Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Տնաշեն, գոնե պապիդ անունով կոչեիր…». Շիրակի նախկին պաշտոնյա

Հունվար 11,2017 21:25

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության նախկին պետ Կարլեն Աբրահամյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը, վերջերս անցավ թոշակի, իմանալով Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի կենտրոնական փողոցն ու երաժշտական դպրոցը գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի անունով անվանակոչելը, սկսեց բարձրաձայն ծիծաղել:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման տարիներին հիշո՞ւմ է դեպք, երբ ուրեւէ գյուղապետ փորձած լինի հավերժացնել իր կամ բարեկամների անունը: «Ես չգիտեմ ինչ է իրեն թույլ տվել Նոր Գեղի գյուղապետը, բայց ինքնավստահ ու երաշխավորված ասում եմ՝ Շիրակի մարզում նման դեպք չի եղել, մենք թույլ չենք տա: Բնակչության ռեգիստրում գյուղերի փողոցները համարակալվում են, չեն անվանակոչվում: Չհաշված Ռոլանդի հումորը (խոսքը Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանի կողմից դեպի Հառիճավանք տանող գլխավոր փողոցը Նուրսուլթան Նազարաբաեւի անունով կոչելն էր՝ Ղազախստանի նախագահից գյուղում ներդրումներ ստանալու ակնկալիքով Ա.Ն.), չեմ հիշում երբեւիցե նման դեպք…

Դպրոց իրենց բարեկամների, հարազատների անուններով անվանակոչելու փորձեր եղել են, բայց անձամբ ես այսպես ասած արգելափակել եմ: Նման մի դեպք եղավ Փանիկում, իհարկե, գյուղապետի նախաձեռնությունը չէր: Արթիկի ռայկոմի նախկին քարտուղարներից մեկը մեծ ցանկություն էր հայտնել իր հոր անունով անվանակոչել դպրոցը, հայրը տնօրեն էր եղել այնտեղ: Մինչեւ հիմա այդ մարդը նեղացած է ինձանից: Մեծ պատմություն բացվեց, այդ մարդը բողոք գրեց նախագահին, թերթերով, բայց ամեն դեպքում մենք մերժեցինք, քանի որ դպրոցների անվանակոչման համար կան մշակված հատուկ չափորոշիչներ, այդ մարդու ծառայությունը կրթության ոլորտում, ազգի առաջ, պետության առաջ, մեծ չափորոշիչներ կան, որ շատ քիչ մարդիկ են տեղավորվում…

Մենք Մեսրոպ Մաշտոցներ, Վիկտոր Համբարձումյաններ շատ ունե՞նք: Նման փորձեր եղել են նաեւ Քարաբերդում ու Հայրենյաց գյուղերում: Էլի եմ ասում, դա գյուղապետերի նախաձեռնությունը չի եղել, ընդհակառակը գյուղապետերը սկզբունքորեն դեմ են եղել, որովհետեւ մտածել են՝ նման կարգի մարդիկ գյուղում շատ կան, եթե մեկի անունով կոչես դպրոցը, մյուս պիտի նեղանա, դրա համար իրենցից այսպես ասած ցրել են, ուղարկել մեզ մոտ, մենք էլ բացատրել ենք չափանիշները:

Շատ մտածեցի, բայց նման տարօրինակ, անընդունելի դեպք չհիշեցի: Շիրակի մարզպետարանում դրվածք կա, ով ուզում է լինի, չի կարողանա ծանոթներով հարց առաջ տանի, մեր վարչությունն այդ հարցում շատ զգույշ է եղել: Անգամ Քըրք Քըրքորյանի դեպքում, որ Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում մեծ բարեգործություններ է արել, ասում էինք՝ քաղաքի կեսը իր անունով կոչեք, բայց սկզբունքը պահեք, մահից հինգ տարի անց արեք:

Անկեղծ ասած չգիտեմ Նոր Գեղի գյուղապետը ինչո՞ւ է նման բան իրեն թույլ տվել, բայց մենք թույլ չենք տա: Չկա մի շիրակցի գյուղապետ, որ ռիսկ անի իր անունով գոնե մի 100 մետր տարածք անվանակոչի, ուր մնաց փողոց ու գյուղ: Դա կնշանակի, որ մեր վարչությունը տեղում չէ…Իհարկե, ես հիմա չեմ աշխատում, բայց մեր վարչության աշխատակիցները երբեք թույլ չեն տա նման բան: Թե ասա տնաշեն, գոնե պապիդ անունով կոչեիր, մեռնելուցդ հետո անունդ կջնջեն, քեզ էլ կքրֆեն, վերջը մի քիչ էլ անվանդ մասին մտածի, անեծքի բույն կդառնաս, էդպես էլ հիշողության մեջ մնալ կլինի՞»,- ասաց մարզպետարանի նախկին պաշտոնյան:

Լուսանկարները՝ Hetq.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    Նունե ջան դու լավ լրագրող ես, հարցազրույցներիդ համար լուրջ մարդիկ ընտրիր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031