Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորի գործ է վերաբացվել

Հունվար 23,2017 21:09

2010 թվականին Լեռնային Ղարաբաղում ոչ մարտական պայմաններում մահացած զինվոր Վալերի Մուրադյանի գործը կրկին կվերաբացվի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց մահացած զինվորի մայրը՝ Նանա Մուրադյանը, որը Վերաքննիչ դատարանից հետ է վերցրել իր բողոքը:

Հիշեցնենք, որ Նանա Մուրադյանը պահանջում էր վերացնել Քննչական կոմիտեի՝ 2015 թվականի դեկտեմբերի յոթի և Զինվորական դատախազության 2016 թվականի փետրվարի 19-ի՝ իր որդու գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները։ Բացի դա, Մուրադյանը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի, վարույթը կասեցնելն օրինաչափ է։

«Կոստանյանն էլ կասեցումից հանեց, ի՞նչ արեց: Ասա հաջորդ քայլն ու գործողությունները տեսնենք՝ մեղավորներին պատժեն: Երբ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ինձ լսեց, ասաց, որ առաջին քննիչ Արման Ապրեսյանի կողմից շատ բացթողումներ կան, ժամանակին գործողություններ չի արել, ես էլ հարցրի՝ բա որ ժամանակին անհրաժեշտ գործողությունները չի արել, օրինակ, տղայիս շորերը ժամանակին փորձաքննության չի ենթարկել, հինգ ամիս անց, նոր տարել է փորձաքննության, այն էլ մեր բազմաթիվ բողոքներից հետո, տղայիս կոշիկները գոյություն չունեն, դեպքի վայրում եղել է սպորտային գլխարկ, որը գոյություն չունի՝ ինչպես կոշիկները, մի խոսքով, շատ գործողություններ կան, որոնք քննիչը ժամանակին չի արել:

Հիմա հարցնում եմ՝ այդ կոշիկները, որ չկան, կարո՞ղ ենք վերականգնել, հետքերը վերցնել, որովհետեւ ըստ ձեր սարքած քրեական գործի, իմ տղան եկել է այդ կոշիկներով կանգնել ու ինքնասպանություն է գործել, աթոռն էլ իր ձեռքերով բերել է: Դատախազն ասաց՝ ոչ, չենք կարող վերականգնել, ասում է՝ կարգապահական տույժի են ենթարկել: Կարգապահական տույժը ի՞նչ է, երեք ամիս հեռացնում են աշխատանքից, հետո գալիս, իր գո՞րծն է անում, մյուս զինվորների գո՞րծն է կոծկում: Նա զինվորի սպանություն է կոծկել, տարել փակուղի, ի՞նչ կարգապահական տույժ, պիտի դատվի»,-ասաց Նանա Մուրադյանը:

Ըստ նրա, թեեւ գործը վերաբացվել է, բայց մինչեւ այսօր որեւէ գործողություն չի արվել. «Երբ քննիչին կբերեն, կդատեն, քրեական պատասխանատվության կենթարկեն եւ մյուս քննիչներին էլ, որ առաջինի կեղտոտ գործն է շարունակել, այն ժամանակ կհասկանանք՝ մի քայլ առաջ գնացինք: Թե չէ Արթուր Դավթյանը թող չմտածի, որ գործը կասեցումից հանեց, ինչ ուրախ եմ, նույն ձեռագիրն է, նույն շրջապտույտը, մեզ հավերժ սպասեցնել են տալիս: Թե՞ առջեւում ընտրություններ են, մտածում են՝ խաղաղվեցինք ու նստեցինք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Դա փաստ է, որ հայկական բանակում գողական -բիզնեսային բարքերը շարունակվում են: Հայկական բանակը դարձել է սոցիալապես անապահով ընտանիքների զավակների մսաղաց: Նախ՝ բանակը ազատագրել հայ առաքելական եկեղեցուց: ՀՀ-ԼՂՀ բանակի (ռուսահոտ) հրամանատարությունը ոտից գլուխ պիտի փոխել: Մի անգամ չտեսանք,որ բանակում որևէ մի «պատահարի» ժամանակ բարձրաստիճան մի հրամանատարի պատժեն: Ձուկը գլխից է հոտում: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված հետաքննող-վերահսկողական ու պատժիչ ֆունկցիաներով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031