Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հաճույքի համար այդպիսի բաներ չենք կարող անել». Գյուղապետերը զարմացած են Ֆրոնտիկ Թեւոսյանի անվանակոչության վրա

Հունվար 11,2017 16:07

Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցը եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գյուղի գլխավոր փողոցն անվանակոչել էր իր անունով:

Սա սոցցանցերում եւ հասարակության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել:

Մենք նույն մարզի մի շարք այլ համայնքների գյուղապետերից հետաքրքրվեցինք՝ իրենց գործընկերոջ արարքը կարո՞ղ է «վարակիչ» լինել եւ իրենք էլ ուզենան իրենց ծննդյան, այսպես ասած, կլոր ամյակներին այդպիսի նվեր մատուցել իրենց:

Ակունք գյուղի գյուղապետ Հունան Ռուբենյանը մեզ հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ նման դեպք է եղել. «Նմանատիպ բան չէր կարող լինել, առավել եւս՝ Կոտայքի մարզում»: Նա վստահեցրեց, որ անձամբ ինքը նման մտադրություն երբեւէ չի ունեցել, չի էլ ունենալու. «Երբ ես չեմ աշխատի այլեւս, թող եկող նոր համայնքապետը կամ ավագանին որոշեն, եթե արժանի եմ եղել՝ կգնահատեն, իսկ իմ օրոք չի լինի նմանատիպ բան»:

Մեր դիտարկմանը, որ կոնկրետ Ֆրոնտիկ Թեւոսյանը պատճառաբանել էր, որ ինքը 30 տարվա աշխատող է եւ մեծ վաստակ ունի, Դուք չե՞ք ուզում Ձեր վաստակը նման կերպ գնահատել եւ արժեւորել, նա պատասխանեց. «Միանշանակ ոչ: Դա ես չեմ գնահատելու: Դա կգնահատի ժողովուրդը եւ ինձանից հետո աշխատողները»:

Շիրակի մարզի Բաշգյուղի գյուղապետ Վոլոդյա Մովսիսյանն էլ վստահեցրեց, որ չի ուզում իր ծննդյան տոնին նման նվեր անել: Նա պատճառաբանեց նախ, որ իրենց համայնքը խոշորացվել է, միավորվել են, ինքն էլ նման մտադրություն չունի: Նա ասաց, որ հիմա 63 տարեկան է, 65 տարեկանի կապակցությամբ էլ չի պատրաստվում անվանակոչել որեւէ փողոց իր անունով: Բայց դեմ էլ չէ, որ որեւէ գյուղապետի անունով անվանակոչություն լինի: Ըստ նրա, եթե լավ համայնքապետ է, արժանի է, ի՞նչ է եղել, որ:

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, երբ հարցրեցինք՝ այդքան հոգսեր եք հոգացել համայնքի համար, այդքան վաստակ ունեք, չե՞ք պատրաստվում Դուք էլ Ձեր ծննդյան տոնին նման նվեր անել՝ մի քանի րոպե միայն ծիծաղում էր. «Ե՞ս…ե՞ս անեմ այդպես»: Նա ասաց, որ նախ կառավարության որոշմամբ մի շարք կետեր կան, թե ինչպես կարող են անվանակոչել փողոցը. «Պատերազմում զոհվածի, մահվան 10 տարին լրացած, նշանավոր մարդու…այդպիսի կետեր կան, բայց ավագանին կարող է առաջարկել, բնակիչների ժողով պետք է անի, թե իրո՞ք ժողովուրդը համաձայն է, իսկ ավագանին հաստատելուց հետո արդեն պետք է կառավարությունն ընդունի: Եթե Նոր Գեղիի դեպքում այդ գործընթացն իրականացել է, պրծել, էլ ի՞նչ իմաստ ունի»:

Անդրանիկ Այդինյանը նույնիսկ վիրավորվեց հարցից, թե իր անունով փողոց չի՞ ուզենա անվանակոչել: Նա ասաց. «Մեր գյուղը սահմանամերձ է, գիտե՞ք ինչքան մարդ է մեր գյուղի պաշտպանության համար զոհվել, ուրեմն այդ հարցը ինձ մի տվեք: Թե ուրիշ տեղեր ով ինչ է անում, մեր գյուղի պաշտպանության համար շատ մարդիկ են զոհվել ու մենք մեր կամքով, մեր ուզածով ու մեր հաճույքի համար տենց բաներ չենք կարող անել: Մեր գյուղապետերը նվիրված մարդիկ են ու հնարավոր չի մեր տարածքում այդպիսի բաներ իրականանան, ես կարող եմ Շամշադինի բոլոր գյուղապետերի տեղն էլ ասել: Մեր գյուղապետերը ոչ միայն իրենց, այլեւ իրենց բարեկամների, հարազատների ծնունդներին նման նվերներ չեն արել եւ չեն անի»:

Շիրակի մարզի Ամասիա գյուղի նախկին գյուղապետ Աղասի Ամիրյանն էլ ասաց, որ չի կարծում, թե նման մտադրություն այլ համայնքապետեր կարող են ունենալ եւ մտքով անցկացնել նման բան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031