Դատապարտյալը դագաղ ու մահվան պարագաներ է խնդրում Մարդու իրավունքների պաշտպանից

Դատապարտյալը դագաղ ու մահվան պարագաներ է խնդրում  Մարդու իրավունքների պաշտպանից

Հիվանդ դատապարտյալն ասում է, որ անազատության տասնմեկ
տարիների ընթացքում երբեք չի կարողացել օգտվել պետպատվերից

Հայաստանի Հանրապետությունում կա մի հանրույթ, որը զրկված է կապի ժամանակակից միջոցներից: Խոսքն ազատազրկման վայրերի մասին է, որտեղ կալանավորները չունեն համակարգիչներ, չկա գոնե մեկ կալանավայր, որտեղ համակարգչային սրահ լինի, ազատազրկվածը չունի սոցիալական ցանցերում հաղորդակցվելու հնարավորություն, արգելված են բջջային հեռախոսները, եւ կալանավորները հաղորդակցվում են լրատվամիջոցների հետ գերազանցապես դատական դռնբաց գործընթացների ժամանակ իրենց հնչեցրած հայտարարություններով կամ էլ՝ նամակներով, որոնք դատապարտյալները ուղարկում են լրատվամիջոցներին:

«Առավոտի» հունվարյան փոստում այս քսանհինգ օրերի ընթացքում ստացվել է տասնմեկ նամակ:

Տասնմեկ կալանավորներից յոթը խնդրել են լրատվամիջոցին՝ մասնակցել իրենց քրեական գործերով դատական նիստերին, նշել են օրը, իրենց բողոքները, հայտարարությունները:
Մեկը խնդրել էր տեսակցություն՝ կապված ՄԻԵԴ ուղարկվելիք բողոքի հետ:

11 նամակագիրներից միայն մեկն էր պատիժը կրում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Առհասարակ, կին կալանավորները բողոքներ գրելու, բարձրաձայնելու հարցում կաշկանդված են:

Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հակոբյանը «Առավոտին» ուղարկած նամակում գրում է, որ նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին, նաեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանին:

«2010թ. ապրիլի 10-ին խաբեությամբ կանչվել եմ Արաբկիր ոստիկանության քննչական բաժանմունք ու ձերբակալվել: Նույն օրը ներհամակարգային մանիպուլյացիաների շնորհիվ տուժողից վերացվել եմ մեղադրյալի ու ինձ են առաջադրել մի շինծու, արհեստածին մեղադրանք, որն իրականության հետ բացարձակ աղերս չուներ: Դա մի տականք դատախազի ինքնադատաստանն էր իմ նկատմամբ, քանի որ հրաժարվել էի նրա հետ հանցավոր համաձայնության մեջ մտնել»,- գրում է Աշոտ Հակոբյանը:

Իր գործի «բացման» համար նա նամակ է գրում ՔԿ վարչության պետին, որպեսզի ինչպես տողերիս հեղինակին, այնպես էլ «Հետքի» լրագրողներ Զարուհի Մեջլումյանին ու Գրիշա Բալասանյանին թույլատրվի տեսակցել նրա հետ, «առերես հանդիպել լրագրողներին»:
ՀՀ ՔԿՀ-ից ստացվել է գրություն, որն ուղարկվել էր նաեւ «Առավոտ»:

Ըստ այդ գրության, որը ստորագրված էր արդարադատության մայոր Գոռ Ղլեչյանի կողմից, այսպիսին էր պատասխանը. «Տեղեկացնում եմ, որ ելնելով աշխատանքային գերծանրաբեռնվածությունից, առայժմ հնարավոր չէ բավարարել դատապարտյալ Աշոտ Հակոբյանի՝ դիմումի մեջ նշված խնդրանքը: Նպատակահարմարության դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»: Կալանավորը գրում է, որ իր դիմումից տասն ամիս է անցել, այդպես էլ չի ստացել լրացուցիչ տեղեկություն:

Նա խնդրում է արդարադատության նախարարին, թույլատրել նշյալ լրագրողների հետ հանդիպումը:

Մենք Ա.Հակոբյանի մասին բարձրաձայնել ենք երկու անգամ. ապրիլյան պատերազմի օրերին, երբ պրոֆեսիոնալ տանկիստը դիմել էր իր ծառայությունները հայրենիքին մատուցելու համար, եւ հուզել էր համացանցը, եւ քրեական գործից մի հատված, որն անշուշտ արժանի է հանգամանալից հետաքննության:

