Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Իմ ընտանիքը մեծ է` իմ թատրոնը, ժողովուրդը, ամբողջ աշխարհը». (Ֆոտոշարք)

Հունվար 20,2017 23:23

Հունվարի 20-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նշվեց ճանաչված ռեժիսոր եւ քաղաքացի, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ծննդյան 60-րդ տարեդարձը: Հոբելյանի առիթով արվեստագետին շնորհավորել էր ՀՀ նախագահը, իսկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտում ունեցած ավանդի եւ 60-ամյակի կապակցությամբ պարոն Բաբայանին Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգեւատրեց:

Թատրոնի երիտասարդները տոնական գեղեցիկ անակնկալ էին պատրաստել Ռուբեն Բաբայանի համար` ներկայացման տեսքով, որը ինքն էլ չէր տեսել: Նա առաջին անգամ հանդիսատես էր իր իսկ թատրոնում: Միջոցառմանը մասնակցում էին մշակութային, հասարակական ու քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, դիվանագետներ:

Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը հոբելյարին բնորոշեց որպես արժանավոր մարդ. «Շատ հազվագյուտ մարդ է Ռուբենը, որ կարողանում է նման ձեւով թատրոն ղեկավարել ու պահել թատրոնը, հազվագյուտ մարդ է, որ տասնյակ երիտասարդների հնարավորություն է տալիս իր հարկի ներքո անել առաջին քայլերը…Նա շատ նման է իր հորը, շարունակում է նրա գործը: Մեր մշակույթում Ռուբեն Բաբայանն անհրաժեշտ է, նա կարեւոր մարդ է»:

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանն ասաց, որ կդժվարանա մի քանի նախադասությամբ բնութագրել Ռուբեն Բաբայանին, քանի որ նա` Մանարյանի ձեւակերպմամբ, շատ արժանավոր մարդ է. «Շատ բան ունեմ ասելու, շատ սպասելիքներ ունեմ իրենից, որոնց մեզ մասն արդեն կատարված է: Նա իր արժանիքների բարձրության վրա է կանգնած»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ եկել է շնորհավորելու Հայաստանի լավագույն թատրոնի գեղարվեստական ղեկավարին եւ տնօրենին. «Այնքան լավ թատրոն է, որ մինչեւ հիմա չեմ այցելել`որպես նախարար, որովհետեւ լավագույններին միշտ թողնում եմ վերջում: Ուզում եմ շնորհավորել իմ լավագույն բարեկամին եւ ընկերոջը, արվեստագետին, որ կարողանում է մեր կյանքին գույն ու տրամադրություն բերել»:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն այսպես արտահայտվեց իր ավագ գործընկերոջ մասին. «Ռուբեն Բաբայանը թատերական ոլորտում անփոխարինելի ու շատ հետաքրքիր ֆիգուր է, ամենատպավորիչ բանը, որ կուզենամ ասել իր մասին, դա մեր ճամփորդություն էր` Միացյալ Նահանգներ եւ հետդարձը: Բացի իր շնորհքից եւ ղեկավարելու բարձր տաղանդից, ինքը նաեւ շատ լավ ճանապարհի ընկեր է, ինչը, որպես մարդ իր մասին այնքա՜ն բան է ասում: Ես նույնիսկ կես լուրջ-կես կատակ մի անգամ իրեն ասացի`պարոն Բաբայան չէի սպասում, որ դուք 60 տարեկան եք, միշտ զգացել ենք, որպես մեր տարեկից»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչու են բոլոր ուսանողները սիրում ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանին: Հետո էլ տվեց իր իսկ հարցի պատասխանը. «Ինքը սիրո տարածություն ստեղծող մարդ է այս թատրոնում, քաղաքում եւ երկրում»:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առաջին անգամ է հուզվում խոսափողի մոտ, որովհետեւ ոչ թե Ազգային Ժողովում, այլ իրական թատրոնում է գտնվում: Քիչ անց էլ ավելացրեց, որ ամենահանգիստը մեքենան վարում է այն պահերին, երբ ռադիոյով Ռուբեն Բաբայանի հարցազրույցներն է լսում:

Ռուբեն Բաբայանը շատ հուզված էր, միջոցառմանը մասնակցում էին նրա զավակները եւ մայրը` տիկին Մարիան: Ի միջիայլոց, նույն օրը նաեւ նրա դուստրն է ծնվել: Պարոն Բաբայանը հիշում է, որ այդ առիթով ժամանակին գործուղման մեջ գտնվող հայրը իրեն ինքնատիպ շնորհավորական հեռագիր էր ուղարկել, որտեղ նշված էր. «Շնորհավորում եմ ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկի համար»:

«Իմ ընտանիքը մեծ է` իմ թատրոնը, ժողովուրդը, ամբողջ աշխարհը: Եթե դու լույս ու ջերմություն ես ստանում բոլորից, նշանակում է ապրում ես ամբողջ աշխարհում»,-ասաց հոբելյարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Ռուբեն Բաբայանը նաեւ Open Society Foundations-ի Հայաստանեան մասնաճյուղի վարչական խորհուրդի անդամ է:

    Ճորճ Սորոսի հիմնադրած այդ համաշխարհային կազմակերպությունը հիմնված է ի միջի այլոց այն գաղափարաբանութեան վրայ թէ աշխարհում երկիրների բոլոր սահմանները պէտք է որ ջնջվին: Այս տվյալների լոյսին տակ, աւելի հետաքրքիր կը դառնան հոդվածի վերջաւորութեան մէջբերված Պարոն Բաբայանի իմաստալից խօսքերը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031