Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում

Հունվար 06,2017 19:50

2017 թվականին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության առաջին տաղավար տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի եկեղեցիներում: Դեռևս հունվարի 5-ի երեկոյան Սուրբ Ծննդյան նախատոնակին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Հավատացյալներով լեփ-լեցուն Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբգրային տարբեր հատվածներ:

Հընթացս Ս. Պատարագի Վազգեն Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին:

Սրբազան հայրը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կյաքում և հավատքի մեջ:

Հավարտ Ս. Պատարագի Թեմակալ առաջնորդը վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի «Հայարտուն» կենտրոն և կատարվեց տնօրհնեք:

Հունվարի 6-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հայոց Եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի նախագահի ազգամիջյան հարաբերությունների գծով խորհրդական Սոփիո Շամանիդին, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանը, Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, պետական, հասարակական գործիչներ:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:

Սբ. Պատարագի վերջում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր վերստին դարձավ արժանավոր հայորդի Յուրի Երեմյանը:

Հավարտ Սբ.,Պատարագի Վազգեն Սրբազանը ողջունեց եկեղեցում գտնվող վրաց պետական ավագանու ներկայացուցիչներին:

Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ ավանդական հայկական գաթայի տոն: Վիրահայերին Սուրբ Ծննդյան տոնի և ջրօրհնեքի առիթով շնորհավորեցին Գիորգի Ալիբեգաշվիլին, Զազա Վաշախմաձեն, Ռուսլան Պողոսյանը, Դավիթ Ճիճինաձեն, Կարեն Մելիքյանը և Գիվի Շահնազարը:

Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց և Սուրբծննդյան տոնի առթիվ հավատացյալներին շնորհավորեց առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:

Բաթումի Սուրբ Փրկիչ Եկեղեցի այցելեցին և հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն, Գերագույն խորհրդի անդամ Իլիա Վերձաձեն, կրթության, գիտության և սպորտի նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Հոսսեին Մաշհադին, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:
Տոնական տրամադրությամբ և սուրբ մյուռոնով օրհնված ջրով ներկաները վերադարձան իրենց տները:

armenianchurch.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031