Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկուհի Լյուսի Հարությունյանը իր այցը Մալայզիա հաջողված է համարում

Հունվար 09,2017 12:30

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առավոտ»-ը, արդեն անցած տարվա դեկտեմբերի 13-ին Մալայզիայում մեկնարկել էր Miss Tourism International միջազգային 19-րդ մրցույթը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնում էր մոդել, կիթառահար Լյուսի Հարությունյանը: Մրցույթն ավարտվել է, մեր գեղեցկուհին արդեն Հայաստանում է: Նա հնարավորություն է ստացել անվճար կրթություն ստանալ Մալայզիայի Լիմկոկվինգի ստեղծարար տեխնոլոգիաների համալսարանում:

Miss Tourism International մրցույթի եւ հայ գեղեցկուհու հաջողությունների մասին «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է ինքը՝ Լյուսի Հարությունյանը:

-Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Կուալա Լումպուրից:

-Իսկապես շատ տպավորված եմ: Երբ առաջարկություն ստացա «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանից, արդեն մտածում էի, որ հետաքրքիր է լինելու, թեեւ չէի կարող պատկերացնել մրցույթի իրական ընթացքը:

Miss Tourism International-ը մեծ պատմություն ունի: Այն սկզբնավորվել է 1994-ին, տարեցտարի ավելացել է մասնակից երկրների թիվը եւ վերջին տարիներին հասել 60-ի: Սա մեծ մասշտաբի միջազգային մրցույթ է՝ բարեգործական ծրագրով, սոցիալական ապահովությանն ուղղված միջոցառումներով եւ, իհարկե, գովազդներով: Մենք այցելել ենք մանկատուն, շփվել երեխաների հետ, զվարճացրել նրանց, մի ջերմ օր պարգեւել մանկատանը հայտնված այդ երեխաներին: Այցելել ենք նաեւ ծերանոց, զրուցել տարեց մարդկանց հետ, նրանց համար փոքրիկ շոու ներկայացրել: Շատ ենք զբաղվել տարբեր ֆիրմաների գովազդով, մասնակցել ենք ցուցադրությունների:

Եղել ենք արեւելյան Մալայզիայում: Հայտնի Լանգկավի քաղաքում երկու օր ենք անցկացրել: Այցելել ենք 3D-արտ թանգարան, մի ամբողջ օր անցկացրել նավի վրա, եղել ենք բրնձի դաշտում եւ թանգարանում, ուր ներկայացված է բրնձի տարբեր տեսակների պատմությունը: Տեսել ենք նաեւ, թե ինչպես են աճեցնում բրինձը, անգամ ինքներս փորձել ենք բրնձի սածիլներ տնկել: Նստել ենք Լանգկավիի հայտնի Sky Cab ճոպանուղին, չինական եւ մայայզիական մարտարվեստի դասընթաց ունեցել Sky bridge կամրջի վրա, որը 660մ բարձր է ծովի մակերեւույթից եւ 125մ լայնություն ունի: Եվ, իհարկե, արեւմտյան Մալայզիայում այցելել ենք մայրաքաղաք Կուալա Լումպուրից ոչ հեռու գտնվող Մալայզիայի հայտնի՝ Լիմկոկվինգի ստեղծարար տեխնոլոգիաների համալսարան: Ահա համառոտ այն ծրագիրը, որը կազմել էր մրցույթի ղեկավարությունը:

-Փաստորեն, բավականին հագեցած ծրագիր ունի մրցույթը: Դուք հնարավորություն եք ստացել անվճար սովորել այդ համալսարանում, վերադառնալու՞ եք Մալայզիա:

-Դեռ որոշում չեմ կայացրել: Արդեն երեք տարի է հաճախում եմ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հետաքրքրված եմ այդ ոլորտով, սակայն դեռ որոշում չունեմ Մալայզիայում սովորելու առնչությամբ: Իհարկե, տպավորված եմ այդ համալսարանով: Շատ մեծ համալսարան է, ունի շուրջ 8500 ուսանող՝ աշխարհի 130 երկրներից, հագեցած է ժամանակակից կրթության համար անհրաժեշտ տեխնոլոգիական բոլոր միջոցներով եւ այնտեղ սովորելու առաջարկն ստանալն ինձ համար իսկապես մեծ պատիվ է:

