Լրահոս
Օրվա լրահոսը

«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին

Հունվար 15,2017 20:30

Հունվարի 15-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև շքանշանի հանձնում:

Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին՝ բարձրորեն գնահատելով Հայ Եկեղեցու անդաստանում նրա վաստակը և տարիների ծառայությունը։

Օրվա խորհրդի շուրջ պատարագչի մատուցած քարոզից հետո, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից Ավագ Ս. Խորան բարձրացվեց հայրապետական սրբատառ կոնդակը:

Կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից, ի մասնավորի նշված էր. «Սիրելի Սրբազան,  ուրախություն է Մեզ համար Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ սպասավորիդ։

Այսօր ուրախ առիթն ունենք գնահատանքով անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում Ձեր նվիրյալ սպասավորությանը: Անթիլիասի դպրեվանքում և ապա Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ավարտելով Ձեր հոգևոր ուսումնառությունը, Դուք ազգին ու եկեղեցուն անձնվեր ծառայանվիրումի ուխտ կնքեցիք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև և ստանձնեցիք կուսակրոն հոգևորականի առաքելությունը հավատավոր մեր ժողովրդի կյանքում:

Ձեզ պատասխանատու ծառայություն վստահվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում, այնուհետև Աստուծո կամոք հովվական սպասավորության կոչվեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան  թեմում` երկար տարիներ աննվազ նախանձախնդրությամբ հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Ձեր առաքելության մեջ կարևոր հանգրվան դարձավ սպասավորությունը Դիթրոյթի համայնքում: Հովվական անխոնջ նվիրումով Դուք եկեղեցու շուրջ միավորեցիք բարեպաշտ հայորդիներին և բարի գործերով ու նախաձեռնություններով շինություն ու պայծառություն հավելեցիք տիրախնամ համայնքին: Դիթրոյթի Ծուխի պատմության մեջ կարևորագույն ձեռքբերումներից է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Ալեք Մանուկյան» թանգարանը, որ հիմնեցիք Դուք Ձեր պաշտոնավարման տարիներին՝ թանգարանին նվիրելով նաև բազմաթիվ նմուշներ Ձեր անձնական հավաքածուից:

Սփյուռքում քահանայագործության երկար տարիների վաստակը Ձեր ուսերին եկաք Հայրենիք, Ձեր կարողությունները ի սպաս բերելու հայրենաբնակ մեր ժողովրդի հոգևոր կյանքի նորոգությանը և մեր հոգևոր ծննդավայրի՝ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը: Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ինչպես Շիրակի թեմում, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայեցիք անձնվիրումով ու Ձեր պարտականությանց հանդեպ առավելագույն բծախնդրությամբ:

Քրիստոսի հավատարիմ սպասավորիդ կյանքը զարդարված է նաև բարեսիրական գործունեությամբ, որ իրագործում եք ինքնաբուխ հանձնառությամբ և Ձեզ հատուկ համեստությամբ: Ձեր անձնական խնայողությունները Դուք ծառայեցնում եք մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը, նաև Ձեր օրինակով խրախուսում եք բազմաթիվ հայորդիների՝ իրենց վաստակը ի սպաս բերելու ազգօգուտ ու եկեղեցաշեն ծրագրերի իրականացմանը: Հատկապես գովելի է Ձեր աջակցությունը ծնողական հոգատարությունից զրկված մանուկներին, ովքեր Ձեր օգնությամբ հաղթահարում են կյանքի դժվարությունները, զորանում հավատքով ու լավատեսությամբ…»:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Փառեն Սրբազանին շնորհեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031