Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդում Կարեն Կարապետյանը հիշեց իր հանձնարարականներից մեկը

Հունվար 21,2017 18:27

Հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` քննարկելու երկրի առջև ծառացած խնդիրները և ներկայացնելու տարբեր ոլորտների առնչվող ծրագրեր ու առաջարկներ:

Կարևորելով կառավարության ղեկավարի հետ Հանրային խորհրդի հանդիպումն ու հետագա համագործակցության խորացումը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ խորհուրդը պատրաստ է աջակցել կառավարությանը այն բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք կբխեն երկրի և հանրության շահերից:

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության արդյունքներն և առաջիկա անելիքները: Նա կարևորել է ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որի նպատակը պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է: Ըստ Կարեն Կարապետյանի` կառույցը պետք է յուրօրինակ հարթակ դառնա խնդիրներն ու առաջնահերթությունները քննարկելու, բացահայտելու, կառավարությանը նորարարական գաղափարներ ու ծրագրեր ներկայացնելու գործում:

Խոսելով կառավարության առաջիկա անելիքների մասին` վարչապետն անդրադարձել է նաև կառավարության անդամներին ուղղված վերջին հանձնարարականներից մեկին` կապված ներդրումային ծրագրերի հետ, նշել, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հաշվետվություն ներկայացնի հնարավոր ներդրումների վերաբերյալ:

Վազգեն Մանուկյանը, թվարկելով Հայաստանի տնտեսության զարգացումը խոչընդոտող արտաքին պատճառները (որոշակի փակ սահմաններ, չավարտված պատերազմ և այլն), խոսել է նաև ներքին հոգեբանության ու մտածելակերպի մեջ տասնամյակներ շարունակ արմատացած կարծրատիպերից ու գործելաոճից, որոնք իրենց հերթին խոչընդոտ են դառնում երկրի զարգացման գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունն ամենաառաջնային խնդիրներից մեկն է, և կառավարության սկզբունքային մոտեցումն այն է, որ ցանկացած ոլորտի գործունեության հիմքում պետք է ընկած լինի կրթությունն ու գրագիտությունը:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել կառավարության ղեկավարին ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: Կարինե Դանիելյանն անդրադարձել է բնապահպանական ոլորտի խնդրներին` մասնավորապես հանքարդյունաբերությանը: Բերելով վիճակագրական տվյալներ անկախությունից հետո Հայաստանում շեղումներով ծնունդների և քաղցկեղի տարածվածության աճի մասին` բնապահպանը մտահոգություն է հայտնել, որ դա կարող է կապված լինել նաև Թուրքիայից ներմուծվող ապրանքի հետ: Նա առաջարկել է այդ դաշտում ուսումնասիրություն կատարել:

Հովհաննես Հովհաննիսյանը բարձրացրել է քաղաքացիական հասարակության ոլորտին առնչվող խնդիրներ, մտահոգություն հայտնել նաև պետության կողմից արտասահմանյան վարկերի ստացման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը պարզաբանել է, որ վարկերի ստացումը խնդրահարույց չէ, եթե դրանք արդյունավետ ու նպատակային են:

Հանրային խորհրդին հուզող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ ծավալվել է առավել լայն քննարկում, կապված է եղել կրթության, գիտության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների հետ:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը` ներկաներն ընդգծել են, որ ոլորտում լուրջ առաջընթաց չի գրանցվի, եթե տեղի չունենա կրթական ծրագրերի իրականացում և նորարարական տեխնոլոգիաների ներմուծում: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի կողմից խոստացել է վարչապետին ներկայացնել գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ հստակ ծրագիր:

Անդրադառնալով կրթության և գիտության ոլորտներին` քննարկվել է «Բարձրագույն կրության մասին» օրենքի նախագիծը: Արտուշ Ղուկասյանը, խոսելով օրենքի նախագծում առկա խնդիրների մասին, նշել է նաև առավելությունները` մասնավորապես բուհական համակարգի կառավարման ապաքաղաքականացման հնարավորության ստեղծումը, կրթական համակարգում ձեռնարկատիրական գործունեության իրականացման լայն հնարավորությունները և այլն: Վերջինս բարձրացրել է նաև ակադեմիական և բուհական համակարգերի ներդաշնակ համագործակցության անհրաժեշտությունը հատկապես գիտական նորարարական մշակումերի ոլորտում:

Հայկ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրավատնտեսական կարգավորումներին` նշելով, որ անհրաժեշտ է գնահատել նաև դրանց հետևանքները երկրի տնտեսության վրա:

Ֆինանսական և բանկային ոլորտի խնդիրների մասին է բարձրաձայնել Սամվել Ճզմաչյանը, իսկ Արա Մինասյանն անդրադարձել է առողջապահական ոլորտում առկա խնդիրներին` մասնավորապես բժշկական արդյունաբերության վերականգնման անհրաժեշտությանը:

Արշակ Սադոյանին մտահոգել է համայն հայության ներուժի օգտագործման հարցը` ի շահ Հաայաստանի Հանրապետության: Նա կարևորել է համազգային կառույցների ձևավորման անհրաժեշտությունը` հայտնելով, որ արդեն իսկ մշակվել է ծրագիր, թե ինչպես կարելի է ստեղծել ազգ-կազմակերպություն և փոխօգնության խմբերի միջոցով իրականացնել բազմաթիվ հայանպաստ ծրագրեր:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է բարձրացված բոլոր խնդիրներին` առաջարկելով ներկայացնել լուծման տարբերակներ, իսկ առաջարկների դեպքում` հանդիպել և լրացուցիչ քննարկել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության նոր թիմն աշխատում է հնարավորինս լայն փոխադարձ կապի ապահովման սկզբունքով, և ցանկացած խնդիր կամ առաջարկ կառավարությունում պատրաստ են լսել:

Ամփոփելով հանդիպումը` Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին անկաշկանդ քննարկման համար և նշել, որ Հանրային խորհուրդը պատրաստ է ակտիվ ձևով համագործակցել կառավարության հետ` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կլինի շարունակական ու արդյունավետ:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031