– Ասում են՝ նման մրցույթներում քաղաքականությունն էլ է դեր խաղում: Զգացե՞լ եք նման բան:

-Իսկ ո՞ր ասպարեզում չկա քաղաքականություն (Ժպտում է-խմբ.): Նույնը միշտ ասում ենք Եվրատեսիլի մասին: Զարմանալ պետք չէ: Նկատի չունեմ, թե նորմալ է, բայց տրամաբանական է: Իսկ ընդհանրապես բոլորիս էլ շատ լավ են վերաբերվել, պարզապես՝ հրաշալի:

Գիտե՞ք, 60 գեղեցկուհիներից յուրաքանչյուրը կարող է մտածել, որ ինքն է ամենաարժանին: Իհարկե, այդ 60-ի մեջ մեկ-երկուսը կարող են զիջել մյուսներին՝ իրենց արտաքին տվյալներով, բայց մասնակիցների գերակշիռ մասը գեղեցիկ էր եւ արժանի՝ գլխավոր թագը կրելու:

-Իսկ ի՞նչ կասեք բուն մրցույթի մասին: Ուրիշ ի՞նչ արդյունքներ ունեցաք:

-Կարծում եմ՝ սեփական երկիրը նման միջազգային մրցույթում ներկայացնելը ցանկացած գեղեցկուհու համար արդեն իսկ մեծ հաջողություն է: Էլ չասեմ՝ երազանք:

Մինչ մրցույթի եզրափակիչը օնլայն քվեարկություն տեղի ունեցավ, որի արդյունքներով ես հինգերորդ տեղում էի՝ առաջին հնգյակի մեջ, սակայն վերջում չանցա եզրափակիչ: Ընդ որում՝ ինձ համար քվեարկել էին ոչ միայն Հայաստանի իմ համակիրները, այլեւ հենց մալայզիացիներն ու այլ երկրների օգտատերեր:

Շնորհակալագրեր եմ ստացել մի շարք ձեռնարկություններից, որոնց գովազդային ցուցադրություններին մասնակցել եմ, եւ, իհարկե, նվերներ: Տիտղոսներ չեմ ստացել, սակայն արդեն հրավերներ ունեմ երեք-չորս միջազգային հեղինակավոր մրցույթներից՝ Հայաստանը ներկայացնելու համար: Կուզենայի այս ամենին հավելել, որ քսան օրում աշխարհի տարբեր երկրներից 59 ընկեր ձեռք բերելն էլ իր առանձնահատուկ հետաքրքրությունն ունի:

Ի դեպ, առաջին անգամ էի մասնակցում գեղեցկության մրցույթի, եւ միանգամից նման հզոր մրցույթի մասնակցելն ինձ համար նաեւ ուսանելի էր: Շատ բան տեսա, հասկացա, սովորեցի: Մինչեւ չմասնակցես, չես կարող ենթադրել, թե ինչ եւ ինչպես է տեղի ունենում: Ինչ ստացա Մալայզիայի Miss Tourism International-ին մասնակցելով, ինձ համար մեծ հաջողություն եմ համարում:

Ուզում եմ նաեւ ասել, որ Miss Tourism International-ը շատ է կարեւորվում Մալայզիայում: Արդեն անունը հուշում է, որ այն ուղղված է Մալայզիայում տուրիզմի զարգացմանը: Քսան օրերի ընթացքում կազմակերպիչները ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց երկիրը ներկայացնեն բոլոր կողմերից՝ թե որքան զարգացած է Մալայզիան, որքան բարի, մարդասեր եւ հյուրասեր է մալայզիացին, ինչ հարուստ խոհանոց ունի այդ ժողովուրդը եւ այլն: Նրանք մեզ դիտում էին որպես տուրիզմի դեսպանների՝ մեր երկրներում: Կարծես մեզ պատրաստում էին, տեղեկացնում իրենց երկրի մասին, որպեսզի մենք այդ ամենը պատմենք մեր երկրներում, որը կարող է հետաքրքրություն առաջացնել եւ խթանել տուրիզմը Մալայզիայում:

