Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԱԿԵՐՏԸ

Հունվար 20,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունութերորդ

ԱՇԱԿԵՐՏԸ

Եվ հորս ռուս գործընկեր Վոլոդյան, որ հայերեն բավական հասկանում էր, ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «Феликс правильно говорит: мы все вас любим и уважаем», եւ Ֆրունզիկը ժպտալով Վոլոդյային ասաց՝ «ես էլ ձեզ եմ շատ սիրում ու հարգում, Վալոդ ջան», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «մանավանդ Ուստա Հակոբին եք շատ սիրում ու հարգում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ ձեր ավտոյի համարները միշտ իրան եք գրել տալիս», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Ուստա Հակոբն իսկական վարպետ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկ դու դեռ աշակերտ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չնայած… քեզ աշակերտի  պես չես պահում», եւ Ֆելոն ամոթխած ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «աշակերտը ո՞նց պիտի իրան պահի», եւ Ֆրունզիկը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշակերտի պես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու անսպասելի Ֆրունզիկին ասաց՝ «դուք էլ Հրաչյա Ներսիսյանի համեմատ եք աշակերտ», եւ հայրս Ֆելոյի վրա գոռաց՝ «չափդ ճանաչի, ա՛յ տղա», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «հազիվ մի հատ ճիշտ բան ասեցիր» եւ մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, ես Հրաչյա Ներսիսյանի համեմատ հեչ աշակերտ էլ չեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ժողովուրդը ձեզ ու իրան համարյա հավասար ա ճանաչում ու սիրում», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Ֆելոն մեծավարի պատասխանեց ու ասաց՝ «որ ասում եմ, ուրեմն՝ մի բան գիտեմ», եւ Ֆրունզիկը քթի տակ խնդմնդալով Ֆելոյին հարցրեց՝ «կարող ա՞ ժողովրդի սերը չափելու գործիք ունես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու մեծավարի ասաց՝ «էդ թեմայով Ուստա Հակոբի հետ շատ ենք խոսում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ո՞ր թեմայով», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «ձեր դերասանների», եւ Ֆրունզիկն իր մեծ քթի տակ խնդմնդալով Ֆելոյին հարցրեց՝ «մեր դերասանների թեմայով ի՞նչ եք խոսում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դերասաններին իրար հետ ենք համեմատում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ո՞ր դերասաններին», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանին, ձեզ ու մյուսներին», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանին չի կարելի մյուսների հետ համեմատել», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չի կարելի», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Հրաչյա Ներսիսյանն անհամեմատելի ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ անհամատեղելի ա, բա ո՞նց ա Ուստա Հակոբը համեմատում», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ո՞ւմ ա համեմատում», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանին», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «Հրաչյա Ներսիսյանին ո՞ւմ հետ ա համեմատում», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «Փափազի», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Փափազն էլ ա անհամեմատելի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «բա ո՞նց ա Ուստա Հակոբը համեմատում», եւ Ֆրունզիկը Ֆելոյին հարցրեց՝ «Ուստա Հակոբն ո՞ւմ ա համեմատում», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանին Փափազի հետ ա համեմատում», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «անհամեմատելիներին կարելի ա իրա հետ համեմատել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ուստա Հակոբը Հրաչյա Ներսիսյանին Ժան Գաբենի հետ էլ ա համեմատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ուստա Հակոբն ասում ա, որ եթե Հրաչյա Ներսիսյանը Ֆրանսիայում ապրեր, կարող ա Ժան Գաբենից էլ աշխարհահռչակ ըլներ», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու ժպտալով  հարցրեց՝ «այ տղա, դու ժիվոպիսեց ե՞ս, թե թատերագետ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ ժիվոպիսեց եմ, ոչ էլ՝ թատերագետ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «բա ի՞նչ ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց եւ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աշակերտ եմ»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել