Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հնարավոր չէ առաջընթաց արձանագրել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Հունվար 13,2017 15:30

Ապրիլյան քառօրյա պատերազմը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չթողնել ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այնպես էլ հայկական կողմերի դիրքորոշման վրա: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո քաղաքական կարգավորման գործընթացը որոշակի փակուղային փուլ է մտել, ինչն առավել քան տրամաբանական է, քանզի որեւէ իրական առաջընթաց ակնկալելը ոչ այլ ինչ է, քան միամտություն, քանի դեռ չկա փոխվստահություն, քանի դեռ չկան երաշխիքներ, որ նոր էսկալացիաներ չեն լինի: Թերեւս հենց այս մոտեցմամբ են առաջնորդվում հայկական կողմերը, եւ պատահական չէ, որ այս պահին առաջնահերթ են համարում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հեռանկարներին, ապա կարելի է առանձնացնել վեց պայման, որոնց կյանքի կոչման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացում իրական առաջընթացի հնարավորության մասին:
Առաջին՝ երբ ե՛ւ ԼՂՀ-Ադրբեջան, ե՛ւ Հայաստան-Ադրբեջան սահմաններին լիարժեք եւ անվերապահորեն պահպանվեն 1994 եւ 1995 թվականների եռակողմ, անժամկետ պայմանագրերով ստանձնված պարտավորությունները: Երբ առկա են եւ կիրառվում են հետաքննության մեխանիզմները, սահմանված են զինադադարի խախտման համար նախատեսված պատասխանատվության նորմերը: Երբ դիպուկահարները հետ են քաշված շփման գծերից: Երբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնել է իր կազմը եւ ուղղակի կամ անուղղակի ձեւով նպաստում է սրացումների կանխարգելմանը: Երբ Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը կնքել են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման պայմանագիր՝ ներառող նաեւ միջազգային երաշխիքներ:
Երկրորդ՝ երբ Ադրբեջանում հայատյացությունն իր տեղը զիջի հարեւանության, երկու ժողովուրդների կողք կողքի հաշտ ապրելու եւ արարելու ապագայի տեսլականին: Երբ Ադրբեջանում գիտակցեն, որ հայատյացություն ներարկող թույնն առաջին հերթին վնասում է ադրբեջանցիների երիտասարդ սերնդին, ինչը երկարաժամկետ կտրվածքում կարող է տարածաշրջանը դարձնել առավել պայթյունավտանգ: Երբ միջնորդների կողմից ներդրվեն այլատյացության նվազմանը, վերացմանը միտված չափելի մեխանիզմներ եւ սահմանվի պատասխանատվություն դրանք չկիրառելու համար: Հայատյացության թույնն Ադրբեջանում առկա է ամենատարբեր մակարդակներում՝ սկսած երկրի բարձր ղեկավարության հրապարակային հայտարարություններից մինչեւ ԶԼՄ-ներ եւ կրթական համակարգ: Հայաստանը չի գնացել եւ չի գնա այդ ճանապարհով, նախ՝ մեզ համար թանկ է մեր երիտասարդության հոգեկան առողջությունը, բացի այդ, անգամ նախագահի մակարդակով հայտարարվել է, որ Ադրբեջանի՝ իր առօրյա հոգսով ապրող ժողովրդին մենք թշնամի չենք համարում:

Երրորդ՝ երբ քայլեր ձեռնարկվեն փոխվստահության ձեւավորման եւ ամրապնդման ուղղությամբ, ստանձնած պարտավորությունները կատարվեն, եւ դա դառնա ձեռագիր: Փաստացի այսօր մենք գործ ունենք բոլորովին հակառակ երեւույթի հետ:
Չորրորդ՝ երբ կա գիտակցում, որ թշնամու կերպար ստեղծելով եւ սեփական խնդիրները կոծկելով՝ ապագա չի ստեղծվի: Երբ կա պատրաստակամություն փոխզիջումների, եւ դա չի ընկալվում որպես թուլություն, այլ ընդհակառակը՝ ապացույց է հասունության եւ սերունդներին խաղաղ եւ կայուն ժառանգություն թողնելու ցանկության: Երբ Ադրբեջանը գիտակցի այս ամենը, կարիք էլ չի լինի, որ փակ դռների հետեւում նրանց ճնշեն՝ ստիպելով ճանաչել ԼՂՀ անկախությունը: Դա կլինի ինքնին գիտակցված եւ իրականացված որոշում:
Հինգերորդ՝ երբ միջազգային տարբեր կառույցների, կազմակերպությունների մեր գործընկերները շարժվեն «մի՛ վնասիր» սկզբունքով՝ հասկանալով, որ Ադրբեջանի քաղաքական արկածախնդրության տարաբնույթ դրվագներին տուրք տալու դեպքում պատասխանատու են դառնում թափված արյան եւ խեղված ճակատագրերի համար:
Վեցերորդ՝ երբ միջնորդներն առավել հասցեական հնչեցնեն իրենց գնահատականները եւ չփորձեն հասկանալին ու տրամաբանականը ստորադասել անհասկանալի համահարթեցումներին:

Այս ամենը հաշվի առնելու եւ կիրառելու պարագայում, իհարկե, բանակցություններն արդյունք կունենան, ինչից կշահեն բոլորը եւ առաջին հերթին՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները: Ցավոք, քանի դեռ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը եւ մոտեցումները մնում են նույնը, բանակցային գործընթացում իրական առաջընթաց արձանագրելու որեւէ լավատեսության հիմք չի կարող լինել:

 

ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍՅԱՆ

«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031