Ի դեպ, մրցույթին մասնակից երկրների մեջ այլ երկրներ նույնպես կան, որոնք մեծ տեղ են տալիս նման մրցույթներին: Դա զգացվում էր նրանց ներկայացուցիչների պատրաստվածությունից: Այնպիսի տպավորություն էր, թե այդ գեղեցկուհիների հետ իրենց երկրներն էլ էին մասնակցում մրցույթին՝ սկսած մասնակիցներին տրված նվերների հովանավորությունից, վերջացրած՝ շքեղ զգեստների, զարդերի տրամադրմամբ:

Նկատի չունեմ, թե տուրիզմը միայն գեղեցկության մրցույթով է զարգանում, բայց նաեւ դրանով է զարգանում: Իմ տպավորությունը Մալայզիայից այն է, որ ամեն բան անում են հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ունենալու համար: Նրանք մտածում են՝ որքան շատ մարդ այցելի Մալայզիա, այնքան կհարստանա, կզարգանա իրենց երկիրը:

-Ասացիք, որ հրավերներ ունեք այլ մրցույթներից: Արդեն որոշե՞լ եք, թե ուր եք մեկնելու հաջորդ անգամ:

-Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ մինչեւ մայիս-հունիս կհանգստանամ ու կզբաղվեմ իմ դասերով: Հրավերներից երկուսը մոտակա ամիսների՝ փետրվարի եւ ապրիլի համար են, Թայվանից եւ Դոմինիկյան հանրապետությունից: Երկուսն էլ հայտնի մրցույթներ են: Մի քիչ շուտ եմ համարում այդքան կարճ ժամանակ հետո կրկին մրցույթի գնալը, չնայած դեռ չեմ մերժել այդ հրավերները: Ինչ վերաբերում է մյուս առաջարկներին, դրանք դեռեւս պետք է քննարկել:

Մրցույթի եզրափակիչը դեկտեմբերի 31-ին էր, ես Հայաստան եմ վերադարձել հունվարի 3-ին եւ այս օրերին միայն վայելել եմ տոնական Երեւանը: Ի դեպ, մի գայթակղիչ հրավեր էլ ունեմ Իտալիայից՝ հունվարի վերջին կայանալիք միջազգային հեղինակավոր ցուցադրության մասնակցելու, բայց պետք է դեռ կիսամյակային քննություններս հանձնեմ, չեմ կարծում, թե կհասցնեմ մեկնել:

-Կա՞ որեւէ բան, որ կուզենայիք ավելացնել, գուցե մի հետաքրքիր դեպք, արկած:

-Ամեն բան, որ տեսանք, հետաքրքիր էր: Հիշարժան պահեր շատ են եղել, բայց ինձ համար ամենատպավորիչը իմ ծննդյան օրը տեղի ունեցած շոուն էր, երբ ցուցադրում էինք մալայզիական «Jafiqa» ֆիրմայի գլխաշորերն ու շարֆերը: Ցուցադրության վերջում իմ անունը հնչեց, հայտարարեցին, որ իմ ծննդյան օրն է եւ բոլորը շնորհավորում էին: Հաճելի անակնկալ էր:

Կուզենայի կրկին շնորհակալություն հայտնել «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանին՝ ինձ նման հիանալի հնարավորություն ընձեռելու համար: Հաճելի էր պարոն Խաչատրյանից լսել, որ գոհ է մեր առաջին համագործակցության արդյունքներից: Շատ շնորհակալ եմ «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանին, երիտասարդ, սակայն արդեն հայտնի դիզայներ Արփինե Կոշտոյանին՝ զգեստների հարցում աջակցելու համար եւ իմ երեկոյան զգեստի հեղինակ Վեներա Եղիկյանին:

Մեծ շնորհակալություն նաեւ գեղանկարիչ Քաջիկ Գեւորգյանին՝ Miss Tourism International-ի բարեգործական հիմնադրամին իր աշխատանքներից մեկը նվիրելու եւ դիզայներ Գոհար Մաթոսյանին՝ մրցույթի 59 մասնակիցների համար ձեռագործ նվերներ ձեռք բերելու հարցում աջակցելու համար:

 

Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031