Պայքարողները․ Կարպիս Փաշոյան. քաղաքացի-հայրենիք հարաբերություններում «զագսավորում» է պետք

Պայքարողները․ Կարպիս Փաշոյան. քաղաքացի-հայրենիք հարաբերություններում «զագսավորում» է պետք

Վանդակավոր շապիկով, սանդալներով երիտասարդ տղան դիմավորում է ինձ, հեռվից ժպտում՝ կարծես ներողություն խնդրելով մի փոքր ուշանալու համար: «Ուշացա, կներեք»,- ասում է նա: «Ոչինչ, մեծ բան չէ,- ասում եմ ես,- Դուք սանդալներով դպրոց էիք գնո՞ւմ»,- հարցնում եմ կատակով: «Մի քանի անգամ եղել է, իհարկե՝ հետո ասացին՝ հարիր չէ, բայց դեպքեր եղել են»,- ժպտում է նա:

Թաքուն ժպիտով, մի փոքր լարված. «Ես ուղղակի չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, կոմպլեքսավորվում եմ»,- ասում է տղան, ով անկախ իր կամքից մի քանի շաբաթ եղավ բոլորի ուշադրության կենտրոնում: Նա Կարպիս Փաշոյանն է, պատմության ուսուցիչը, ում՝ դպրոցից հեռացման պատճառն, ըստ իրեն, Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դրսևորած քաղաքացիական դիրքորոշումն էր:

«Քաղաքացիական կուսությունս կորցրի Թեղուտի ժամանակ,- պատմում է Կարպիսն ու ժպտում,- Դրանից առաջ, օրինակ` Մարտի 1-ին, դեռ փոքր էի, դպրոցական, առանձնապես ակտիվ չէի, չնայած, այդ ժամանակ արդեն քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում ունեի: 10-րդ դասարանում դպրոցից դուրս էի մնում. մաթեմատիկայի քննության ժամանակ քննաթերթիկի վրա բոլոր պատասխանների փոխարեն գրել էի՝ «Լևոն նախագահ»: Հետո, բնականաբար, նկատողություն ստացա, վերաքննություն հանձնեցի»,- հիշում է նա:

Թեղուտի համար պայքարը Կարպիսը համարում է իր՝ որպես քաղաքացի ձևավորման հիմնակետերից մեկը: Ասում է՝ Թեղուտը խենթերի ու ռոմանտիզմի պայքարն էր անարդարության դեմ, գաղափար, որն իր շուրջ էր հավաքել մարդկանց, որ համոզված էին՝ իրենք կարող են անել ամեն ինչ, իրենք ուժեղ են, որովհետև ճիշտ են.

«Թեղուտը զարմանալի զգացողություն ուներ. 7-8 հոգի, ջահել, խելառ, ասպետական պատմություններ կարդացած, հավաքվել էինք պայքարելու հանուն մի բանի, որ ճիշտ էինք համարում: Անկախ նրանից, որ Թեղուտի համար պայքարում, ըստ էության պարտվեցինք, որովհետև հիմա Թեղուտը, ցավոք, հանք է, բայց այդ ոգին, ոգևորությունը, վստահությունը, որ պայքարում ես հանուն գաղափարի, մնաց ու ձևավորեց մեզ՝ որպես քաղաքացի»,- ասում է Կարպիսը:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետ ընդունվելուց հետո, ուսումը կիսատ թողնելով, Կարպիսը գնաց բանակ: «Դու, որ չես սիրում կարգուկանոն, սահմանափակում, ինչպես որոշեցի՞ր բանակ գնալ»,- հարցնում եմ ես:

«Բանակում ծառայելը պարտադիր եմ համարում. բոլորի համար: Այո, ես չեմ սիրում սահմանափակում, ազատությունն ինձ համար բացարձակ արժեք է, բայց կարգուկանոնին դեմ չեմ, որովհետև դա է համակեցության հիմնական ձևը: Կան ինչ-որ հիմնական բաներ, որոնք չընդունել չեմ կարող. ես ուղղակի դեմ եմ ճնշմանը: Մարդն ազատ է, ու այդ ազատության սահմանափակումը կարող է լինել միայն օրենքը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ինչ-որ մեկի շահը, ո՛չ այլ մարդկանց գաղափարները: Ազատությունը և արդարությունը ինձ համար ամենակարևոր բաներն են»,- ասում է Կարպիսը:

Բարեփոխումները կամ ընդհանրապես իրավիճակի փոփոխությունը, ըստ Կարպիսի մեկ-երկու տարում լինել չեն կարող: Ըստ նրա՝ դրա համար պետք է հասունանա նպաստավոր պահ: Այդ պահին պատրաստ լինելու և որակապես ավելի լավ ընտրություններ անցկացնելու նպատակով Կարպիսն ու իր ընկերները հիմնել են «Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որի միջոցով էլ փորձում են նպաստել Հայաստանում համակարգային փոփոխությունների իրագործմանը:

«Հայաստանի քաղաքացիները սիրում են իրենց երկիրը: Կարծում եմ՝ անգամ իշխանություններն են սիրում այս երկիրը: Բայց հայրենասիրությունը բավարար պայման չէ երկիրն ավելի լավը դարձնելու համար: Մեզ պակասում են մարդիկ՝ քաղաքացիներ ու իշխանություն, ովքեր նաև կհարգեն այս երկիրը: Հարգել՝ նշանակում է պահպանել սեփական երկրի օրենքները. ամեն ինչ պարզ է»,- ասում է Կարպիսը:

Կարպիսը կարծում է, որ Հայաստանում կարող է հաջողություն ունենալ միայն այն պայքարը, որի դեպքում մարդիկ հստակ կհասկանան դրա ազդեցությունը կոնկրետ իրենց վրա.

