Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը և մենք

Հունվար 22,2017 12:00

Հայտնի է, որ այլազգիներն ու հատկապես ռուսները մեծ դժվարությամբ  ու սխալ են արտասանում հայկական ազգանունների մեծ մասը. հատկապես դժվարությամբ ու սխալ են արտասանում հայկական այն ազգանունները, որոնցում բաղաձայները շատ են: Այդպիսին է Մխիթարյան ազգանունը: Բայց օտարներն ու հատկապես ֆուտբոլային ռուս մեկնաբանները Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի ազգանունը ոչ միայն ճիշտ, այլև մեծ հաճույքով են արտասանում: Հատկապես ռուսներին ենք նշում, որովհետև «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին հիմնականում ռուսական հեռուստաալիքներով ենք հետևում: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ մենք օտար լեզուներից ռուսերենն ավելի լավ ենք հասկանում, այլև այն, որ ֆուտբոլային ռուս մեկնաբաններն ամենայն մանրամասնությամբ ու անթաքույց սիրով են մեկնաբանում մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի ելույթները:

Դրա պատճառն էլ գուցեև այն է, որ Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային երկրների ֆուտբոլիստներից լավագույնն է: Նրա հետ միգուցե կարող է համեմատվել միայն Շևչենկոն: Բայց, ի տարբերություն ուկրաինացու, Հենրիխ Մխիթարյանի մարզական կարիերան դեռ չի ավարտվել, և հուսով ենք, որ Հենրիխի լավագույն խաղերն առջևում են: Գրեցի Հենրիխ և հիշեցի, որ մի քանի տարի առաջ ոչ թե Հենրիխ էինք գրում, այլ՝ Հենրիկ: Հիմա Հենրիխ ենք գրում, որովհետև Հենրիխն առավել միջազգային հնչեղություն ունի: Որովհետև այս պահի դրությամբ Մխիթարյանը ոչ միայն մերն է, այլև՝ ողջ աշխարհինը: Ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Նրա մասին իրենց հիացմունքն արդեն արտահայտել են Պելեն, Մեսսին, Իբրահիմովիչը, Ֆորլանն ու ֆուտբոլային այլ աստղեր, մինչդեռ ֆուտբոլի հայ աստղերը տարօրինակորեն աչքի են ընկնում Հենրիխ Մխիթարյանի մասին քչախոսությամբ: Համոզված ու վստահ ենք, որ, բոլորիս պես, Հենրիխ Մխիթարյանի խաղը հիացմունք է պատճառում նաև Արկադի Անդրեասյանին, Խորեն Հովհաննիսյանին, Հովիվյանին, Մարգարովին և ֆուտբոլային մեր մյուս աստղերին, բայց կցանկանայինք, որ նրանք իրենց հիացմունքն ավելի հրապարակայնորեն ու հանգամանորեն արտահայտեին:

Ինչևէ. մեզանում Հենրիխ Մխիթարյանի հետ կապված՝ այլ անհասկանալի երևույթներ էլ կան, որոնք հասկանալու համար մեզանից որոշակի ջանքեր կպահանջվի: Օրինակ, Մխիթարյանի՝ «կարիճ» տիպի հարվածով գոլը, որը ցնցեց ողջ ֆուտբոլային աշխարհը, հիմնականում հայկական լրատվամիջոցներում ու կայքերում որակվեց որպես խաղից դուրս վիճակում խփված գոլ: Այդ բացառիկ գոլը գուցեև իսկապես խաղից դուրս վիճակից էր խփված, և հնարավոր է, որ դա մեզանից լավ էին նկատել տվյալ խաղի գլխավոր ու եզրային մրցավարները, որոնք, ըստ ամենայնի, «խաղից դուրս» վիճակը չտեսնելու ու չնկատելու տալով, կամեցան, որ այդ բացառիկ ու անկրկնելի գոլը մշտապես մնա տեսահոլովակներում ու ֆուտբոլի պատմության մեջ՝ ի տես ֆուտբոլի ու ֆուտբոլային արվեստի իսկական սիրահարների:

Հենրիխ Մխիթարյանի մասին շատ բան էինք ուզում ասել, բայց, փաստորեն, գրեթե ոչինչ չասացինք: Ուզում էինք ասել, որ Հենրիխ Մխիթարյանն ավելին է՝ քան սպորտն ու ֆուտբոլը: Ուզում էինք ասել, որ Հենրիխ Մխիթարյանը ոչ թե պարզապես ֆուտբոլիստ է, այլ՝ իսկական մտավորական: Այդ են վկայում նրա բազմաթիվ հարցազրույցները՝ ֆուտբոլի և ամեն ինչի վերաբերյալ: Այդ են վկայում նրա հարաբերությունները մարզիչների ու թիմակիցների հետ: Նա ստիպում է, որ մարզիչներն իրեն ոչ միայն սիրեն, այլև հարգեն: Նրան բացառիկ հարգանքով էին վերաբերվում «Շախտյորի» ու «Բորուսիայի» մարզիչները: Հենրիխը ստիպեց, որ իրեն հարգանքով ու սիրով վերաբերվի մեծն կամակոր Ժոզե Մոուրինյոն, ով, ինչպես հայտնի է, քչերին է հարգանքով ու սիրով վերաբերվում:

ՀԱԿ վերջին համագումարում Հենրիխի մասին իր հիացմունքը չթաքցրեց նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Չնայած շատերը փորձեցին Մխիթարյանի մասին Տեր-Պետրոսյանի ասածը հումորի վերածել, բայց, մեր կարծիքով, առաջին նախագահի վերաբերմունքը միանգամայն լուրջ էր ու ծանրակշիռ:

Հենրիխ Մխիթարյանի մասին շատերն են գրել և դեռ շատերը կգրեն, որովհետև իր մասին ասելիքն անսպառ է: Այդուհանդերձ, իր մասին գրված հոդվածներից ուզում եմ առանձնացնել հոգեբույժ ու հոգեբան Սամվել Մարգարյանի հոդվածը, որը հրապարակվել է «Առավոտում»: Հոդվածագիրը բոլորիս նման հպարտանում է Հենրիխ Մխիթարյանով, ասելով, որ մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք նրանից: Նաև ավելացնում է, որ մենք պետք է այնպես անենք, որ Հենոն էլ մեզնով հպարտանա:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

21.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շնորհակալ եմ հոդվածիս գլխավոր ուղերձն ընդգծելու համար։

  2. Քրիստափոր says:

    Իսկապես որ, միշտ հանճարեղ մտքերը շատ պարզ են, բայց ինչքան ինչքան խորիմաստ: ՈԻրեմն այնպես անենք, որ Մեր ՀԵՆՈՆ հպարտանա և մեզնով և իր Հայրենիքով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031