Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կրկին կանգնում է նույն ռուսական «փոցխին»

Հունվար 10,2017 22:00

Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձություններն ի հայտ են բերում մի իրողություն, երբ կարելի է փաստել հետեւյալը. Հայաստանի անվտանգության
եւ միջազգային հարաբերությունների ներկայիս վիճակը սպառնալից է:

Տարեվերջին տեղի ունեցած ռազմական միջադեպը Տավուշում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո աննախադեպ էր: Ամանորի եւ Սուրբ ծննդյան մթնոլորտը մասամբ ցրեց կատարվածի ծանրությունը, գոնե հոգեբանական առումով: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երեւանը, երկրորդ անգամ կանգնելով նույն ռուսական «փոցխին», մտադիր չէ՛ պատշաճ եւ գործուն հետեւություններ անել:

Բոլոր հիմքերը կային կարծելու, որ ապրիլյան պատերազմի «դեղին քարտը» կփոխի Հայաստանի անվտանգության ներկայիս պատկերացումները, սակայն կյանքը ցույց տվեց, որ դրան հաջորդած յոթ ամիսների ժամանակային ռեսուրսը քաղաքական, ռազմավարական հետեւությունների առումով ուղղակի մսխված է:

Այս անգամ` արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում հակառակորդը ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ, որի արդյունքում զոհեր ունեցանք:
Ինչո՞ւ է Ալիեւն այդքան ինքնավստահ: Եթե ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը, իրո՛ք ռազմական դաշինք է, իսկ նրա անդամ Ռուսաստանն էլ՝ առանցքային պետություն, ապա Ադրբեջանը նույնիսկ տեսականորեն չէր համարձակվի նման ոտնձգության: Սա` այն դեպքում, եթե չլինեին ձեւականից հեռու, եթե ոչ՝ ձեւականին հակառակ իրողությունները:
Սրանք այդ նույն իրողություններն են, որոնք օգնում են Ադրբեջանին անպատիժ կերպով խուսափել Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Բազմիցս է ասվել եւ պետք է նորից կրկնել. ռուսաստանյան զենքի հավատարիմ հաճախորդ Ալիեւի ռեժիմը վաղուց ազատ գործում է այն «միջանցքում», որը համաձայնեցված է Ռուսաստանի հետ, եւ դրան չի առարկում Թուրքիան: Սակայն շփման գծի կայունացումը՝ միջադեպերի բացառման մեխանիզմի ներդրումը, մշտադիտարկման ռեժիմի սահմանումը, հնարավոր միջադեպերի հետաքննությունների եւ դրանց համար պատասխանատվության ինստիտուտի ձեւավորումը ԵԱՀԿ հովանու ներքո՝ դա արդեն հակասում է Ռուսաստանի շահերին: Եվ շատ պարզ է, թե ինչու:

Եթե ենթադրենք, որ Վիեննայի պայմանավորվածությունները դառնում են իրականություն, ապա, նախ, էապես նվազում է պատերազմի անպատիժ վերսկսման հավանականությունը: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի լծակները Հայաստանի հետ հարաբերություններում էապես նվազում են, Ադրբեջանի՝ զենք ձեռք բերելու ներկայիս ծավալները դառնում են անիմաստ, ինչը թուլացնում է Մոսկվայի լծակները նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ ամենակարեւորը՝ Ռուսաստանի հավակնությունները տարածաշրջանում էապես սանձվում են, եւ մեծանում է Արեւմուտքի դերը, որն օբյեկտիվորեն շահագրգռված է իրավիճակի կայունացմամբ:

Եթե քառօրյա պատերազմին մեր «ռազմավարական դաշնակիցն» արձագանքեց միայն ցինիկ լռությամբ, ապա դեկտեմբերին նույն ցինիկ լռությանը գումարվեց ՀԱՊԿ՝ արդեն նախկին գլխավոր քարտուղարի «ահեղ» արձագանքը: Եվ ինչպիսի՜ ցնծություն որոշ շրջանակներում. նա ասաց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությո՜ւն»: Նախիջեւանն էլ է հանրապետություն, հետո ի՞նչ: Եվ ի՞նչ է դա փոխել: Զինամատակարարումնե՞րն են Ռուսաստանից Ադրբեջան դադարել, թե՞ Մոսկվան ի՛ր իսկ համաձայնությունը տված Վիեննայի պայմանավորվածություններն է սկսել պարտադրել Բաքվին: Գնացող, իսկ այսօր արդեն գնացած Բորդյուժայի այդ «մխիթարական մրցանակը» հայերին ուղղակի ի ցույց է դնում մի բան. «հայ-ռուսական դարավոր բարեկամության» լեռը ոչ միայն մուկ է ծնում, այլեւ մի գլխակեր հրեշի, որը խլում է մեր զինվորների կյանքը եւ դարձել է Հայաստանի պետականության թիվ մեկ սպառնալիքը:

Փաստորեն, քառօրյա պատերազմի հիմք դարձած իրողությունները որեւէ փոփոխության չե՛ն ենթարկվել, եւ դեկտեմբերյան սրացումը՝ արդեն հայ-ադրբեջանական սահմանին, գալիս է վկայելու, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որեւէ հետեւություն չի՛ արել քառօրյա պատերազմից՝ շարունակելով նույն վտանգավոր քաղաքականությունը:
Երեւանը պետք է «խռովկան օրիորդի» պես չնեղանա, թե ինչու մեր ներկայացուցիչը չստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի «պատվավոր» պաշտոնը, մի կառույցի, որտեղ չկա ոչ «հավաքական», ոչ «անվտանգություն», ոչ «պայմանագիր» եւ ոչ էլ «կազմակերպություն», այլ պետք է անի մի շատ պարզ հետեւություն. ՀԱՊԿ կոչված կառույցը սկզբունքորեն չի՛ կարող սպասարկել Հայաստանի ազգային շահերը: Այն միայն կաշկանդում է Երեւանի հնարավորությունները՝ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել եւ պաշտպանական քաղաքականություն վարել՝ ելնելով մե՛ր, այլ ոչ թե մեզ հակառակ Մոսկվայի շահերից:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամիս ժամանակ, եւ իրավիճակը շատ ավելի լուրջ է, որպեսզի հարցը դառնա կոնյունկտուրային շահարկման առարկա: Սակայն դա շատ լավ հնարավորություն է, որպեսզի քաղաքական հայտով հասարակությանը ներկայացող քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց մոտեցումներն այս` կենսական կարեւորություն ունեցող հարցերում: Հայաստանին պետք է միանգամայն ա՛յլ անվտանգության քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, պաշտպանական քաղաքականություն, որը կազատի մեր երկրի պարանոցը Մոսկվա-Բաքու-Անկարա եռանկյունու խեղդօղակից:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031