«Անկախ այն հանգամանքից, որ քաղաքացիական կամ քաղաքական ակցիաները Հայաստանում սովորաբար հաջողություն չեն ունենում՝ նյութական, շոշափելի իմաստով, դրանք, այնուամենայնիվ, չափազանց կարևոր են գաղափարախոսություն փոխելու, հող նախապատրաստելու իմաստով: Օրինակ բերենք վերջին նախաձեռնություններից: Մաշտոցի պուրակի հաղթանակը փոքր ինչ այլ էր. այն շատ հանկարծակի քաղաքական նրբերանգ ստացավ՝ «սիրուն չէ, Տարոն» արտահայտությամբ. հասկանալի է՝ նախընտրական շրջան էր, պահն էլ նպաստավոր, օգտվեցին: Բայց այն, որ դա իրականում քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, պայքարողների հաղթանակն էր, ակնհայտ է: Կամ՝ տրանսպորտի թանկացման դեմ իրականացված ակցիան, որն, ըստ իս, ամենահաջողվածներից էր: Գիտե՞ք ինչու մարդիկ հաղթեցին. որովհետև հստակ հասկանում էին՝ սա վերաբերում է իրենցից յուրաքանչյուրին. բոլորին՝ մեկ առ մեկ: Քաղաքական ակցիաների դեպքում մարդիկ հաճախ մտածում են՝ դե, գնանք պայքարենք, որ մեկ ուրիշը գա իշխանության: Հենց մարդիկ հասկանան, որ այս երկրում տեղի ունեցող կամայական գործընթաց վերաբերում է հենց իրենց, պայքարը որակապես կփոխվի»,- համոզված է ակտիվիստը:

Էլեկտրիկ Երևանի ցույցերին Կարպիսը ևս մասնակցել է: Ակտիվ չի եղել առաջին փուլում, սակայն երկրորդ ալիքի ընթացքում՝ 2015-ի սեպտեմբերին, Կարպիսը ևս մեկ անգամ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում.

«Հոսանքի թանկացման ցույցերին, բնականաբար, մասնակցել եմ, սակայն ոչ ակտիվ: Փողոց փակելը հասկացա, փակ պահելը՝ ևս. Բայց ինձ համար ակնհայտ էր, որ դրանից հետո քայլերի հաջորդականություն, ռազմավարություն նախաձեռնողները չունեին: Իսկ արդեն սեպտեմբերին, երբ սկսվեց պայքարի երկրորդ ալիքը, ես դուրս եկա փողոց ու ծննդյանս օրը անցկացրի քաղմասում»,- ժպտում է Կարպիսը:

Սեպտեմբերի 11-ին՝ իր ծննդյան օրը, ոստիկանությունում Կարպիսը նաև «նվեր» ստացավ՝ իրեն քննում էր ամենագեղեցիկ կին ոստիկանը:

Կարպիսի «աստեղային ժամը», սակայն, Սահմանադրական հանրաքվեի ընթացքում եղավ: Այդ ժամանակ երիտասարդ պատմաբանն աշխատում էր Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում՝ որպես ուսուցիչ: Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, նա եղել է Կոնդում տեղակայված 9/22 տեղամասում և թույլ չի տվել, որ կեղծիքներ տեղի ունենան: Այս տեղամասում «ոչ»-ը հաղթել էր: Դրանից հետո՝ դպրոցի տնօրինության հետ հաճախակի դարձած տարաձայնությունների պատճառով Կարպիսը աշխատանքից ազատման դիմում էր գրել.

«Իմ խիղճը մաքուր է, ես փորձում էի կարծրատիպեր կոտրել, որ Ձեր կամքին հակառակ չդառնաք հանրապետական, որ խոսքի ազատություն ունենաք, քանզի մտավորականներ եք, ախր դուք միշտ ամեն ինչ Ձեր կամքին հակառակ եք անում՝ ստիպված: Համաձայն չե՞ք, դե այդպես էլ ապրեք, ծպտված և խեղդված»,- այդ օրն իր Facebook-յան էջում գրել էր Կարպիսը:

Չնայած այն հանգամանքին, որ դպրոցի տնօրինությունը բազմիցս հերքել է այն, որ նպաստել է Կարպիսի կողմից ազատման դիմում գրելուն, կամ հակասություններ է ունեցել երիտասարդ ուսուցչի հետ՝ նրա քաղաքական հայացքների պատճառով, Կարպիսը համոզված է՝ այլ դրդապատճառ ուղղակի չէր կարող լինել.

