Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես եկամտաբեր դարձնել մշակութային օբյեկտները, խթանել տուրիզմն ու պետական փողերը ճիշտ ծախսել

Հունվար 20,2017 14:30

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կառավարությանն առաջարկում է առեւտրայնացնել մշակութային օբյեկտներն ու դրանք եկամտաբեր դարձնել:

«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետն ասում է, որ երբ պետական գերատեսչությունները միջոցառումներ, շնորհանդեսներ կամ սեմինարներ են անում որեւէ հյուրանոցում, պետք է սկսեն դրանք թանգարաններում կազմակերպել:

Մանուկյանի պատմելով՝ վերջերս մասնակցել է հանրային ֆինանսների կառավարում թեմայով միջոցառմանը, որի կազմակերպիչը միջազգային կազմակերպություն էր, հրավիրված էին ԵՄ երկրների դեսպաններ, միջոցառումը Մարտիրոս Սարյանի թանգարանում էր, որտեղ հարմարավետ սրահ կար: Միջոցառումից հետո էքսկուրսավարը ծանոթացրել է Սարյանի գործերին, միջազգային կառույցների ներկայացուցիչները հիացած էին, եւ նրանցից շատերը թեեւ վաղուց են Հայաստանում աշխատում, բայց խոստովանել են, որ երբեք Սարյանի թանգարանում չեն եղել:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ «Պետական փողերը, որոնցով որեւէ միջոցառում են անում, պետք չէ հյուրանոցներին տալ, այլ հենց թանգարաններին ուղղել՝ դահլիճներ վարձակալելու: Օրինակ՝ Փարաջանովի, Թումանյանի թանգարանները: Օրենքով սահմանվի, որ, ասենք, պետական կառավարման մասին սեմինար է կամ մշակութային միջոցառում, եւ ասենք՝ տվյալ միջոցառմանը ներկա են դեսպաններ կամ միջազգային փորձագետներ, հյուրանոցի դահլիճներում չանեն, այլ մշակութային օբյեկտներում: Նաեւ պարտադիր էքսկուրսավարը հյուրերին ներկայացնի տվյալ օբյեկտն ու մշակութային գործերը: Սա նաեւ այդ օբյեկտների ճանաչողության բարձրացմանը միտված ծրագիր կարող է լինել: Օրինակ՝ Գյուրմիի քաղաքապետարանը նման միջոցառում կարող է Մինաս Ավետիսյանի թանգարանում անել»:

Այսպես, ըստ Մանուկյանի, մեր մշակույթի հանրայնացման, ճանաչման գործընթաց կսկսվի, գովազդ կարվի, եւ թանգարաններն էլ որոշակի եկամուտ կունենան:

Ոչ բոլոր թանգարաններն ու մշակութային օբյեկտները ունեն նման միջոցառումների համար հարմարավետ դահլիճներ. մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Մանուկյանն ասում է, որ կան այնպիսիները, որոնք ներկայումս ունեն, նրանք էլ, որոնք չունեն, հետագայում կարող են լուծել այդ հարցը:

Տնտեսագետի խոսքերով՝ «Պետք է մեր հարուստ մշակույթը տեսանելի դարձնել, սա նաեւ տուրիզմը խթանելու միջոց է, քանի որ եթե իմ ասած՝ մշակութային օբեկտներում անեն միջոցառումները, որին կարող են ներկա լինել օտարերկրացի մասնագետներ, ապա նրանց միջոցով մեր մշակույթի մասին տեղեկատվությունը կտարածվի, նրանք, ասենք, կոնկրետ թանգարանի ու այնտեղի հավաքածուի մասին կպատմեն դրսում: Ի վերջո՝ պետական փողերն էլ կծախսվեն մշակույթի ու տուրիզմի համար»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

19.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031