի ու մյուսների լուսանկարները, այլեւ դրանք իր բազմաթիվ ալբոմներից մեկի մեջ աչքի լույսի պես պահում է, եւ հատկապես էն լուսանկարներն է աչքի լույսի պես պահում, որոնցում էդ հանճարների ու նշանավորների կողքին հայրս էլ կա. դա նշանակում է, որ հայրս իր լուսանկարչական ապարատն ինչ-որ մեկին տալով՝ լուսանկարելու ձեւը  ցույց է տվել եւ խնդրել, որ իրեն նույնպես հանճարների ու նշանավորների հետ լուսանկարի, եւ, փաստորեն, հայրս նշանավորներից շատերին լուսանկարած եւ շատերի հետ էլ լուսանկարված ուներ, եւ հիմա հիշեցի, որ հայրս ասում էր, որ  իր ֆոտոապարատը տվել է Մետաքսի մեր դուռդռան  հարեւան եւ իր մանկության ընկեր Ալյոշին, որպեսզի վերջինս հայտնիների ու անվանիների հետ նաեւ հորս լուսանկարի, եւ Ալյոշը հորս էդ  պատվերը հաճույքով է կատարել եւ, փաստորեն, դրանով վաստակել է նշանավորների հետ Լենինի հրապարակում լուսանկարվելու իրավունքը, եւ Լենինի հրապարակը շեշտում եմ, որովհետեւ հայրս մայիսմեկյան կամ նոյեմբերյան շքերթների  ժամանակ էր էդ բոլոր նշանավորներին միասին բռնացնում,  եւ, ինչպես Ալյոշն էր վկայում, Սունդուկյանի թատրոնի նշանավորները՝ Հրաչյա Ներսիսյանի գլխավորությամբ, հաճույքով էին համաձայնվում  լուսանկարվել, որովհետեւ Հրաչյա Ներսիսյանը հորս ոչ միայն ճանաչում, այլեւ շատ էլ հարգում էր, եւ Վաղինակ Մարգունու հետ միշտ հորս Կենդանագրական  արհեստանոց էին գալիս, եւ բազմիցս անձամբ եմ Հրաչյա Ներսիսյանին հորս արհեստանոցում տեսել, եւ հայրս իր արհեստանոցի հեռավոր անկյունում հատուկ Հրաչյա Ներսիսյանի համար բազկաթոռ էր դրել, եւ էդ բազկաթոռին բազմած՝ Հրաչյա Ներսիսյանը հորս եփած սուրճն էր խմում եւ խաչբառ էր լուծում, եւ չնայած էդ խաչբառների հարցերի պատասխանների մեծ մասը հայրս էր ասում, Հրաչյա Ներսիսյանը մեծ հաճույքով էր էդ խաչբառների վանդակները լրացնում, եւ վանդակները լրացնելու էդ գործը շատ էր սիրում, բայց էդ գործում բավական դժվարություն էր քաշում, որովհետեւ ինքը դասական ուղղագրությանն էր տիրապետում, մինչդեռ մեր թերթերի ու ամսագրերի խաչբառները մեր հայաստանյան ուղղագրության համար էին նախատեսված, եւ երբ Ներսիսյանը վանդակները լրացնելիս ուղղագրության հետ կապված դժվարության էր հանդիպում, ինձ էր դիմում, եւ երբ ես անմիջապես տեղը տեղին լրացնում էի, Ներսիսյանն ապշահար ինձ էր նայում, որովհետեւ ես դեռ դպրոցական էլ չէի ու էդ տարի նոր-նոր պիտի դպրոց գնայի, եւ հորս արհեստանոցում Հրաչյա Ներսիսյանի հետ մեր էդ ամենօրյա հանդիպումներն անցյալ դարի վաթսուն թվականի ամռանն էին, երբ ես մանկապարտեզս ավարտել ու սեպտեմբերի մեկին էի անհամբեր սպասում, ու էդ ամառը բացառություն էր, որ մենք ընտանյոք ծովափ կամ այլ հանգստավայր չէինք մեկնել, եւ դա իր պատճառներն ուներ, եւ դրա հիմնական պատճառն էն էր, որ մեր ընտանիքն էդ ամառ լիքը այլ ծախսեր ուներ, ու էդ այլ ծախսերից հիմնականը մեր «Красный октябрь» դաշնամուրի ծախսն էր, որի տակից դուրս գալու համար հայրս արձակուրդ չվերցրեց ու կրկնակի աշխատեց, ու մենք ոչ միայն մեր հանգստյան ծախսը տնտեսեցինք, այլեւ, փաստորեն, էդ ամառ հայրս կրկնակի աշխատելով՝ կրկնակի էլ վաստակեց:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել