Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը՝ միասեռական սփյուռքահայի խնդրի մասին

Հունվար 18,2017 16:39

ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած սփյուռքահայ երիտասարդ Գայլ Խանդիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ իրեն «Կարին» ազգագրական համույթի անդամ, պարուսույց Հարութ Բաղդասարյանը հեռացրել է խմբից՝ սեռական կողմնորոշման համար: Նա գրել էր, որ Հայաստան գալու պատճառներից մեկն այն էր, որ կարողանա «հաշտեցնել գեյ և հայ ինքնությունները, որոնք թվում է, թե թշնամիներ են»:

Միասեռական լինելու հիմքով սփյուռքահային պարային խմբից հեռացնելը խստորեն դատապարտեցին մի շարք կազմակերպություններ: «Փինք Արմենիա» կազմակերպությունը դիմել էր մշակույթի եւ սփյուռքի նախարարություններին՝ թույլ չտալ այսպիսի խտրական վերաբերմունք:

Aravot.am-ը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեց՝ ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը, որ մենք գրկաբաց չենք ընդունում միասեռականներին, բավականաչափ ժողովրդավար չենք եւ դա սփյուռքահայերի համար խոչընդոտ է, որ վերադառնան հայրենիք: Նա պատասխանեց. «Ընդհանրապես մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն երկրում եւ, ցավոք, չէի ուզենա որեւէ մեկի անձնական խնդիրների մեջ մտնել»:

Մեր դիտարկմանը, որ դա միայն անձնական խնդիր չէ, այդ սփյուռքահայի գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ եղան, հակասական կարծիքներ, այդ թվում եւ քննադատություններ, այստեղ աշխատանք չունե՞նք տանելու՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Եթե մարդը իր վարքով, բարքով, իր գործունեությամբ չի աղավաղում այն միջավայրը, որտեղ հայտնվում է եւ կատարում է իր պրոֆեսիոնալ կամ սիրողական գործունեությունը, պետք է պայմաններ ստեղծել, որ կատարի: Մնացածն արդեն մարդու անձնական խնդիրներն են, ինձ համար փակ արկղ է, երբեք չէի ուզենա այդտեղ մտնել»:

Կա՞ խտրական վերաբերմունք միասեռականների նկատմամբ՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ամեն մարդ յուրովի է մեկնաբանում եւ ընկալում ձեր ասածը: Պարզ է, մենք ավելի ավանդապաշտ հասարակություն ենք, բայց բոլոր դեպքերում կան երեւույթներ, որոնք նորություն են: Կան մարդիկ՝ դա ընկալում են, կան մարդիկ՝ չեն ընկալում, իրենց համար շոկային են, նույնիսկ շոկ են ապրում: Տարբեր են ընկալումները, դրա համար ես մենակ մի բան կարող եմ ասել, որ երբեք չէի ուզենա, որ մեր երկրում որեւէ մեկի իրավունքը ոտնահարվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031