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանը վերջին տասն օրում արդեն մի քանի ինքնավնասումներ էր արել:

Նա «Նուբարաշենից» յոթ ամիս առաջ տեղափոխվել է ԴՀ: Գտնվել է վիրաբուժական բաժանմունքում:

Կալանավորը բարձրաձայնում է, որ իրեն երկու օր առաջ տեղափոխել են տուբերկուլյոզի բաժանմունք, «վրեժխնդիր են լինում իրենից», դրդում են, որպեսզի դիմի ինքնասպանության:

Նա խնդրում է հրապարակայնացնել խնդիրը, վարչակազմին հորդորել, որպեսզի իրեն տեղափոխեն կրկին վիրաբուժական բաժանմունք:

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Բոյաջյանի նամակը «Առավոտին» չորս էջից էր բաղկացած:
«Ես՝ դատապարտյալ Անդրանիկ Բոյաջյանս, ստիպված դիմում եմ Ձեզ, լրատվամիջոցների հնարավորություններն օգտագործելով դիմում եմ նաեւ Ձեզ, պարոն Թաթոյան, քանի որ Ձեզ հասցեագրված դիմումներս տեղ չեն հասնում:

Ես դատապարտվել եմ 2006 թվականին՝ տասներկու տարի ժամկետով:
Կալանքիս ընթացքում եղել եմ տարբեր քրեակատարողական հիմնարկներում: 2009 թվականին վիրահատվել եմ «Դատապարտյալների հիվանդանոցում», որը եղավ ճակատագրական: Այսինքն, վիրահատվելուց առաջ տվել եմ համապատասխան բոլոր անալիզները, եւ առանց որեւէ վիրուսական խնդրի ենթարկվել եմ թութքի վիրահատության: Մեկ տարի է անցել, նույն հիվանդանոցում մինչ կազդուրվելս, եղան ատամնաշարիս հետ կապված խնդիրներ, որոնք նույնպես քաշել եւ կատարվել է այդտեղ: Դրանից հետո տեղափոխվել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Ես ունեմ գենետիկ երեւանյան հիվանդություն, որոնք բժիշկները վերագրեցին «նպաստող» հիվանդությունների ձեռքբերմանը, այսինքն, հետո ձեռք բերված շագանակագեղձի արենոմային: Ձեռք բերեցի նաեւ ծնկահոդային մաշվածություն, հիպերտոնիա, եւ այդ բոլորը կապեցին գենետիկ հիվանդությանս հետ»:
Կալանավորը գրում է, որ առողջական խնդիրների հետ կապված՝ իր գումարով խնդրել է, որպեսզի տանեն հետազոտման:

Վաղարշապատի հետազոտական կլինիկայում պարզվել է, որ վարակվել է հեպատիտ Ց-ով, լյարդը մեծացած է, դեֆորմացված վերջին աստիճանի:
Ընտանիքը հոգացել է նրա դեղերի հարցը, մեկ ամիս դրանք ընդունելուց հետո կրկին հետազոտվել է եւ հաստատվել հեպատիտը, որը պետպատվերով չի կարող բուժել, մի հիվանդություն, որը կալանավորը ձեռք է բերել անազատության մեջ: Ի դեպ, մեկ դեղահաբն արժե 10 500 դրամ:

55-ամյա ազատազրկվածը թաղման պարագաներ է խնդրում ՄԻՊ Արման Թաթոյանից, որպեսզի թեթեւացնի ընտանիքի հոգսը, գրելով, թե իր վիճակով մահվան է գնում:
Արարատցի դատապարտյալը հայտնում է, որ տասնմեկ տարիների ընթացքում երբեք չօգտվեց պետպատվերից. «2015 թվականից տեղափոխվել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այդտեղ աշխատում եմ կաթսայատան ջեռոցների վրա: Ամբողջ օրը հիմնարկի ջեռուցումը ինքս եմ կարգավորել, որն անխափան աշխատում է մինչ օրս:

Ես առաջնակարգ մասնագետ եմ եւ կատարածս աշխատանքների համար վարձատրվել եմ, երբ գտնվում էի «Սեւան» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում»:

Դատապարտյալի տեղեկացմամբ, իրեն ասել են, թե ծանր հոդվածով է դատապարտված եւ իրավունք չունեն վարձատրելու, մի բան, որը նախորդ ՔԿՀ-ներում արգելք չի հանդիսացել վճարելու: Նա ասում է, որ ոտքերն ուռած վիճակով մեկ օր անգամ չի թողել իր աշխատանքը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք