Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի և Ադրբեջանի քաղաքական փոխհամաձայնությունը` ընդդեմ խոսքի ազատության

Հունվար 21,2017 11:00

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ` Բելառուսի որոշման մասին

Երեկ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում այս որոշումը համարեց և՛ խոսքի ազատության,  և՛ մարդու ազատ տեղաշարժման իրավունքի ոտնահարում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Լապշինին մեղադրում է Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» (Լեռնային Ղարաբաղ այցելելու) մեջ և պահանջում Բելառուսից նրան արտահանձնել:

Հետաքրքրական է այն, որ ի տարբերություն Բելառուսի Ռուսաստանն այս հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշում է դրսևորել:  Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ էր արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Այս առիթով պարոն Մելիքյանն արձանագրեց, թե միմյանց շատ նման երկու պետություններ՝ Բելառուսն ու Ադրբեջանը,  ինչ-որ քաղաքական փոխհամաձայնության են գալիս, բայց միևնույն ժամանակ ոտնահարում են մարդու իրավունքներն ու առաջին հերթին խոսքի ազատությունը:

Ըստ պարոն Մելիքյանի` այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս` իզուր չէ, որ այդ երկրները «իզգոյ» երկրների շարքում են գտնվում: Դառնալով Ադրբեջանին, մասնավորապես այսպես կոչված  նրա «սև ցուցակին»` պարոն Մելիքյանն ասաց. «Ադրբեջանն իր այդ սև ցուցակով արդեն իսկ միջազգային կյանքում և քաղաքականության մեջ  ծաղրանքի առարկա է դարձել, այս առումով Բելառուսի համագործակցությունը Ադրբեջանի հետ և Ալեքսանդր Լապշինի հանձնումը ցույց է տալիս, որ այդ երկիրը նույնպես նույն կարգավիճակում է հայտնվում»։ Դառնալով Բելառուս-ՌԴ հարաբերություններին` մեր զրուցակիցը նկատեց, թե Բելառուսը մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ շատ հանգիստ կարող է հաշվի չնստել  Ռուսաստանի դիրքորոշման հետ. «Կարծում եմ՝ այստեղ ինքը՝ Ռուսաստանը, պետք է շատ ավելի սկզբունքային դիրքորոշում  ունենա և տարբեր՝ միջազգային, տնտեսական-քաղաքական ու այլ մեխանիզմներ կիրառի, որպեսզի ստիպի հարգել  և՛ իրեն՝ որպես պետություն, և՛ իր քաղաքացուն»:

Բելառուսի որոշման մեջ մարդու ազատ տեղաշարժման իրավունքի խախտում ևս կա: Աշոտ Մելիքյանի փաստմամբ` անձն ինքն է որոշում` որ երկիր, ինչպես գնա հասնի, ինչ տեսնի,  ինչ արձանագրի, իսկ խոսքի ազատության առումով` լրագրողը, բլոգերը` տվյալ պարագայում Լապշինը, ինքն է որոշում ինչպես լուսաբանել տեսածը։  Փաստորեն Բելառուսի որոշումը ոտնահարում է և՛ խոսքի ազատությունը,  և՛ մարդու ազատ տեղաշարժման իրավունքը: Իմանալով, որ Ադրբեջանին հանձնելը լուրջ վտանգի է ենթարկում Լապշինի առողջությունը և միգուցե նաև կյանքը, այնուամենայնիվ, Բելառուսն այդ քաղաքական գործարքին գնացել է»:

Մեր հարցին` արդյոք կարելի՞ է վտանգավոր համարել նաև Հայաստանում  նշված իրավիճակներում նրանց արձագանքը, երբ քաղաքական շահերին ստորադասվում է և՛ խոսքի ազատությունը,  և՛ ազատ տեղաշարժվելու իրավունքը, մանավանդ, որ ՀՀ-ն արդեն ԵԱՏՄ անդամ երկիր է, պարոն Մելիքյանը դժվարացավ նման  կանխատեսումներ անել` հիմնավորելով, թե  պետք է ավելի կոնկրետ իրավիճակների մասին խոսել: Սակայն միևնույն ժամանակ նշեց. «Այն, որ ԵԱՏՄ-ի ներսում այդ փոխադարձ հարգանքն ու փոխզիջումը առայժմ չի նկատվում, միանշանակ է։ Դա տարբեր պետությունների նկատմամբ է դրսևորվել և նկատվել»:

Եզրափակելով Աշոտ Մելիքյանը մի քանի հարց բարձրացրեց` օրինակ` տվյալ պարագայում հասկանալի չէ, թե ինչու պետք է իրար հետ չհամադրվեն Բելառուսի և Ռուսաստանի մոտեցումները կամ, թե ինչու պետք է չհարգվի Հայաստանի կարծիքը։ Աշոտ Մելիքյանը փաստեց, թե ավելի լուրջ հարցերում էլ տարաձայնություններ գրանցվել են այդ երկրների միջև` այդ թվում նաև ղարաբաղյան հարցի շուրջ և նույնիսկ քառօրյա պատերազմի կապակցությամբ։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

21.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031