Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի մասին կեղծ տեղեկություններ տարածելու հարցում մեղադրում են Աշոտ Մելքոնյանին, Ամատունի Վիրաբյանին

Հունվար 11,2017 22:45

Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Պոստ ֆակտում…Անցյալը սահմանում է ապագան»  ֆիլմի ցուցադրությունը, որտեղ փաստերով հերքվում են այն կեղծ լուրերը, թե Կոմիտասը Բեռլինում ուսանելով Ռ. Շմիդտի մասնավոր երաժշտանոցում եւ ավարտելով Ֆրիդրիխ Վիլհելմ, այժմյան Հումբոլդտի անվան համալսարանի փիլիսոփայության բաժինը, իր դիպլոմային աշխատանքը պաշտպանել է քրդական երաժշտության թեմայով:

Ֆիլմի ռեժիսորն է Մովսես Գասպարյանը: Պրոդյուսեր եւ օպերատորն է Գագիկ Հարությունյանը: Վերջինս ասաց, որ Ազգային անվտանգության հարցում խնդիր է տեսնում. «Մենք մտել ենք Ազգային ժողով, մենք պետք է մեր օրենսդրական դաշտն այնպես շտկենք, որ ապահոված լինենք նմանատիպ այլանդակություններից»:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը ֆիլմում պատմեց, որ այն միջավայրը, մթնոլորտը, որում աշխատում ու ստեղծագործում էր Կոմիտասը, այնքան էլ բարյացակամ չէր իր նկատմամբ: Գագիկ Հարությունյանն էլ հավելեց, որ Կոմիտասին մեղադրել են ազգայնամոլության մեջ, ըմբոստության մեջ, խռովարար լինելու մեջ: Երեւի թե դա է եղել պատճառը, որ նրան 1915-ին ձերբակալեցին:

Ֆիլմում նաեւ հերքում են այն կեղծ տեղեկությունները, թե իբր Կոմիտասի առաջին լեզուն եղել է եզդիերենը: Ըստ Գագիկ Հարությունյանի, դրանք հեքիաթներ են, որոնք 100 տարի չեն մաքրվել եւ այսօր ունենք իրողություն, որ այդ եւ նմանատիպ առասպելները վարդապետի մասին շարունակում են տեղ գտնել տարբել գրքերում: Ինչ վերաբերում է քրդերին, որոնք տարածում են այն թեզը, թե Կոմիտասը քրդերի մեծ բարեկամն է եղել եւ այլն՝ Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ «Եղբայրությունը չի նշանակում, որ մի ժողովրդի պատմությունը կարելի է զոհել մեկ այլ ժողովրդի պատմության»:

Նա ասաց, որ չպետք է աղճատել որեւէ ժողովրդի մշակույթի պատմություն:

Փաստն այն է, որ Կոմիտասի ինքնակենսագրության 3 տարբերակ կա ու որեւէ խոսք չկա քրդերի մասին: Կոմիտասը առանձին բրոշյուրով 13 քրդական երգ է հրատարակել, որոնք շատերը սկսեցին շփոթել դիպլոմային աշխատանքի հետ: Ըստ Մարինե Մուշեղյանի, միգուցե դա է հիմք տվել նմանատիպ եզրակացությունների: Բայց Հումբոլդտի համալսարանի արխիվում, որը իդեալական վիճակում է, չկա նման աշխատություն: Գագիկ Հարությունյանն ասաց, որ Կոմիտասը քրդական երաժշտությունը համեմատել է հովվական երաժշտության հետ, նա չէր կարող այն բարձրացնել այնքան, որ հասցներ ատենախոսության մակարդակի:

Մարինե Մուշեղյանի դիտարկմամբ՝ ամբողջ արխիվային փաստերն ուսումնասիրելով չի հանդիպել որեւէ մի ակնարկ, փաստ, որը կվկայեր այդ թեզի գոյության մասին: Ֆիլմում ցուցադրվեց նույնիսկ Կոմիտասի ձեռագրերից մեկը քրդական մի երաժշտության, որտեղ հայատառ քրդերենով տեքստ էր գրված, թղթի եզրին Կոմիտասը նշել էր կատարողի անունը, իսկ այդ երգի վրա մատիտով մեծ գիծ է քաշել ու վրան գրել՝ «անպետք»:

Ուշագրավ է, որ ֆիլմում հիշատակվում է «Ուսուբ բեկ» գրքի մասին, որտեղ պատկերված էր Կոմիտասի նկարը եզդի ցեղապետ Ուսուբ բեկի հետ: Ըստ երաժշտագետի, նկարն ակնհայտորեն կեղծիք է, ֆոտոշոփի արդյունք, իսկ գրքում համատեքստից կտրված մի նամակ մեջբերելով՝ ամրապնդում են այն թեզը, թե Կոմիտասի ավարտական աշխատանքը եղել է քրդական երաժշտության թեմայով: Հետաքրքիրն այն է, որ գրքի գլխավոր խմբագիրն է Կարեն Խաչատրյանը՝ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի փոխտնօրեն: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ այդ գրքի շնորհանդեսին մասնակցել են ոչ միայն նա, այլեւ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Aravot.am-ը Գագիկ Հարությունյանին հարցրեց՝ արդյո՞ք նրանց մեղքի բաժինը կա այն հարցում, որ Կոմիտասի մասին այդ կեղծ թեզը տարածում է գտել: Նա պատասխանեց, որ միանշանակ կա. «Նրանք չէին կարող տեղյակ չլինել այդ գրքի մասին: Ավելին՝ ես առաջինն եմ գնացել, դիմել եմ Աշոտ Մելքոնյանին, իրեն ասել եմ՝ Աշո՛տ, այսպիսի թեմա կա, ես շատ կուզենայի, որ ակադեմիայում կազմակերպի եւ հայտարարի, որ այդպիսի բան չի եղել, ես կլինեմ քեզ օգնական: Հիմա ինչ եղել՝ եղել է ԽՍՀՄ-ի իշխանության ժամանակ, վերջ: Բառացիորեն ասեց՝ է՞դ էլ ես անեմ»:

Հետո Աշոտ Մելքոնյանն ասել է՝ լավ, դու դե՞մ ես, որ մի լավ եզդու մասին գիրք գրեն: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ «Ես այն ժամանակ չգիտեի, որ իր մատը խառն է: Իրենք շատ լավ գիտեն ինչ են արել՝ մանրակրկիտ աշխատել են այդ գրքի վրա: Իրենց արեւով այնպես են արել, որ հանկարծ դատարանում կպնելու տեղ չլինի, բայց կա  կպնելու տեղ, որովհետեւ իրենք միջազգային օրենքները լավ չգիտեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Ոչ թե Աշուղյան, այլ Մուշեղյան։ Հետո ձեր գրածից չի երևում, որ Աշոտ Մելքոնյանը հատուկ կեղծ տեղեկություններ է տարածում Կոմիտասի մասին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031