«Դպրոցն իմ երազանքների աշխատանքն էր: Մտնել դասասենյակ, որտեղ քեզ են նայում 20 զույգ կլոր աչքեր՝ պատրաստ լսելու խոսքդ: Մարդիկ, որ բացարձակապես այլ աշխարհ ունեն՝ երազանքներով, հույսերով աշխարհ, այս աշխարհի տրամաբանությունից դուրս… Ես սիրում եմ դպրոցում դասավանդելը: Աշակերտներիս հետ ես կտրվում էի աշխարհից: Մեր բեմականացված դասերն ուղղակի հիանալի էին անցնում: Սահմանադրականից առաջ դպրոցում երբևէ խնդիր չեմ ունեցել՝ ո՛չ աշակերտների, ո՛չ էլ տնօրինության հետ: Նրանք գոհ էին իմ աշխատանքից»,- պատմում է նա:

Աղմկահարույց այս պատմությունից հետո Կարպիսի աշակերտները ևս իրենց կարծիքը հայտնեցին: Նրանք լրատվամիջոցներով ելույթներ ունեցան՝ խնդրելով հետ վերադարձնել իրենց ուսուցչին: Կարպիսն, իհարկե, շոյված է նման վերաբերմունքից, ու այս ամենում իրեն պարտված չի համարում.

«Եթե ուշադիր լսեք աշակերտներիս խոսքը, կտեսնեք, որ նրանք չեն ասում՝ մենք ուզում ենք և այլն. նրանք ասում են՝ սա մեր իրավունքն է՝ խոսել ու ազատ կամարտահայտվել: Մենք թույլ չենք տա, որ մեր իրավունքները ոտնահարվեն: Սա է իմ հաղթանակը: Ես կարողացել եմ անել այն, ինչ ուզում էի՝ քաղաքացի դաստիարակել, հավատացնել, որ ազատությունն ու իրավունքն ամենակարևորն են»,- ասում է նախկին ուսուցիչը:

Այս պատմությունից հետո Կարպիսը հույսը չի կորցնում վերադառնալու դպրոց ու դասավանդելու: Չի համարում, որ իր առջև բոլոր դռները փակ են, բայց նաև կորուստներ է հաշվում.

«Անկախ այն հանգամանքից, որ այս պատմությունից հետո շատերը հասկացան՝ ինչպես պետք է պայքարել սեփական իրավունքների համար, ի՞նչ կարող է լինել իրենց հետ և այլն, անկախ այն սիրուց, որ ես զգում էի աշակերտներիս կողմից, ես մինչև հիմա չեմ համակերպվում այն մտքի հետ, որ այլևս դասասենյակ չեմ մտնում, աշակերտներիս հետ ամենօրյա կապ չեմ կարող ունենալ»,- ասում է նա:

Միջնադար ուսումնասիրող, պատմության մասնագետ, աթեիստ երիտասարդը առանձնահատուկ վերաբերմունք ունի Հիսուս Քրիստոսի կերպարի նկատմամբ: Կարպիսը համարում է, որ պատառոտված հագուստով ու իր սիրով աշխարհը փրկող Հիսուս Նազովրեցին ամենամեծ հեղափոխականն է պատմության մեջ.

«Բացի այն, որ Հիսուսը սեր էր քարոզում, ըստ էության, նա նաև ընտրելու իրավունք տվեց մարդկանց: Անգամ նրա խաչելությունը ինչ-որ չափով ժողովրդի ընտրությունն էր: Սա նշանակում է, որ Հիսուսն ընդունում էր ժողովրդի ընտրությունը՝ անկախ նրանից, թե ինչ էր դա նշանակում կոնկրետ իր համար: Ամեն ինչ շատ պարզ է, ժողովուրդը պետք է հասկանա՝ այն իշխանությունը, որին ինքն է ընտրել, հաշվետու է իրեն: Այդ իշխանությանը կարելի է փոխել, հեռացնել և այլ, որովհետև դրա իրավունքն ունես՝ քո ընտրությամբ: Այն իշխանությունը, որին դու չես ընտրել, դու հեռացնել չես կարող»,- ասում է Կարպիսը:

Կարպիսը համոզված է՝ հայ հասարակությունն, իրոք, լավն է, բայց նրա սերը հայրենիքի նկատմամբ նման է 14-ամյա աղջկա սիրո՝ տեսական, վերացական: Կարպիսն ասում է, որ քաղաքացի-հայրենիք հարաբերություններում «զագսավորում» է պետք, որպեսզի յուրաքանչյուր կողմը հստակ հասկանա իր պարտականությունները մյուսի հանդեպ: Սկզբունքորեն անկուսակցական Կարպիսը համոզված է՝ այսօր ապրում ենք մեր պատմության լավագույն շրջանը՝ անկախ ու հաղթած պետությունում: Չի ընդունում «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» արտահայտությունը: Կարպիսի համար Հայաստանն արդեն եկել է, մնում է անել ամեն բան, որ այս երկրին կեցցե ասելու տեղ լինի:

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք